Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը ներկայացնել որպես պրոքսի-պետություն». Հուլուսի Աքարը սպառնացել է Հայաստանին

«Որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը ներկայացնել որպես պրոքսի-պետություն». Հուլուսի Աքարը սպառնացել է Հայաստանին
Տարածաշրջան
18:22, 29 январь 2024
Ադրբեջանի և Թուրքիայի «շեհիդների մեծ սխրանքն ու անձնազոհությունը շատ կարևոր ապացույց է մեր եղբայրության, միասնության և, ինչպես ասել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը, այն բանի, որ մենք մեկ ազգ ենք»։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս  մասին լրագրողներին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության կոմիտեի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։

Նա նշել է, որ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո որպես «Մեկ ազգ, երկու պետություն»՝ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում «Մեկ բանակ, մեկ բռունցք և մեկ սիրտ» կարգախոսի ներքո, իրագործում անհրաժեշտ նախագծերը։ 
 
Հիշեցնելով, որ Ադրբեջանը և Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում և սերտորեն համագործակցում են պաշտպանական արդյունաբերության ոլորտում, Աքարն ասել է. «Մեր հիմնական նպատակը տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության ապահովումն է։ Այս տեսանկյունից մենք փորձում ենք հասնել նրան, որ Հայաստանին հասցեագրվաած Ադրբեջանի խաղաղության առաջարկը արագ ընդունվի Երևանի կողմից, և այդպիսով տարածաշրջանում որքան հնարավոր է արագ տիրի կայունություն»։
 
Նա հավելել է, որ որոշ երկրներ ցանկանում են Հայաստանը ներկայացնել որպես պրոքսի-պետություն: Եթե Հայաստանը գործի նրանց հրահանգով, ապա կարող է բախվել այն նույն իրավիճակին, ինչին 44-օրյա պատերազմի ժամանակ բախվեց։

Աքարն անդրադարձել է նաև «Զանգեզուրի միջանցքին» և հայտարարել, որ դա կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: «Միջանցքը կարևոր է Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի, Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի համար։ Դրա օգտագործումը կհանգեցնի լուրջ սոցիալ-տնտեսական աճի և զբոսաշրջության զարգացման»,- ասել է թուրք պատգամավորը և հավելել, որ Թուրքիան հավատում է՝ կողմերը համաձայնության կգան։