Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գաղտնալսման գործով պաշտոնեական լիազորություններն անցնելու քր․ գործը կարճվել է»․ ՔԿ խոսնակ

«Գաղտնալսման գործով պաշտոնեական լիազորություններն անցնելու քր․ գործը կարճվել է»․ ՔԿ խոսնակ
Քաղաքականություն
16:50, 05 апрель 2021
2018-ի սեպտեմբեր, դեկտեմբեր ամիսներին համացանցում տարածվել էին գաղտնալսված հեռախոսազրույցների ձայնագրություններ, որոնցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քննարկում էին մարտի 1-ի գործը։ Գաղտնալսման մեջ, մասնավորապես, խոսվում էր այն մասին, թե ինչպես էր դատավորներից մեկը զանգել ԱԱԾ տնօրենին և հարցրել, թե պաշտոնաթող նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի ընտրության հարցով ի՞նչ որոշում է անհրաժեշտ կայացնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ մեկնաբանել էր անանուն աղբյուրի տարածած հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրությունը՝ նշելով, որ իրենք «շանտաժի չեն տրվելու», գաղտնալսման հեղինակները նախկին «մանր ու մեծ չինովնիկներն» են: 
 
Այնուհետեւ Գլխավոր դատախազությունում հարուցվել էին 2 քր․ գործեր` պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու` համացանցով տարածելու դեպքերի առթիվ, որոնք ուղարկվել էին Քննչական կոմիտե։
 
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, որ գաղտնալսման ֆայլերը տարածվել էին ԱՊՀ երկրից եւ այլ բան չի կարող ասել։ 
 
ՀՀ ՔԿ  խոսնակ Ռիմա Եգանանը Civic.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեց, որ «ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում» վերտառությամբ հրապարակումներում տեղ գտած պաշտոնեական լիազորություններն անցնելու առկայությունը մատնանշող քր․ գործը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Այս գործով Նիկոլ Փաշինյանն ուներ վկայի կարգավիճակ։

Իսկ հեռախոսային խոսակցությունները ապօրինի գաղտնալսելու և համացանցում տարածելու դեպքի առթիվ հարուցված քր․ գործի նախաքննությունը շարունակվում է: Այս գործով Նիկոլ Փաշինյանը, ՀՔԾ պետը եւ ԱԱԾ նախկին պետը ճանաչվել էին որպես տուժողներ և հարցաքննվել:
 
Գեղամ Ադյան