Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից որևէ գյուղ հանձնել որևէ այլ երկրի. սա աքսիոմատիկ ճշմարտություն է. Արարատ Միրզոյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2023թ. արտաքին հարաբերությունների կատարման և արդյունքների մասին զեկույցով հանդես է գալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: 

«Ես հասկանում եմ, որ քաղաքական ընդդիմությունը հակվածություն ունի ամեն ինչ ներկայացնելու որքան հնարավոր է սև լույսի ներքո և անելու պնդումներ, հետո այդ պնդումից բխեցնել հարց: Թեմատիկային մի քիչ պակաս մարդու մոտ կձևավորվի տպավորություն, որ այդ պնդումը փաստ է, իրականության արձանագրում է, և հետո արդեն օրերով կսկսի մտածել այդ փաստի մասին»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցի՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարն անդրադարձավ պատգամավորի կողմից ասված այդպիսի մի քանի պնդումների, մասնավորապես Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ, և ընդգծեց. «ՀՀ որևէ պաշտոնյա իրավունքի չունի վարելու որևէ բանակցություն ոչ միայն Տավուշի մարզի, այլև ՀՀ որևէ մարզի որևէ գյուղի հանձնելու վերաբերյալ: Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի. սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որի երաշխավորման համար նախատեսված են իրավական մեխանիզմներ: Հետևաբար մենք Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չենք բանակցում»:
 
Մանրամասն՝ տեսանյութում