Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է ԱՄՆ-ին ու ԵՄ-ին բերենք մեր տարածաշրջան, որ Ադրբեջանը տարբերակ չունենա խուսափել խաղաղության պայմանագրի ստորագրումից․ Ռուսաստանը դրդում է Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա․ քաղաքագետ

«ԱՊՀ գագաթնաժողովին նվազագույնը չպետք է մասնակցել։ Մարդիկ ասում են՝ ՀԱՊԿ-ին չմասնակցեցինք, իսկ ԱՊՀ-ին ինչո՞ւ չմասնակցենք։ Իսկ ինչո՞վ է տարբերվում ՀԱՊԿ-ը ԱՊՀ-ից։ ՀԱՊԿ-ում 6 երկիր է, իսկ ԱՊՀ-ի երկրներում, բացի այդ 6-ից, գումարած Ուզբեկստան, Թուրքմենստան և Ադրբեջան։ Հիմա դուք համարում եք, որ ԱՊՀ երկրները ավելի լա՞վն են, եթե գումարվում են Ուզբեկստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը։ Համարում եմ, որ ԱՊՀ նիստին չպետք է մասնակցել, իսկ ԵԱՏՄ-ի հետ կապված նյուանսներ կան, բայց ԱՊՀ նիստին մասնակցելը վտանգավոր է, դա վտանգ է»,- այս մասին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե պե՞տք է արդյոք Նիկոլ Փաշինյանը մասնակցի դեկտեմբերի վերջին կայանալիք ԵԱՏՄ և ԱՊՀ նիստերին, թե՞ ոչ։    

Գրիգորյանի խոսքով՝ Կառավարությունը կարողացել էր բանակցային գործընթացը տեղափոխել Վաշինգտոն ու Բրյուսել, ու մենք տեսնում ենք, որ  վիճակը լավացել է, ավելի կայուն է, և հիմա պետք չէ գնալ ԱՊՀ նիստին. «Ռուսաստանը ամեն ինչ կանի, որ գոնե ոտքի վրա Ալիևը հանդիպի Նիկոլ Փաշինյաի հետ, որից հետո Ալիևը կասի, թե Նիկոլ Փաշինյանը խոստում է ինձ տվել հանձնել անկլավները, ինձ խոստում է տվել «Զանգեզուրի միջանցքը» տալ, և արի ու ապացուցիր, որ այդպիսի բան չի եղել։ Օրինակ՝ Ալիևը համարձակվե՞լ է ասել, որ Պրահայում Նիկոլ Փաշինյանը իրեն խոստում է  տվել, կյանքում չի ասի, քանի որ այնտեղ միջնորդը Շառլ Միշելն է, որը կհերքի։ Բայց այստեղ, հակառակը, Պուտինը կասի՝ ես կանգնած էի, դու էլ, Նիկոլ ջան, կողքս կանգնած խոստացար տալ անկլավները»։ 

Հարցին, թե որքանով է ԵՄ-ն պատրաստ Հայաստանի հետ խորացնել հարաբերությունները և հակառակը, Գրիգորյանը պատասխանեց. «ԵՄ-ի սկզբունքները այն են, որ դու պետք է հայտ ներկայացնես։ Օրինակ՝ ասում ես, ուզում եմ ինտեգրվել։ Վրաստանը ասաց՝ ուզում եմ ինտեգրվել, իրենց թեկնածու պետության կարգավիճակ տվեցին, Մոլդովան ու Ուկրաինան ասացին՝ մենք ուզում ենք ԵՄ անդամ դառնալ, ԵՄ-ն ասաց՝ ձեզ մոտ վատ չի դեմոկրատիան, ու մենք բացում ենք բանակցային գործընթացը։ Դա կարող է տևել 5 կամ 10 տարի, բայց բացում ենք։ Իսկ մենք ասացինք, որ պատրաստ ենք այնքան, որքան դուք։ Իրենք պատրաստ են, համագործակցությունը գնում է, կա SEPA-ի պայմանագիրը, ու գործընթացը  շարունակվում է։ Բայց մեր ժողովրդավարության աստիճանը բավականին բարձր է, ու ունենք մեծ առավելություն, և եթե մենք հիմա հայտ ներկայացնենք, որ ի վերջո ուզում ենք եվրաինտեգրվել, նվազագույնը թեկնածուի կարգավիճակ կտան 3-4 ամսվա մեջ, քանի որ մեզ մոտ ժողովրդավարության բարձր աստիճան կա։ Այսինքն՝ դու պետք է ցանկանաս, ԵՄ-ն պատրաստ է»։

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ Ադրբեջանը ձգձգում է դրա ստորագրումը. «Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել, ինքը գիտի, որ հիմա ուժեղ է, և Թուրքիան, Պակիստանը, նաև Ռուսաստանը իրեն կպաշտպանեն ցանկացած պարագայում։  Դա է պատճառը, որ չի ստորագրում։ Միայն մի գործոն կա, որ ինքը կստորագրի, քանի որ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն սպառնում են, որ սանկցիա կկիրառեն, այս դեպքում էլ Ադրբեջանը մանևրում է։ Ադրբեջանը ուզում է  մեզնից վերցնել անկլավները ու ցանկանում է «Զանգեզուրի միջանցքը» ՌԴ-ի հետ վերահսկել։ Իրենք չեն ցանկանում խաղաղության պայմանագիրը ստորագրել։ Մենք պետք է այնպիսի քաղաքականություն վարենք, որ ԱՄՆ-ին ու ԵՄ-ին բերենք մեր տարածաշրջան, որպեսզի Ադրբեջանը տարբերակ չունենա խուսափելու խաղաղության պայմանագրի ստորագրումից»։ 

Գրիգորյանի խոսքով՝ Ռուսաստանը դրդում է  Ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա, սակայն Ալիևը չի ցանկանում ՌԴ-ի հետ մեկուսանալ Արևմուտքից. «Ալիևը ցանկանում է  աշխատել նաև Արևմուտքի հետ, ինքը գիտի, թե ինչ են նշանակում մեծ փողերը, հարուստ երկիր է ցանկանում դարձնել Ադրբեջանը և չի ուզում կտրվել Արևմուտքից»։

Դավիթ Լևոնյան

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում