Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ ուզում, որ այդ շոումենները պաշտպանեն Արցախի շահը, առաջիկայում բացահայտումներ կանեմ. Առստամյան

«Սամվել Շահրամանյանը երկու տասնամյակ շարունակ ծառայել է մի պետական համակարգի, որի հովանավորները հիմա Երևանում են, իսկ կատարող անձինք գտնվում են Բաքվում՝ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի գլխավորությամբ։ Նրանք ոտնահարեցին արցախցիների իրավունքները և թույլ չտվեցին, որ արցախցիները կանգնեն իրական հերոսների կողքին, ովքեր շոումեն չեն։ Սամվել Բաբայանը կարող էր այլ ճակատագրի արժանացնել Արցախի ժողովրդին». այս մասին նշեց արցախցի հանրային գործիչ Գևորգ Առստամյանը՝ անդրադառնալով իր նախորդ հարցազրույցներից մեկում հնչեցրած մտքին, որ Սամվել Շահրամանյանին օգտագործել են ԼՂ-ն հանձնելու համար։ 

Առստամյանի տեղեկություններով՝ Հայաստանում գտնվող ԼՂ  քաղաքական էլիտան նոր պետնախարար է նշանակել. «Որտե՞ղ եք դուք գտնվում, ես զարմանում եմ։ Երևանում պետնախարար եք նշանակում, որ Կրասնի-Ստեփանակերտ ճանապարհը կարգավորի՞ կամ Շուշի գնացող լուսավորությունը ապահովի՞։ Ընդհանրապես ինչի՞  համար եք դուք այստեղ գործում... ես մոտակա ժամանակները էլի բացահայտումներ կասեմ»։

Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԼՂ  որոշ ուժերի հետ միասին հանձնախումբ է  ստեղծել, որը, ըստ իրենց, զբաղվելու է արցախցիների իրավունքների պաշտպանությամբ և վերադարձով. Առստամյանը, անդրադառնալով սրան, նշեց. «Ինչքա՞ն է այդ մարդկանց բռնած գործը արժեզրկվել  հենց իրենց քայլերով։ Եթե այս մարդը տարիներ շարունակ արտգործնախարար է եղել ու չի հաջողել իր գործը, ապա ի՞նչ խորհուրդ կարող է  տալ Արցախը կորցնելուց հետո։ Կամ երբ Արցախը լրիվությամբ չէինք կորցրել, ի՞նչն էր նրան խանգարում 2020թ.-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 17-ը ընկած ժամանակահատվածում գալ Արցախում ապրել և բանակցել»։

Առուստամյանը հավելում է.  «Չեմ ուզում, որ այդ շոումենները, այդ ձախողված անձինք  պաշտպանեն Արցախի շահը։ Նրանք փորձում են մեղադրանքները հեռու պահել Ռուսաստանից»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան