Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արթուր Վանեցյան կամ՝ գաղտնալսված «կադրային չեկիստը» բացահայտ աջակցում է իրեն գաղտնալսածների քաղաքական ակցիային

Արթուր Վանեցյան  կամ՝ գաղտնալսված «կադրային չեկիստը»  բացահայտ   աջակցում է  իրեն գաղտնալսածների  քաղաքական ակցիային
Քաղաքականություն
21:00, 07 май 2024
Դեպի Երևան շարժվող «տավուշյան քայլերթին» հրապարակավ իր աջակցությունը հայտնած սուբյեկտներից է նաև նախկին ԱԱԾ տնօրեն, «կադրային չեկիստ», 2022-ի գարնանը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով նստացույց սկսած և ձախողված հակահեղափոխական  Արթուր Վանեցյանը։  «Ոգին հաղթելու է դուխին»՝ վերոհիշյալ քայլերթն առաջնորդող Բագրատ արք. Գալստանյանի այս կարգախոսն էր  ֆեյսբուքյան իր էջում օրերս տիրաժավորել տխրահռչակ նախկին ԱԱԾ-ականը, որի ղեկավարած կուսակցության՝ «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանն, ի դեպ, օրերս Իջևանում, ընդառաջ վազելով  քայլերթին,   ցուցադրաբար  իրեն նետեց Գալստանյանի գիրկը՝ «սրբազա՜ն» բացականչելով։ 

Ինչևէ, ամեն ոք ազատ է իր սերն  ու խանդաղատանքը արտահայտելու ձևի ընտրության հարցում։ Դառնանք նրա կուսղեկի՝ բարձր ու պատասխանատու պաշտոն զբաղեցնելու շրջանի արկածներին, որոնցից ամենասկանդալայինը, անխոս, վերջինիս գաղտնալսումն էր։ Այսօր կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով սույն քայլերթին միացածներին, ի թիվս վերջիններիս՝  մատնանշեց նաև Վանեցյանին և հընթացս ուշագրավ բացահայտում արեց  հենց գաղտնալսման փաստի համատեքստում։  Հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց  Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը։ Զրույցի՝ համացանցում հայտնված մոտ  8-րոպեանոց այդ հատվածում (ակնհայտ էր, որ ձայնագրությունը մոնտաժված է) Վանեցյանն ու Խաչատրյանը քննարկում էին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Վանեցյանը ՀՔԾ ղեկավարին  պատմում էր դատավորի հետ զրույցի մասին, որին, իբր թե, հրահանգ է տրվել «կալանքի տանել» Քոչարյանին, այնուհետ քննարկում էին Խաչատուրովի կալանքի հարցը։ ԱԱԾ այդ ժամանակվա պետը Խաչատրյանին հորդորում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին «ձեռք չտալ» ոչ մի դեպքում, քանի որ այսպիսով կարող են փչանալ Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Խոսակցության այս դրվագները, նկատենք, քարոզչական ահռելի էֆեկտ ունեցան և ծառայեցին նախկին իշխանության քաղաքական շահերին։   

«Ո՞վ է ասել ձեզ, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, իհարկե ամբողջը չեն հրապարակել, հրապարակված մի մասը օգտագործվել է որպես, այսպես ասած, ահաբեկման գործիք։  Ի դեպ, մենք հստակ տեղեկություն ունենք, որ այդ ձայնագրությունն արվել է օտարերկրյա հատուկ ծառայության կողմից, իսկ ձայնագրության մյուս մասը օգտագործվել է այդ պաշտոնյային առնվազն որպես ազդեցության գործակալ օգտագործելու համար»,- այսօր հայտարարեց Փաշինյանը՝ հավելելով. «Ձեր կարծիքով՝ այն ձայնագրությունը, որը հրապարակվել է, ձայնագրող կողմը այնքան մեծահոգի է գտնվել, որ ինչ ձայնագրություն ունի, դրել է «Յութուբ»-ո՞ւմ։ Իհա՛րկե ոչ, այսինքն՝ էդ մի քանի րոպեն են ձայնագրել, միացրել են, վայրկյանացույցով ասել են՝ ժամանակը լրացավ, վե՞րջ։ Իսկ ի՞նչ կարող էր ուրիշ լինել այդ ձայնագրության մեջ։ Կարող ա՞ պարզվի, որ այդ ձայնագրության մեջ կարող էր լինել խոսակցություն  էն մասին, որ, լինելով երկրի ԱԱԾ տնօրեն և չունենալով որևէ թույլտվություն, նա բանակցում էր նախկին նախագահի փեսայի հետ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մի մասը իր եղբոր (հորեղբորորդի Կարեն Վանեցյանի-խմբ.) անունով գրելու վերաբերյալ։ Չեմ բացառում, որ ուրիշ բաներ էլ կարող են լինել՝ անձնական, ոչ անձնական բնույթի հազար ու մի բան, ինչ գիտես։ Եվ հիմա այս մարդիկ հայրենիքի մասի՞ն են մտածում,   թող ԶՊՄԿ-ի այդ՝ ապօրինի ձեռք բերված տոկոսները վերադարձնեն ՀՀ-ին, այ կհավատանք, որ մարդիկ, որոնք ապաշխարությունից են խոսում, ապաշխարության են եկել»։   

Ի դեպ, այն օրերին, երբ տեղի ունեցավ սկանդալային բացահայտումը, ԱԱԾ տնօրենը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ինքնավստահ հայտարարել էր՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն այդ ամենի հետ կապ չունի, «գաղտնալսման պատվիրատուն մեկ անձ է, ով հանրության շրջանում լայն ճանաչում ունի», պատվիրատուին էլ «անձամբ» չի ճանաչում: Վանեցյանի խոսքով՝ ինքն այդ ժամանակ գտնվել է ռոումինգի գոտում, ինչը հեշտացրել է գաղտնալսում իրականացնելու գործընթացը: ԱԱԾ տնօրենը նաև նշել էր, որ այդ գաղտնալսման հիմնական շարժառիթը եղել է իր հրաժարականին հասնելը: 
Իսկ հրաժարական, հիշեցնենք, Վանեցյանը տվեց, սակայն ոչ թե այս խայտառակ դեպքից հետո (իրեն հարգող հատուկ ծառայության ցանկացած ղեկավար անմիջապես դիմում կգրեր), այլ մոտ մեկ տարի անց՝ 2019-ի սեպտեմբերի 16-ին։ (Իսկ այդ ընթացքում երկիրը հասցրել էին լքել քրեական հետապնդման ենթարկվող մի շարք նախկին պաշտոնյաներ, որոնցից մեկը՝ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, նկատենք, ևս ի թիվս Վանեցյանի, սատարում է Բագրատ սրբազանի քաղաքական ակցիային և միացել է տավուշյան քայլերթին)։  «Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը: Խաղաղություն ու անվտանգություն մեր երկրին»,- իր հրաժարականի անհասկանալի, խառնափնթոր տեքստում նշել էր Վանեցյանը։ 

Հարկ է նկատել, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյայի հրաժարականի որոշումը օպերատիվ կերպով ողջունեց ՀՀ-ն լքել հասցրած ու արտերկրում ծվարած մեկ այլ պաշտոնյա՝ նախկին նախագահի փեսա  Միքայել Մինասյանը։ «Անշուշտ, անդունդը գլորվող գնացքը ժամանակին լքելը և կատարվողի մեջ ավելի խրվելուց հրաժարվելը մեծ «զեղչեր» կտան պարոն Վանեցյանին, բայց, այնուամենայնիվ, այդ հարցերը հնչելու են, և դրանց պատասխաններն ակնկալվելու են: Անկասկած, այդ հարցերի պատասխանները նաև ստացվելու են: Հ. Գ. Բանականության հետ խնդիրներ ունեցող ռեժիմից ազատվելուց հետո պետք չի կրկնել այդ նույն ռեժիմի սխալները: Բարի գալուստ բանական աշխարհ»,- ֆեյսբուքի իր էջում  գրել էր Մինասյանը։ Ի դեպ, «գող, սիրտը դող» հոգեվիճակում գտնվող Վանեցյանը, արձագանքելով իր հրաժարականի մասին հանրային արձագանքներին և փորձելով  «մաքրվել» նախկին նախագահի վտարանդի փեսայի խամաճիկը լինելու մասին կասկածներից, խրոխտ հայտարարել էր՝ «որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Մինասյանը իմ համար մարդ է, որը դեռ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, և քննությունը պատասխանը կտա՝ արդյոք Միքայել Մինասյանը պետք է կանգնի՞ օրենքի առջև, թե՞ ոչ»։ Մինասյանը, նկատենք, նրա այս հայտարարությունից տարիներ անց օրենքի առաջ է կանգնած, նրա վերաբերյալ քրեական գործը դատարանում է, իսկ այ Վանեցյանը այս հայտարարությունից երկու տարի անց դաշինք կազմեց վերջինիս աներհայրիկի՝ Սերժ Սարգսյանի հետ և մտավ ԱԺ, ապա՝ դրեց մանդատը։   
         
Ուշագրավ է, որ գաղտնալսման այս սկանդալային գործի շուրջ հարց հնչեց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի կողմից  ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ  գլխավոր դատախազության՝ 2023 թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ։ Ըստ այդմ՝ ինչո՞ւ էր ՀՀ ԱԱԾ նախկին պետը  հեռախոսով խոսում ՀԱՊԿ-ի, Խաչատուրովի և Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին։ Մեր երկրում գործող  «5-րդ շարասյան» ու դրա գործողությունների մասին խոսակցությունների ֆոնին, Քոչարյանի խոսքով, իր համար  մինչ օրս անհասկանալի է, թե ի՞նչ է հայտնի դարձել սույն գաղտնալսման գործից։  «Դրանց բացահայտումը մեր երկրի ազգային անվտանգությունից է բխում. չբացահայտված մնալը մեր երկրի համար սպառնալիք է։ Ես մի դեպք պատմեմ՝ երբ դեռ Արթուր Վանեցյանը մասնակցում էր ԱԺ խորհրդի նիստերին, երբ դեռ մանդատը վայր չէր դրել, նիստերից մեկի ավարտից հետո նա առանձնազրույց ունեցավ ինձ հետ՝ ասելով, թե ինչո՞ւ եմ ես իմ հրապարակային խոսքում միշտ ասում՝ ԱԱԾ նախկին տնօրենի հետ գաղտնալսումը բացահայտված չէ։ Նա ինձ ասաց, թե այդ գործը բացահայտված է, ու անուն տվեց։ Ես լրագրողներին հորդորեցի Վանեցյանից իմանալ այդ անունը, սակայն չի պատասխանել այդ հարցին։ Վանեցյանն ինձ ասել էր՝ ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական կամք ունենան ու հայտարարեն, որ այդ դեպքն իսկապես բացահայտված է»,- պատմեց Քոչարյանը։ Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազը հայտնեց՝ սույն գործի հետ կապված գաղտնիության սահմանափակում կա, այդ պատճառով գործով շատ մանրամասներ հրապարակային չեն դարձել։ «Պարոն Քոչարյան, փաստորեն Արթուր Վանեցյանը ձեզ այլ անուն է տվել, քան այն, ինչ կա քրեական գործում»,- նկատեց  Աննա Վարդապետյանն ու խնդրեց Քոչարյանին իր ունեցած տվյալները ոչ հրապարակային փոխանցել իրենց։ Անդրանիկ Քոչարյանն էլ  իր հերթին հավելեց՝ վստահ չէ, որ ԱԱԾ նախկին տնօրենն իր հետ մինչև վերջ անկեղծ է եղել այդ անունն ասելուց, քանի որ նրա նպատակը մեկն է եղել՝ որ ինքը՝ Քոչարյանը,  իր հրապարակային խոսքում Վանեցյանի մասին արտահայտվելիս  չգործածի «գաղտնալսված ԱԱԾ տնօրեն» կապակցությունը։

Հարկ է նկատել, որ այսօր, երբ երկրի վարչապետի հրաժարականի հարցը կրկին օրակարգ է բերվել ընդդիմության և նրան սատարող արտաքին հովանավորների կողմից, «կադրային չեկիստները» «ստարտի» են  և վստահաբար հրահանգավորված՝ «ոգով» հաղթելու «դուխին»։ Երբ ասում ենք արտաքին հովանավորներ, միայն այլ պետություններին նկատի չունենք, այլ նաև այդ այլ պետություններում ծվարած զանազան փեսաների, որոնց ականջներն, ի դեպ,  արդեն սկսել են երևալ քայլերթն իրականացնողների հետևում։   

Հեղինե Մանուկյան