Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի այցը Մոսկվա չի նախատեսվում. Չավուշօղլու

Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի այցը Մոսկվա չի նախատեսվում. Չավուշօղլու
Քաղաքականություն / Աշխարհ
20:15, 10 апрель 2023
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կամ Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա դեռևս նախատեսված չէ։ Այս մասին երկուշաբթի օրը A Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս պահին Պուտինի այցը Թուրքիա կամ Էրդողանի Մոսկվա այց նախատեսված չէ: Սակայն մեր նախագահը ակտիվ դիվանագիտություն է վարում, նա ակտիվ հեռախոսազրույցներ է վարում Պուտինի հետ, ինչպես նաև կապվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ»,- ասել է Չավուշօղլուն։

Նա նաև պնդել է, որ «Ուկրաինայում խոշոր հարձակման նախապատրաստություն է տեսնում»: «Մենք նկատում ենք, որ երկու երկրները՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան, պատրաստվում են շատ մեծ հարձակումների: Երկու կողմերն էլ կենտրոնացնում են կենդանի ուժ և տեխնիկա»,- ասել է նա։

Թուրք նախարարը նշել է, որ Անկարան «չի ցանկանում հետագա էսկալացիա», թեև մինչ այժմ իրավիճակը ցույց է տալիս, որ նոր ռազմական գործողություններ են լինելու։ «Պատերազմը բացասաբար է անդրադառնում հարևան երկրների վրա: Բայց չնայած դրան, մենք դեռ կարողանում ենք, օրինակ, հացահատիկի գործարք իրականացնել, այլ աշխատանքներ ենք տանում կարգավորման ուղղությամբ: Կարծում եմ, որ կողմերը հարկ է հասկանան, որ այս պատերազմում հաղթող չի լինելու։ Եվրոպացի պաշտոնյաները նույն կարծիքն են հայտնում»,- ասել է Չավուշօղլուն։

Անահիտ Խաչատրյան