Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի նախկին դաշնակից Վահե Հակոբյանի կնոջ ՀԿ-ի գործերը լավ չե՞ն․ ՊԵԿ-ը հայց է ներկայացրել դատարան

Քոչարյանի նախկին դաշնակից Վահե Հակոբյանի կնոջ ՀԿ-ի գործերը լավ չե՞ն․ ՊԵԿ-ը հայց է ներկայացրել դատարան
Քաղաքականություն
14:00, 28 март 2024
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն Վարչական դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Հանրային դիվանագիտություն» բարեգործական   հասարակական կազմակերպության՝ պահանջելով դադարեցնել հիշյալ ՀԿ-ի գործունեությունը։ Civic.am-ը datalex.am-ից տեղեկացավ, որ հայցապահանջը դատարան է մուտքագրվել նախորդ տարի հունիսին, դատական մի քանի նիստ արդեն կայացել է, առաջիկա դատական նիստն էլ  նշանակված է մայիսի 30-ին։ Նշենք, որ հիշյալ ՀԿ  նախագահը ԱԺ նախկին պատգամավոր, «Հայաստան»  դաշինքի մաս կազմած «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի կինն է՝ Էլիզաբեթ Պետրոսյանը։ ՀԿ-ն գրանցվել է 2014-ին, Պետրոսյանն, ըստ կազմակերպության 2024 թ. իրական շահառուների (ԻՇ) ցանկի, ԻՇ-է դարձել 2016-ին։ 

Հարկ է նշել, որ ըստ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 31 հոդվածի՝ կազմակերպության գործունեությունը կարող է որոշակի ժամկետով կասեցվել դատարանի որոշմամբ։ Դատարանն իրավունք ունի կասեցնել կազմակերպության գործունեությունը, եթե այն թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում, կազմակերպություն հիմնադրող անձը կամ լիազորված անձը կազմակերպությունը հիմնադրելիս թույլ է տվել օրենքի էական խախտում կամ կեղծիք:  Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ կոպիտ խախտում է համարվում սույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետներում խախտումները չվերացնելը, վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո երեսնօրյա ժամկետում խախտումը չվերացնելը: Սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ էական խախտում է համարվում կազմակերպության հիմնադրման ժամանակ տեղի ունեցած այնպիսի խախտումը, որը եթե հայտնի լիներ հիմնադրման կամ պետական գրանցման պահին, ապա Կազմակերպությունը չէր հիմնադրվի կամ չէր գրանցվի: Օրենքը սահմանում է, որ կասեցման հիմքերը վերացնելու նպատակով դատարանը սահմանում է ողջամիտ ժամկետ: Կազմակերպության կողմից կասեցման հիմքերը վերացվելու վերաբերյալ ապացույցները ներկայացվում են դատարան: Դատարանը որոշում է կայացնում Կազմակերպության գործունեությունը վերսկսելու մասին, եթե ներկայացված ապացույցների հիման վրա եզրահանգման է գալիս կասեցման հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու մասին:  

Civic.am-ը հարցում է ուղարկել ՊԵԿ՝ պարզելու, թե վերոթվարկյալ խախտումներից ո՞րն է թույլ տվել նախկին պատգամավորի, Սյունիքի նախկին մարզպետի տիկնոջ ղեկավարած ՀԿ-ն։ Նշենք, որ սույն ՀԿ-ն ժամանակին ահռելի միջոցներ է ստացել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ից։ Կոմբինատը, որի  ադմինիստրատիվ տնօրենը (2014-2016թթ.),   գլխավոր տնօրենի առաջին տեղակալը (2016թ.), ՓԲԸ  խորհրդի անդամներից մեկը (2018-2021թթ.) Վահե Հակոբյանն էր,  հիշյալ  ՀԿ-ին 2016-ին  փոխանցել է  410 000 000 դրամ, իսկ 2017-ին, երբ Հակոբյանը Սյունիքի մարզպետն էր, ԶՊՄԿ-ն հիշյալ բարեգործական ՀԿ-ին փոխանցել է 435 000 000 դրամ։ Այսինքն՝ երկու տարում  845 մլն դրամ։   

Էլիզաբեթ Պետրոսյանը, հիշեցնենք, 2021-ի ապրիլին՝ նախընտրական թոհուբոհի շրջանում, հրավիրվել էր ՊԵԿ քննչական վարչություն։ Լրագրողների դիտարկմանը՝ արդյոք սա  քաղաքական ճնշո՞ւմ է, ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն արձագանքել էր. «Ո՛չ, քանի որ ձեր նշած անձնավորությունը ոչ միայն նախկին մարզպետի կինն է, այլև առանձին ինքնուրույն սուբյեկտ է և առանձին կազմակերպաիրավական միավորի ղեկավար է»: 
Հիշյալ ՀԿ-ի միջոցներով է ստեղծվել PARA օնլայն հեռուստաընկերությունը, որի գործերը նույնպես, կարծես, այնքան էլ լավ չեն։