Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան այս պահին չի ներքաշվի ՀՀ-ի նկատմամբ որևէ ռազմական գործողության մեջ. Ադրբեջանը շտապում է, որովհետև միայնակ է․ Գուրգեն Սիմոնյան

Թուրքիան այս պահին չի ներքաշվի ՀՀ-ի նկատմամբ որևէ ռազմական գործողության մեջ. Ադրբեջանը շտապում է, որովհետև միայնակ է․ Գուրգեն Սիմոնյան
Քաղաքականություն
21:30, 29 январь 2024
Թուրքիայի նախկին ՊՆ ղեկավար, ներկայում պատգամավոր, Ազգային Մեծ ժողովի պաշտպանության կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարն այցելել է Բաքու և լրագրողների հետ զրույցում խոսելով տարածաշրջանում խաղաղության մասին ասել է․

«Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Այս տեսանկյունից մենք փորձում ենք ապահովել, որ Հայաստանին ուղղված Ադրբեջանի խաղաղության առաջարկը հնարավորինս շուտ ընդունվի Երևանի կողմից և հնարավորինս արագ կայունություն ապահովվի տարածաշրջանում»։

Այս առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանն ասաց․

«Ես ոչ մի տարօրինակ բան չեմ տեսնում, գուցե տարօրինակ է իշխանությունների համար և այն մարդկանց համար, որոնք լավատեսությամբ են լցված խաղաղության օրակարգի մասով։ Այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ ՀՀ ներուժի բարձրացմամբ հնարավոր կլինի միայն լիակատար խաղաղությունը ՀՀ-ն ընկալմամբ իրավահավասարության, փոխօգնության և հարևանության՝ բարիդրացիության համատեքստում։ Դա, իհարկե, ձեռք չի տալիս Ադրբեջանին և Թուրքիային։ Նրանք միտված են հայկական պետականության ոչնչացմանը տարածաշրջանում, հետևաբար՝ Ալիևը առավելապաշտական, լկտի ու սանձարձակ պահանջներ է ներկայացրել ՀՀ-ին։

Նման պահանջները դեռևս չեն բարձրաձայնվել, գրավոր փոխշփումների մակարդակում են, բայց վարչապետ Փաշինյանի բարձրաձայնած հարցերի ենթատեքստում կարող ենք որսալ։ Եվ խիստ կասկածներ ունեմ, որ այդ Սահմանադրության փոփոխության համատեքստում կարող է Ադրբեջանի կողմից այդ լկտի պահանջը ներկայացված լինի։

Ի հավելումն քաղաքագետն ասաց, որ նրանք այդ սանձարձակ պահանջներն առաջ են քաշել, որպեսզի ՀՀ-ն անվերապահորեն կատարի, ու դա փորձում են շանտաժով ի կատար ածել։

Քաղաքագետը կարծում է, որ մենք շատ կարևոր ժամանակաշրջանում ենք ապրում, ու պետք է ավելի կամային քաղաքականություն որդեգրենք, որովհետև ժամանակներն արդեն փոխվել են․ ՀՀ ԶՈՒ-ն  այն կացության մեջ չէ, ինչ 2021 թվականին էր, ՀՀ քաղաքացին հետպատերազմյան շոկից դուրս է եկել, ՌԴ ներուժը և ավերիչ ու ապակառուցողական միջամտությունն այն նույն աստիճանի չեն կարող լինել ուկրաինական պատերազմից հետո, Թուրքիան այս պահին ուղղակիորեն չի կարող ներքաշվել ռազմական գործողությունների մեջ, անուղղակիորեն որոշ բաներ կարող է անել՝ փորձելով օգնել Ադրբեջանին։  Եվ ստացվում է, որ  Ադրբեջանը միայնակ է ՀՀ-ի նկատմամբ ագրեսիա իրականացելու և ուզում է շտապել։

«Ինչքան հնարավոր է՝ ժամանակ է պետք ձգել, սահմանադրական փոփոխություն կատարել չի կարելի և Ադրբեջանի քաղաքականությունը միտված չի միջնաժամկետ կտրվածքում խաղաղության ամրապնդմանը, նրանք պատրաստվում են 3-րդ դուբլին, մենք պետք է սա գիտակցենք»,- ասաց քաղաքագետը։

Նա նաև նշեց, որ Թուրքիան խաղարկային մոտեցումներ է արել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, բայց իրականում պատրաստ չէ ՀՀ-ի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելուն։

Թուրքիայի նախկին ՊՆ ղեկավարը նաև կարծիք է հայտնել, թե որոշ երկրներ Հայաստանը ցանկանում են «պրոքսի պետություն» դարձնել և  հերթական անգամ սպառնացել է Հայաստանին։ «Եթե Հայաստանը հետևի նրանց ասածին, կարող է հայտնվել նույն իրավիճակում, ինչ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ստացավ լուրջ հարված»։

Այս առնչությամբ էլ քաղաքագետն ասաց, որ թուրք գործիչը որոշ երկրներ ասելով նկատի ունի Ֆրանսիային և Արևմուտքին, նա նկատի ունի, որ Հայաստանին զինում են, որ հետո հայկական արտադրությունը վերականգնեն, և սա ռուսական նարատիվ էլ է։

«Լավրովի շուրթերով մենք լսեցինք չէ՞, որ Ֆրանսիան փորձում է Հայաստանում տեղավորվել և սադրանքի դիմել։ Մոտակա ժամանակներում ակնկալվում է Պուտին-Էրդողան հանդիպում, Պուտինը գնալու է Թուրքիա։ Իրենք փոխադարձ պայմանավորված քաղաքականություն են իրականացնում, մենք ենք, որ անհաղորդ ենք մեր սպառնալիքներին։ Հայաստանին ոտքի կանգնելու հնարավորություն է ընձեռված, որից Հայաստանը չի օգտվում»,- եզրափակեց քաղաքագետը։
 
 
Լիլիթ Թադևոսյան