Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջանցք մենք չենք տալու, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կառաջացնի․ Հակոբ Ասլանյան․ տեսանյութ

«Այստեղ միայն Ալիևի հարցը չի։ Ալիևի թիկունքում կանգնած է Ռուսաստանը, և դա ավելի շատ ՌԴ-ի միտումն է, որ եթե ՀՀ-ն հրաժարվում է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան  հարթակում լինել, ապա Ադրբեջանը, որպեսզի կոպիտ ձևով չհրաժարվի եվրոպական հարթակից,  առաջարկում է ռուսական այդ տարբերակը․․․ ես միշտ էլ ասել եմ, որ ադրբեջանական սպառնալիքին չպետք է նայել միայն Ադրբեջանի տեսանկյունից, նրա թիկունքում Ռուսաստանն է»․ այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Ալիևը փորձում խուսափել  հնարավոր խաղաղության պայմանագրի երաշխավորներից։

Ըստ Ասլանյանի՝ Ռուսաստանին և Ադրբեջանին ձեռք չի տալիս հայ-ադրբեջանական բանակցություններ եվրոպական հարթակում․ «Նրանց ձեռք է տալիս, որ Հայաստանը միայնակ մնա և այդ դեպքում ՀՀ-ի հետ փորձեն վարվել այնպես, ինչպես իրենք են ուզում»։

Ինչո՞ւ չի ստացվում Արևմուտքի կողմից ստիպել   Ադրբեջանին գնալ բանակցությունների, հարցին Ասլանյանը պատասխանեց․ «Այստեղ շահերի մեծ բախում կա, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ասում են, բայց առաջին հերթին մտածում են նաև իրենց շահերի մասին։ Նրանք էլ, ՌԴ-ն էլ, Թուրքիան էլ առաջին հերթին հետապնդում են իրենց շահերը։ Մենք էլ հետապնդում ենք մեր շահերը ու մեր շահերից բխում է  Արևմուտքի ու ԱՄՆ-ի հետ բանակցությունների սերտաճումը»։

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի կամ Արևմուտքի շահը մեր տարածաշրջանում ա՞յն է, որ ՌԴ-ին տարածաշրջանից հանենք, կամ ՀԱՊԿ-ից դուրս գանք, Ասլանյանն ասաց, «Այո, կա այդպիսի բան։ Արևմուտքը փորձում է, առաջին հերթին, իր ազդեցությունն այստեղ ավելացնել, բայց դա հայ ժողովորդի համար վտանգավոր չէ, որովհետև Արևմուտքը մեզ բերում է ժողովրդավարություն ու այն, ինչ մենք ցանկանում ենք, իսկ ՌԴ-ն ու Ադրբեջանը բերում են բռնապետություն ու ստրկամտություն»։

Այդ դեպքում ինչո՞ւ Հայաստանը դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից՝ հարցին Ասլանյանը պատասխանեց․ «Սա նուրբ հարց է, և կարծում եմ, մենք հիմա ձևականորեն ենք ՀԱՊԿ-ում գտնվում»։

Ինչ վերաբերվում է Ալիևի պահանջին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցով, Ասլանյանն ասաց․ «Միջանցք մենք չենք տալու, անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կառաջացնի։ Միջանցքը տալ նշանակում է  կորցնել մեր սուվերենությունը, պետությունը և պետականությունը։ Ես ճիշտ եմ գտնում, որ մեր կառավարությունը հստակ ասում է, որ միջանցք չի լինելու»։
 

Մանրամասները՝ տեսանյութում։
 
Դավիթ Լևոնյան