Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչ նպատակ ունի ընդդիմության «դիտորդացավը»

Ինչ նպատակ ունի ընդդիմության  «դիտորդացավը»
Քաղաքականություն
22:00, 16 февраль 2024
ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման և շարունակական ընդլայնման հանգամանքը, ինչպես հայտնի է, ոչ մի կերպ հանգիստ չի տալիս ոչ միայն ՀՀ դաշնակից երկրին, այլև նրա հայաստանյան քարոզչական սպասարկուներին։ Դժվար չէ նույնականացնել այդ սպասարկուներին, որոնց, նկատենք, անցած մեկուկես տարիների ընթացքում տեսել, լսել ու կարդացել ենք տարբեր ամբիոններում ու հարթակներում։ «SOS»՝ ահա այս աղաղակն ու կոչնակն են հնչեցնում այդ շրջանակները՝ միտումնավոր գերագնահատելով և ընդհուպ խեղաթյուրելով  ԵՄ առաքելության դերը ՀՀ-Ադրբեջան սահմանին։ 

Նախ արձանագրենք, թե ովքեր են անթաքույց դեմ արտահայտվել հիշյալ առաքելության տեղակայմանը՝ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն,  որի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ տիկին Զախարովան նվազագույնը շաբաթը մեկ անգամ հիշեցնում և հիշում է ԵՄ առաքելության «անթույլատրելիության» մասին,  հայրենի ընդդիմությունը, մասնավորապես՝ խորհրդարանական, և նրան ձայնակցող սատելիտները։ Անգամ Ադրբեջանն է այս երկուսի համեմատ ավելի զուսպ հրապարակավ արտահայտվելիս և նաև անհամեմատ  զուսպ վարքագիծ է ցուցաբերում դիտորդների  տեղակայումից հետո։ Հատկանշական է, որ ԵՄ դիտորդների տեղակայմանը դեմ արտահայտվողները մշտապես շահարկում են ՀՀ-ի հարավային  հարևանի՝ Իրանի գործոնը, որն, ինչպես գիտենք, սպեցիֆիկ վերաբերմունք ունի իր սահմաններին «օտար ուժերի» տեղակայման նկատմամբ։ Ահա, այդ երկրի՝ ԵՄ դիտորդների տեղակայման իրողության նկատմամբ օբյեկտիվորեն ի հայտ եկած զգայուն վարքագծի վրա խաղալով էլ շահագրգիռ խմբակները փորձում են դիտորդների տեղակայումը ներկայացնել բացասական լույսի ներքո, թե իբր՝ Իրանը դեմ է, «դիտորդների տեղակայմամբ ՀՀ-ն տարածաշրջանը դարձրել է աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ»։ 

Փաստորեն, անզեն, հեռադիտակներով զինված  դիտորդները ոչ թե խաղաղաբեր, կայունություն երաշխավորող, այլ «բախումնածին» տարր են։ 

Այս քարոզչական մանյովրի նպատակը  ակնհայտորեն մեկն է՝ սիգնալներ ուղարկել ԻԻՀ՝ դիտորդների առաքելությունը ներկայացնելով հակաիրանական՝ Իրանի անվտանգային շահերին սպառնացող ակտ, և հասնել դիտորդների դուրսբերմանը Իրանի դրդմամբ։   Իսկ երբ դա տեղի ունենա, «դատարկ մնացած սուրբ տեղը» արագորեն կլրացնեն «հերթում կանգնած» դիտորդները։ Հարկ է նկատել, ի դեպ,   որ Իրանն էլ մեկ անգամ չէ, որ սեփական դիտորդական առաքելությունն է առաջարկել ՀՀ-ին և դեմ չէր լինի ՀՀ-ի «դիտորդական կարիքների դաշտը»  սեփական ներուժով ծածկելուն։ Թե ով կշահի ԵՄ դիտորդների դուրսբերումից՝ դժվար չէ կռահել՝ առաջին հերթին ՌԴ-ն, որն աչքն անգամ չի թարթի ՀԱՊԿ-ի իր դիտորդներին ՀՀ սահմանին շարելու հարցում, կառույց, որի համար մինչև այժմ տեղորոշված չեն ՀՀ սահմանները։ Կառույց, որը մատը մատին չի տվել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հարևան երկրի ռազմական ագրեսիայից հետո։ Իսկ թե ինչ որակի առաքելություն պետք է իրականացնի, այն էլ՝ քաղաքացիական, կարելի է կռահել առանց երկար մտորելու։  

Ինչպես հայտնի է՝ ԵՄ առաքելությանը ընդդիմացող հայտնի «պիոներներից» էր  նախկին պատգամավոր  Անդրանիկ  Թևանյանը, որին ԱԺ-ում «ՖՍԲ-ի բարձրախոս» էին կոչում։ Նրան այժմ ձայնակցում են այլ ընդդիմադիրներ, մասնավորապես  ՊՈՒ-ական Տիգրան Աբրահամյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե «մեր տարածաշրջանում իրադարձությունները բավականին բարդ փուլ են մտել», ապա գուժել՝ «իրադրային այս զարգացումները պայմանավորված են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան բանակցությունների կիսափակուղային հանգամանքով, այլև ռեգիոնալ, աշխարհաքաղաքական բախումների ու կոշտ դիմակայությունների պատճառով»:

«Երկրորդ հանգամանքը կտրուկ սրվեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումից անմիջապես հետո: Սրա դեմ ոչ միայն Ադրբեջանն է հանդես գալիս, այլև հարևան Իրանն ու ՌԴ-ն: 

Ադրբեջանի դեպքում ամեն ինչ պարզ է՝ սահմանագծին լրացուցիչ «աչքերի» ներկայությունն արդեն խնդիր է, հատկապես, որ Ադրբեջանը չի հրաժարվում ուժի կիրառման իր ավանդական մոտեցումներից:  

ՌԴ-ն դիտորդների տեղակայումն ընդունում է որպես իր ներկայությանը, ազդեցությանն ու հեղինակությանը հասցվող վտանգ: Իրանն էլ նշում է, որ տարածաշրջանում երրորդ երկրների նման ներկայությունն անթույլատրելի է՝ սպառնալիք տեսնելով, որ մի փուլում դա իր դեմ կարող է ուղղվել: Երբ սրան գումարվում է ՀՀ իշխանությունների անկանխատեսելի և ոչ ընկալելի արտաքին քաղաքականությունը, պատկերն առավել ամբողջական է դառնում: 

Թե ի՞նչ է տալիս կամ ի՞նչ կտա ԵՄ դիտորդական առաքելությունը՝ հարցի միայն մի կողմն է, բայց այն, որ նրանց տեղակայումն ու ընդլայնումը իրադրությանը նոր լարվածություն և անկանխատեսելիություն են հաղորդել, արդեն տեսանելի է»։ 
Հատկանշական է, որ  Տիգրան Աբրահամյանը նման նկատառում է հայտնում Ներքին Հանդում օրերս տեղի ունեցած մարտական գործողությունից հետո։ ԵՄ առաքելությունը, ինչպես հայտնի է, ՀՀ-Ադրբեջան սահմանին է տեղակայվել 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայից հետո, Պրահայում հոկտեմբերի 6-ին ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում։ Եվ մեր երկրում քաղաքացիական այս դիտորդների ներկայության արդյունքը  պետք է որ տեսանելի և չափելի լիներ Աբրահամյանի համար։ Սակայն պարզվում է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի անվտանգային հարցերով խորհրդականի համար ԵՄ դիտորդների առաքելությունը դեռևս «ի՞նչ է տալիս և ի՞նչ  կտա»-ի մակարդակում է։ Արդ, այսպիսի հարցադրում անելուց  հետո ինչ է առաջարկամ Աբրահամյանը՝ ԵՄ դիտորդների դուրսբերո՞ւմ՝ նրանց փոխարինելով   ՀԱՊԿ-ի դիտորդներով, թե՞  նա կնախընտրեր  ԵՄ դիտորդներին Իրանի դիտորդներով փոխարինելը։ Հաշվի առնելով Աբրահամյանի արտաքին քաղաքական նախասիրությունները՝ կարող ենք ենթադրել, որ նա հաստատ կնախընտրեր առաջին տարբերակը։  

Ի դեպ, երեկ «168 ժամ»-ը գրել էր, թե Տիգրան Աբրահամյանն այժմ Իրանում է՝ աշխատանքային այցով։ Թե ում կողմից է հրավիրվել և ինչ շրջանակների պետք է հանդիպի՝  հայտնի չէ։  Աշխատանքային այցով Թեհրան է մեկնել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,  հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, բարձր  գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարության հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անձեռնմխելիության վերաբերյալ:   Ի դեպ, 2022-ի հոկտեմբերին ՀՀ ժամանած ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը (ԵՄ դիտորդների տեղակայման պայմանավորվածության ձեռք բերումից հետո) ՀՀ ԱԳ նախարար Արարատ  Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանը Հայաստանի անվտանգությունը համարում է Իրանի Իսլամական Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը: 

Նշենք, որ ամբողջ հայ-ադրբեջանական սահմանին միայն մեկ վայր է, որին  ԵՄ դիտորդները չեն կարողանում մոտենալ՝ դա Ներքին Հանդն է։ Նախօրեին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը նշել էր, թե «մայրուղուց դեպի Ներքին Հանդ գնացող ճանապարհի խաչմերուկում ռուսաստանյան սահմանապահները արգելափակոց են տեղադրել և ԵՄ դիտորդներին չեն թողնում մոտենալ գյուղին։ Արդյունքում ադրբեջանցիները Ներքին Հանդում ինչ ուզում՝ անում են, հետո հայտարարում, թե բա «ԵՄ դիտորդների պատասխանատվության գոտում է», թեև շատ լավ գիտեն, որ իրենց դաշնակից ռուսները ԵՄ դիտորդներին այդտեղ մոտ չեն թողնում։ Ես վստահ եմ, որ մենք 4 զոհ չէինք տա, եթե ռուսները Ներքին Հանդը չմեկուսացնեին ԵՄ դիտորդներից»։  
 
Հ. Մ.