Սերժ Սարգսյանի սանիկ Մամիջանյանը ԵԽԽՎ էր գնացել «Նիկոլի ժողովրդավարության բաստիոնը» հողին հավասարեցնելու` իրականում Հայաստանի դեմ ելույթ ունենալու համար
ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Վեհաժողովի նստաշրջանից տուն վերադառնալուց հետո կարող է արծվենի հայացք ընդունել  ու հայտարարել սուրը փառքով պատյանը դնելու մասին։ Ընդ որում, խոսքը  ի լուր և ի տես համայն աշխարհի՝ սեփական երկրի վրա քաշված սրի մասին է։  Այո՛, նրան՝ որպես  կլասիկ ռևանշիստ, հաջողվեց քաղաքական ոխակալության դասական օրինակ ցույց տալ՝ խողխողել Հայաստանի ժողովրդավարական իմիջը,  քարուքանդ անել «Արևմուտքի դրածո Նիկոլի» ասած «ժողովրդավարության բաստիոնի» միֆն ու կտրել բոլոր նրանց լեզուները, ովքեր սրանից հետո․․․․ կշշկռեն  ու կգովեն Հայաստանի ժողովրդավարության շոշափելի առաջխաղացումը։

Մամիջանյանին այլևս կարելի է դասել այն եզակի պատգամավորների խմբին,  որոնք իրենց  օրինակով ապացուցել են՝ խորհրդարանական և առհասարակ, դիվանագիտությունը «թթու թան չէ, ամեն մարդու բան չէ»։ Որ ԵԽԽՎ-ում հնչելիք ելույթների տեքստերը չպետք է շփոթել Րաֆֆու հայտնի պատմավեպի սյուժեի ֆինալի հետ և տարրական քթածակ ունենալ, ինչպես դաշնակից երկրի նախագահն է սիրում ասել՝ «ճանճերը կոտլետների հետ չխառնելու» համար։ Եվ ուրեմն, ԵԽԽՎ-ում ունեցած իր  «փառահեղ» ելույթում Մամիջանյանը միջազգային մակարդակով  արձանագրել է, որ ՀՀ-ում կան, ուշադրություն՝  ճշմարտության համար կալանավորված անձինք՝ ԵԽԽՎ նիստերի սղագրություններում անմահացնելով այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Մամիկոն Ասլանյան․․․ԵԽԽՎ պատվիրակները Մամիջանյանի խոսքից տպավորություն պիտի ստանային, որ մասնավորապես Արմեն Աշոտյանը  ոչ թե «փողերի լվացման» մեջ մեղադրվելու, այսինքն՝ ենթադրյալ հանցանք կատարելու  բերումով է արդեն 7 ամիս կալանքի տակ, այլ․․․ «ճշմարտության բացահայտման», «որն իշխանությունը թաքցնում է իր քաղաքացիներից»։

Իսկ թե ո՞ր ճշմարտության, Մամիջանյանը չի մանրամասնել, թույլ տալով, որ իրեն ունկնդրած խեղճ եվրոպական հանրությունը խարխափի անտեղյակության մեջ։  «Արդյոք հանցագործությո՞ւն է ֆեյսբուքյան լայվերի ու հրապարակումների միջոցով քաղաքական հայացքների արտահայտումը։ Սակայն հենց այդ պատճառով է Նարեկ Մալյանն ավելի քան 4 ամիս գտնվում բանտում։ Արդյոք հանցագործությո՞ւն է հաղթելը ՏԻՄ ընտրություններում։ Արի ու տես, որ Վանաձոր քաղաքի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հենց դրա համար է ավելի քան 2 տարի գտնվում բանտում»,- իրենից գոհ հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը՝ նորեն չմանրամասնելով, թե այդ ի՞նչ է հայտարարել Նարեկ Մալյանն իր լայվում, որ հայտնվել է կալանավայրում, արդյոք դրանում եղե՞լ են այնպիսի ձևակերպումներ, որոնց նկատմամբ կիրառվում է Քրեական օրենսգիրքը։ Եվ կամ՝ արդյոք նախքան ՏԻՄ ընտրություններում հաղթելը  քաղաքապետ ընտրված անձը պաշտոնի բերումով թո՞ւյլ է տվել այնպիսի արարքներ, որոնք որակվում են  Քրեական օրենսգրքով։   

Մամիջանյանը, սակայն, ԵԽԽՎ պատվիրակների ականջները միայն նման տրաֆարետային գանգատներով չէ, որ լցրել է, այլ դիմել է ռազմահայրենասիրական էժանագին մի հնարքի և  «Նիկոլի ժողովրդավարության բաստիոնը» հողին հավասարեցնելու համար   օգտագործել է  ընդհուպ Լեռնային Ղարաբաղը։ (Հընթացս ֆիքսենք, որ  ՀՀ իշխանությանը «Արցախի Հանրապետւթյուն» բառը  չգործածելու մեջ մեղադրող արցախասեր գործիչները միջազգային ատյաններում գործածում են միջազգայնորեն հայտնի՝ «Լեռնային Ղարաբաղ» տերմինը)։  «Կանվանեի՞ք արդյոք հանցագործություն Երևանի կենտրոնում բողոքի խաղաղ ակցիաների անցկացումը, որով կառավարությանը պահանջ էր ներկայացվում քայլ ձեռնարկել՝ փրկելու ադրբեջանական զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ մնացած իրենց ծնողներին։  Սակայն հենց այդ գործողության համար այս պահին 11 ուսանողի գործ քննվում է դատարանում։ Նրանցից 4-ը ամիսներ են անցկացրել բանտում և դեռ շարունակում են ձերբակալված մնալ»,- ազդարարել է Մամիջանյանը՝ և քոքել  տագնապի «սիրենան»՝ «2023թ. նոյեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում կար ավելի քան 50 քաղբանտարկյալ։ Եվ սրանք պարզապես ընդդիմադիր պատգամավորի խոսքեր չեն. Եվրոպայի ժողովրդական Կուսակցության և Կենտրոնամետ Դեմոկրատների Միության կողմից ընդունվել են բանաձևեր, ըստ որոնց, Արմեն Աշոտյանը և մեր մյուս ընկերները հռչակվել են քաղաքական բանտարկյալներ»: Աստեղ են ասել՝ «թաշկինակս, լաո, լացացրիր, տո՜»։    

Մամիջանյանը, սական, իր ելույթի երկրորդ մասում ԵԽԽՎ-ականներին ուղղված իր  գանգատը նոր «լեվլ»-ի է բարձրացրել ու Հայաստանի կողմից «գերեվարված» գործիչներից հետո անցել Ադրբեջանի կողմից գերեվարված հայազգի մեր հայրենակիցներին ու հենց այսպիսով է, որ տեղի է ունեցել «կոտլետները ճանճերին խառնելու» տխմարագույն պրոցեսը։

«Արդյոք հանցագործությո՞ւն է կռվելն այն պատերազմում, որը մեր դեմ սանձազերծել էր Ադրբեջանը։ Բայց հենց դրա համար 2020թ.-ից մինչ օրս հայ ռազմագերիները որպես պատանդ պահվում են Բաքվում։  Իսկ գուցե հանցագործությո՞ւն է քո իսկ հայրենիքում խաղաղ ապրելը։ Քանի որ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանը հենց դրա համար է Ադրբեջանի դատարանի կողմից դատապարտվել երկար տարիների ազատազրկման։  Թե՞ ագրեսորներից սեփական ժողովրդիդ պաշտպանության կազմակերպումն է հանցագործություն։ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանն այժմ Բաքվի բանտում են հենց այդ պատճառով։ Իսկ գուցե՞ հայրենակիցներիդ հույս տալը (Ռուբեն Վարդանյանը «հույս տվող» չէր, այլ՝ Արցախի պետնախարարը-խմբ․) կամ պարզապես բարերար լինելն է հանցագործություն։ Դա է պատճառը, որ Ալիևի ռեժիմը պատասխանատվության է ենթարկում Ռուբեն Վարդանյանին՝ կալանավորելով նրան։ Երբվանի՞ց է սեփական երկրին պատվով ու պարտքով («պարտքո՞վ», իսկ միգուցե «պարտքի զգացումո՞վ»-խմբ․) ծառայելը դարձել հանցագործություն, որ Դավիթ Բաբայանն ու Դավիթ Իշխանյանը պետք է Բաքվում կալանքի տակ պահվեն։ Թե՞ մի երկիր կառավարելը, որը տարբեր միջազգային կազմակերպությունների զեկույցներով ժողովրդավարության մակարդակով անհամեմատելի է Ադրբեջանի հետ: Հենց դրա համար են նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում։ Դե, պարզվում է, որ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ լինելը Ալիևի համար հանցագործություն է»,- մասնավորապես ազդարարել է արցախապաշտ պատգամավորը։  

Ինչ է ստացվում՝ Մամիջանյանը նախ դիմելով ֆիկցիայի՝ խոսում է ՀՀ-ում խոսքի ազատության սահմանափակման ու քաղաքական պատժի, հետապնդումների մասին, աղաղակում 50 քաղբանտարկյալի մասին (նշելով միայն երեք անուն), ապա խոսում է Ադրբեջանի կողմից  ազգությամբ հայերի նկատմամբ պատժի ու հետապնդումների մասին՝ այսպիսով ՀՀ-ն ու Ադրբեջանը դնելով նույն հարթության մեջ։   Եթե  ՀՀԿ-ական սույն գործիչը  ԵԽԽՎ-ում աշխատելու փորձառություն ունեցող  ՀՀԿ-ական իր ընկերների, ասենք՝ Դավիթ Հարությունյանի կողմից մի թեթև ինստրուկտաժ անցած լիներ, ապա, երևի թե, կթոթափեր  իր աղաղակող կարճամտությունն ու միջազգային այս ազդեցիկ ամբիոնը կօգտագործեր ոչ թե սեփական երկրի վրա «բոչկա գլորելու», այլ Ադրբեջանի կողմից գերու ու պատանդի կարգավիճակով պահվող մեր հայրենակիցների շուտափույթ ազատման հարցը բարձրացնելով։

Ավելին՝ հարցական, թեական  նախադասությունների շարան «երգելու» փոխարեն ելույթը կոչի ֆորմատով կմատուցեր՝ միջազգային գործընկերներին խնդրելով միանալ  այդ պահանջին։  Բայց ո՛չ, Սերժ Սարգսյանի սանիկը Ստրասբուրգ էր գնացել Եվրոպային համոզելու, Ադրբեջանի բերանն էլ լեզու դնելու, որ ՀՀ-ում խաղաղ ցուցարարներին ու անմեղ մարդկանց քաղաքական հետապնդման են ենթարկում։ Ադրբեջանը, համոզված ենք, այս «չքնաղ»  ելույթ-ցուցմունքն օգտագործելու է ՀՀ-ի դեմ՝ ենթադրաբար այսպիսի հարցադրմամբ՝ մամիջանյանական ոճով հարցադրում անելով՝ արդյոք իրավունք ունի՞ Հայաստանը բարձրացնել «պատերազմական հանցագործների», «սեպարատիստների», «ահաբեկչության ֆինանսավորման», «օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեությանը մասնակցելու»,  «Ադրբեջանի պետական սահմանը ապօրինի հատելու» մեջ մեղադրվողների ազատ արձակման հարցը, եթե նույն այդ երկիրը  ֆեյսբուքյան «լայվի» և կամ ՏԻՄ ընտրություններում հաղթելու համար սեփական քաղաքացիներին է կալանավորում ու ամիսներով բանտերում պահում։
 
Ժողովուրդը հայտնի խոսք ունի՝ «երբ մարդը հիմար է լինում, ձին գոմի մեջ ավանակ է դառում»։
 
Հեղինե Մանուկյան