Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ թուրքական աղբյուրի՝ Պուտինի առաջիկա այցը Անկարա հետաձգվել է

Ըստ թուրքական աղբյուրի՝ Պուտինի առաջիկա այցը Անկարա հետաձգվել է
Քաղաքականություն
21:16, 07 февраль 2024
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա, որը նախատեսված էր փետրվարի 12-ին, հետաձգվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը՝ չհստակեցնելով մանրամասներ։

«Այցը հետաձգվել է, մանրամասները դեռևս հայտնի չեն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ավելի վաղ այցը չեղարկելու մասին հայտարարել էր Hürriyet թերթի լրագրող, CNN Türk հեռուստատեսության սյունակագիր Հանդե Ֆըրաթը։


Հիշեցնենք, որ Պուտինի՝ Թուրքիա մեկնելու առնչությամբ Civic.am-ի հետ զրույցում հայտնելով իր տեսակետը՝ թուրքագետ Հակոբ Չաքրյանն ասել էր․  «Ես, անկեղծ ասած, կասկածում եմ, որ Պուտինը կգնա։ Նախորդ անգամ էլ պետք է կայանար հանդիպում, բայց նա չգնաց։  Էրդողանի հարաբերություններն էլ Արևմուտքի հետ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, բավականին լարված են, այն, ինչ  ակնկալում էր, նա չի ստանում։ Օրինակ՝ Համաշխարհային բանկը, Միջազգային արժութային հիմնադրամը, ԵՄ-ն, ամերիկյան բանկերը Թուրքիային վարկ չեն տրամադրում։ Այս հանդիպումով Էրդողանն իր մեկուսացվածությունն է ճեղքում, որպեսզի ցույց տա, որ ինքն այդքան էլ մեկուսացված չէ, նույն հաշվարկներն էլ Պուտինն է անում»։ 


Չաքրյանը նաև նշել էր․ քանի որ Միջազգային քրեական դատարանը Պուտինի նկատմամբ  կալանքի «օրդեր» է  տվել, արդյո՞ք Պուտինը կգնա Թուրքիա։ Թուրքագետի խոսքով՝ թուրքերն իհարկե Պուտինին չեն ձերբակալի, բայց գուցե նրան փոխադրող ինքնաթիռն առևանգեն։ 


Անահիտ Խաչատրյան