Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2016-2020 թթ. միլիարդավոր դրամներ է նվիրել տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Վահե Հակոբյանի կնոջ ՀԿ-ին և Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի հիմնադրամին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2016-2020 թթ. միլիարդավոր դրամներ է նվիրել տարբեր կազմակերպությունների, այդ թվում՝ Վահե Հակոբյանի կնոջ ՀԿ-ին և Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի հիմնադրամին
Տնտեսություն
19:30, 07 март 2022
Հանքարդյունաբերության հսկայի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեությունն անմասն չի եղել ինտրիգներից ու աղմկահարույց պատմություններից։ Վերջին աղմկահարույց պատմությունը կապված էր ՊԵԿ բացահայտման հետ։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն օրեր առաջ հայտարարել է, որ  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովի պաշտոնավարման  ժամանակահատվածում գործել է  կոռուպցիոն սխեմա, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 15 մլրդ 17 մլն 640 հազար 469 դրամի վնաս։  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ պարզաբանել է ինչն ինչոց է։   

Խնդրո առարկա կոմբինատն, ի դեպ, խոշոր հարկատու լինելուց զատ, նաև  աչքի է ընկնում ոչ առևտրային իրավաբանական անձանց (հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ) տրամադրված նվիրատվություններով  կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումներով։  Հիշեցնենք, որ Կոմբինատը, որի   ադմինիստրատիվ տնօրենը (2014-2016թթ.),   գլխավոր տնօրենի առաջին տեղակալը (2016թ.), ՓԲԸ  խորհրդի անդամներից մեկը (2018-2021թթ.) Վահե Հակոբյանն էր,  2016 թվականին 2 միլիարդ  254 միլիոն  839 հազար   դրամ է փոխանցել տարբեր՝ թվով 21 ոչ առևտրային կազմակերպությունների, որոնցից է նաև կոմբինատին կից գործող համանուն բարեգործական հիմնադրամը, որին փոխանցվել է ամենախոշոր գումարը՝ 659 800 000  դրամ։ Նկատենք, որ  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը եղել է Վահե Հակոբյանը։  ԶՊՄԿ ՓԲԸ-ն Արհեստակցական կազմակերպությանը կոմբինատը հաշվետու տարում փոխանցել է  193  450  000 դրամ,  Սյունիքի նախկին  մարզպետ   Սուրիկ Խաչատրյանին պատկանող համանուն   բարեգործական հիմնադրամին  փոխանցել է 5  000 000  դրամ, Վահե Հակոբյանի կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի  նախագահությամբ գործող «Հանրային Դիվանագիտություն» ՀԿ-ին՝  410  000 000 դրամ, Սերժ Սարգսյանի հիմնադրած «Լույս» մշակութային գիտական, կրթական հիմնադրամին՝  600 000 000   դրամ։ Նկատենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին մյուսների համեմատ նկատելի քիչ գումար է փոխանցվել՝ 168 000 000  դրամ։ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիային, որի նախագահը նույնպես Վահե Հակոբյանն է, փոխանցվել է 26 400 000 դրամ։ 

Հաջորդ տարում՝ 2017-ին, երբ Հակոբյանն արդեն մարզպետ էր (այս պաշտոնում վերջինս նշանակվել է 2016 թ. հոկտեմբերի 6-ին), հիշյալ կոմբինատը նկատելի մեծացրել է նվիրատվություններին «փայ» հանված գումարը, որը կազմել է 2 միլիարդ 960 միլիոն 595 հազար 552 դրամ։ Եվ ինչպես նախորդ տարի՝ 2017-ին էլ ամենամեծ նվիրատվությունը՝ 945 000 000 դրամ, ստացած կազմակերպությունը  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն է։  Հակոբյանի  տիկնոջ հիմնադրամին  փոխանցված նվիրատվության կամ անհատույց օգտագործման հանձնված դրամական միջոցների չափը  նույնպես  նկատելի մեծացել է՝ կազմելով 435 000 000 միլիոն դրամ։ Այսպիսով, միայն երկու տարում ԶՊՄԿ-ի հետ ի պաշտոնե կապված Հակոբյանն իր կնոջ ՀԿ-ին  փոխանցել է մոտ  850 միլիոն դրամ։  

26 400 000 դրամ էլ ստացել է Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան, որի նախագահը, ինչպես նշեցինք, Հակոբյանն է։ 

Վերջինիս  մարզպետ եղած ժամանակ  ստեղծված պետական՝  «ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման» հիմնադրամին 2017-ին  փոխանցվել է 335 000 000  դրամ, իսկ ահա   օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնելու նպատակով ստեղծված  «Նվիրիր կյանք» հիմնադրամին  (այն հեղափոխւթյունից հետո դադարեցրեց իր գործունեությունը,  հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն էր Ռիտա Սարգսյանը) փոխանցվել է  1 000 000 դրամ։ Հաշվետու տարում նվիրատվություն, նվիրաբերություններ կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումներ է  ստացել  թվով  20 կազմակերպություն։  

Civic.am- ն ուսումնասիրեց  նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ բարեգործական հիմնադրամի» 2018 և 2019 թվականների գործունեության հաշվետվությունները,  երբ Հակոբյանն այլևս մարզպետ չէր։  Պարզվեց, որ   ԶՊՄ կոմբինատի   կողմից նույնանուն հիմնադրամին արված նվիրատվությունների չափը նկատելի աճել է։ Մասնավորապես՝  սույն հիմնադրամը  2018-ին կոմբինատից ստացել է 4 միլիարդ 376 միլիոն  695 հազար  422 դրամ նվիրատվություն, իսկ 2019-ին՝  3 միլիարդ   796 միլիոն  522 հազար  410 դրամ։  Ուշագրավ է, որ հիմնադրամը 2020 թվականին ևս խոշոր նվիրատվություն է ստացել ԶՊՄ կոմբինատից։ Համապատասխան հաշվետվության մեջ նշված է, որ հիմնադրամը ստացել է  4 միլիարդ 582 միլիոն  513 հազար 338   դրամ  նվիրատվություն և  1 միլիարդ   200 միլիոն դրամ փոխառություն (https://petekamutner.am/shared/Reports/Report2020-09424487-vh.pdf): 

Նշենք, որ հիմնադրամի կառավարիչը  կոմբինատի վարչական  դեպարտամենտի ղեկավար, Հակոբյանի մտերիմ  Զարուհի Տոնապետյանն է, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև Քաջարանի քաղաքապետ, քրեական հետապնդման ենթարկվող  Մանվել   Փարամազյանը.  նրան, հիշեցնենք, մեղադրանք է  առաջադրվել ՔՕ համապատասխան հոդվածներով՝  խարդախությանն օժանդակելու կամ կազմակերպելու, կաշառք ստանալու և ընտրողներին կաշառք տալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու  համար։ Հարկ է գնալ ԶՊՄԿ-ից նվիրատվության անվան տակ արտահոսած  միլիարդների հետևից ու պարզել՝ արդյոք դրանք ծառայեցվել են իրենց բարեգործական նպատակների՞ն, թե՞,  ընդունված կարգի համաձայն, լցվել են ոմանց գրպանները կամ «նստել» բանկային հաշվեհամարներին։   

Հ.Գ. Ընդունված է կարծել, որ նմանատիպ խոշոր փոխանցումները՝ բարեգործության կամ նվիրատվության անվան տակ, «փող լվալու» «անշառ» ու ապահով սխեմա են, որին դիմում էին և են մեծ փողերի հետ գործ ունեցող կազմակերպությունները։ Հեղափոխությունից հետո մամուլում, հիշեցնենք, քանիցս գրվեց տարբեր կազմակերպություններից  խոշոր փոխանցումներ ստացած որոշ հիմնադրամների զեղծարարությունների, այսպես ասած՝ «հիմնադրամային շուստրիությունների»  մասին։ Մասնավորապես,  «Վահե Հակոբյանը հիմնադրամների միջոցով ֆինանսավորել է կնոջն ու բիզնեսները» վերնագրով  Փաստերի ստուգման հարթակը  ժամանակին անդրադարձել էր  իր աշխատանքային գործունեության զգալի հատվածը Սյունիքում ծավալած գործչին։  
       
Ի դեպ, սույն կոմբինատի վերաբերյալ աղմկահարույց բացահայտումներից մեկն էլ դեռևս նախկինների օրոք էր՝ 2016-ի փետրվարին:

Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բացահայտվել էին  խարդախությամբ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 73 մլն դրամի վառելիքի հափշտակությունը, դրա մեխանիզմը, առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Սույն գործով մեղադրանք էր առաջադրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության  ավագ երթակարգավարին և նրա անմիջական ղեկավարին` ընկերության ներքին ավտոհավաքակայանի պետին։ 

Հեղինե Մանուկյան