Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ Տելեգրամի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար

Հանրային քրեական հետապնդում երկու անձի նկատմամբ՝ Տելեգրամի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար
Քաղաքականություն
13:03, 06 май 2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը հաղորդում է ներկայացրել՝ Լոռու մարզի տարածքում Տելեգրամ  հավելվածի միջոցով  թմրանյութ իրացնելու վերաբերյալ։
Նույն օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, ոստիկանության նշված բաժանմունքի աշխատակիցները, վերոհիշյալ օպերատիվ տվյալներն իրացնելիս, Սպիտակ քաղաքի Վանաձորյան խճուղում նկատել են կայանված Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենա և դրա մոտ կանգնած երկու երիտասարդի, որոնցից մեկի ձեռքին եղել է սպիտակ գույնի պոլիէթիլենային տոպրակ։ Երիտասարդներից մեկը հայտարարել է, որ դրանում առկա զանգվածները հանդիսանում են մարիխուանա տեսակի թմրամիջոց։

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով պարզվել է նշված անձանց ինքնությունը, ովքեր Աբովյան քաղաքի բնակիչներ են՝ 22 և 28 տարեկան:

Իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում վերջինս ավտոմեքենայի բեռնախցիկից իրավապահներին է ներկայացրել պոլիէթիլենային մեկ այլ տոպրակ՝ սև, դեղին, կարմիր և կանաչ գույների մանր փաթեթներով։ Նա հայտնել է, որ նշված փաթեթներում առկա է մարիխուանա տեսակի թմրամիջոց, որոնք ինքը Տելեգրամ հավելվածի միջոցով ձեռք է բերել՝ հետագայում իր կողմից նույն հավելվածի միջոցով իրացնելու նպատակով՝ միաժամանակ նշելով, որ ժամեր առաջ Վանաձոր քաղաքի տարբեր հատվածներում, իրացնելու նպատակով, տեղադրել է նմանատիպ 7 փաթեթ, որոնք նկարել և ուղարկել է Տելեգրամ ալիքի համապատասխան էջին՝ դրանք հետագայում վաճառելու նպատակով։

Նկատի ունենալով, որ երիտասարդների արարքում առերևույթ առկա է հանցավոր իրավախախտման դրսևորում, վերջիններս ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության բաժին, որտեղ նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 89 հատ պոլիէթիլենային փաթեթ։

Դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության մի շարք հանգամանքներ:

Քննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ երիտասարդները Տելեգրամ սոցիալական կայքի՝ ինքնությունը պարզվող օգտատիրոջ հետ թմրամիջոց իրացնելու շուրջ նախնական համաձայնությամբ, խմբով, շահադիտական դրդումներով, Լոռու մարզում տեղադրելու և յուրաքանչյուր տեղադրված փաթեթից գումար ստանալու պայմանով, Փամբակ համայնքի բնակավայրերից մեկից ապօրինի կերպով ձեռք են բերել և իրենց մոտ ապօրինի պահել ընդհանուր 100 փաթեթ մարիխուանա և հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցներ, որոնց տեղադրելուց հետո դրանք լուսանկարել են և տեղակայման հասցեների հետ միասին ուղարկել Տելեգրամ սոցիալական կայքի նշված օգտատիրոջը: Նախաքննության ընթացքում պարզվել են թմրամիջոցների թաքստոցներից 8-ի գտնվելու վայրը, որոնցից 5-ը հայտ­նա­բեր­վել և վերց­վել են քննչական գործողությունների ընթացքում, իսկ 89 փաթեթը հայտնաբերվել և վերցվել է Ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ծառայողների կողմից 28-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ:
Հիշյալ փաթեթների պարունակությունն ու բաղադրությունը պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Աբովյան քաղաքի նշված բնակիչներին, ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ներկայացվել է մեղադրանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր շղթայում ներգրավված այլ անդամների առկայությունը, թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: