Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞վ է Բագրատ սրբազանի «գիրկը» գործուղել նախկին ՄԻՊ, «Սերժի կադր» Արման Թաթոյանին. ՀՀԿ-ն «խաչակնքում է»՝ համոզելով՝ «կապ չունենք»

Ո՞վ է Բագրատ սրբազանի «գիրկը» գործուղել նախկին ՄԻՊ, «Սերժի կադր» Արման Թաթոյանին. ՀՀԿ-ն «խաչակնքում է»՝ համոզելով՝ «կապ չունենք»
Քաղաքականություն
15:00, 08 май 2024
Արման Թաթոյան. ահա այն գործիչը, որին Բագրատ արք. Գալստանյանի գլխավորած տավուշյան քայլերթին միացած ուժերը պետք է ներկայացնեն որպես ընդդիմության վարչապետի «միասնական թեկնածու», երբ հասնեն Երևան և սկսեն հերթական անգամ գլուխ բերել իշխանափոխության՝ մի քանի անգամ ձախողված օրակարգը։ Նախկինում, նկատենք, այդ օրակարգը ֆիասկո է արձանագրել, քանի որ այն առաջ մղողները իրենց անցած ճանապարհով, թողած հետագծով, քաղաքական և այլազան կապերով, մեղմ ասած, ատելի են եղել ժողովրդի լայն զանգվածների կողմից։ Հիշեցնենք, որ մասնավորապես «Դիմադրություն» շարժման օրերին սերժաքոչարյանական ընդդիմությունն այդպես էլ մինչև վերջ՝ շարժման փոշիացումը, ռիսկ չարեց հրապարակել վարչապետի իրենց թեկնածուի անունը, քանի որ հրապարակելու դեպքում շարժումը հաջորդ իսկ վայրկյանին, ինչպես ժողովուրդն է ասում՝  «փոզմիշ» էր լինելու, և ակնհայտ էր դառնալու դրա նպատակը՝  Արցախի անունը շահարկելով իշխանություն զավթել՝ դրանից բխող հետևանքներով։ Երկու տարի առաջ ճիշտ այս օրերին  քաղաքական կուլուարներում հոլովվում էր նախկին ՄԻՊ Թաթոյանի անունը՝ որպես քիչ թե շատ տանելի անուն «Դիմադրություն» շարժման առաջնորդ կարգելու, ապաև՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու համար, սակայն, ըստ լուրերի,  ընդդիմության ագիտպրոպը որոշեց  ձեռնպահ մնալ «պահեստային» այդ թեկնածությունը Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցող  պրոցեսների ֆոնին հոլովելուց։ Ինքը՝ Թաթոյանն էլ, արձագանքելով այդ լուրերին, նշել էր. «Բացարձակ աբսուրդ է, հորինված ինֆորմացիա, կեղծիք, որն անգամ մեկնաբանության ենթակա չէ»։  

Որոշ ժամանակ անց էլ, երբ «Դիմադրություն» շարժումը հասավ  հաջորդ «ֆազային»՝ Նիկոլ Փաշինյանին  անվստահություն հայտնելու գործընթաց սկսելուն, որի դեպքում, ըստ  Սահմանադրության պահանջի, պետք է  հայտներ նաև ընդդիմության կողմից առաջադրվելիք վարչապետի թեկնածուի անունը, ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանն անկեղծացել էր. «Ում անունն էլ ասես՝ մի բան կգտնեն։ Մեր վատն ի՞նչն է, մենք հերոս, որպես այդպիսին, շատ դժվար ենք ընդունում,  մենք ազգային հերոսներ շատ քիչ ունենք,  որը անբիծ, ամբողջ պատմության ընթացքում ընդունվում է, և բոլորս որպես օրինակ ուզում ենք նմանվել դրան։ Հազար բան կգտնեն վրեն»։ Ռուստամյանն այնուհետ մի քիչ էլ է անկեղծացել, թե՝  ունի սեփական նախընտրելի թեկնածուն, սակայն չի ուզում նրա անունը տալ, քանի որ, իր իսկ խոսքով՝   «ատելի են անունները»։ «Ում անունն էլ տաս՝ հազար ֆեյք լրատվականներով ցեխ կլցնեն, ուստի չեմ ուզում այդ մարդուն ժամանակից շուտ ցեխարկման թիրախ սարքել»։ Ի դեպ, Թաթոյանի թեկնածության մասին՝ որպես  վարչապետի պաշտոնի հավանական թեկնածուի, մամուլը գրել էր նաև 2021-ին, ԱԺ ընտրություններից ամիսներ անց, երբ նա դեռևս պաշտոնավարում էր ՄԻՊ պաշտոնում։   «Թաթոյանին ամեն գնով ուզում է իր կողմը գրավել «Ապրելու երկիր» կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանը, նույնիսկ ասում են, որ ցանկանում է խորհրդարանական հաջորդ ընտրություններին Թաթոյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու»,- գրել էր թերթերից մեկը, ինչին ի պատասխան ՄԻՊ գրասենյակն արձագանքել էր. «Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։ Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»։ Ասել կուզի՝ չեն առաջարկել, բայց դեմ չէ։ 

Թաթոյանը, որպես «ունիվերսալ» վարչապետի թեկնածու, փաստորեն պահանջարկված է նաև այս օրերին. հաշվարկն, ըստ ամենայնի,  այսպիսին է. նա, լինելով օմբուդսմեն գործող իշխանության օրոք, ընդունելի չի եղել վերջիններիս կողմից, տարակարծություններ է ունեցել մի շարք հարցերում, այսպես ասած՝ «հակաճառել» է իշխանությանը, պաշտոնաթողությունից հետո էլ, հիմնադրելով  «Թաթոյան» հիմնադրամը,  ակտիվ հասարակական գործունեություն է իրականացրել՝ այցելել է սահմանամերձ բնակավայրեր, լսել  մարդկանց անհանգստությունները, ամոքել,  «գույքագրել»  նրանց անվտանգության հետ կապված խնդիրները և այլն... մի խոսքով, հանրության շրջանում «չեզոք-պոզիտիվ» ընկալում ունի և կարող է չնույնացվել այս կամ այն քաղաքական ճամբարի հետ։  Տավուշյան քայլերթն էլ, ինչպես հայտնի է, ամեն կերպ փորձ է արվում ներկայացնել որպես ինքնաբուխ, որևէ քաղաքական ուժի կողմից չուղղորդվող միջոցառում, որի «ոգուն և տառին» համահունչ էլ կլինի Թաթոյանի պես թեկնածուի առաջքաշումը՝ որպես բոլոր ճամբարների կողմից ընդունելի վարչապետացու։ 

Ի դեպ, վերջինս նախօրեին ՀՀԿ-ի կողմից հովանավորվող «168 ժամ»-ի  տաղավարում  հայտարարել էր, թե չի պատրաստվում անմասն մնալ քաղաքական պրոցեսներից, «ավելին՝ պատրաստվում եմ իմ մասնակցությունը բերել այդ գործընթացին, ձևաչափի հարցը քննարկման փուլում է, հարցի իրականացման արդյունավետությունից ելնելով որոշումը կկայացվի»։ Այսօր էր հայտնի դարձավ, որ Թաթոյանը միացել է քայլերթին, և, անդրադառնալով դիտարկմանը, որ որպես վարչապետ թեկնածու հենց իր անունն է շրջանառվում, նախկին ՄԻՊ-ը  լրագրողների հետ զրուցում ազդարարել է. «Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, աջակցելու»։  

Հարկ է նկատել, որ Թաթոյանը ՄԻՊ թեկնածու էր առաջադրվել 2016-ին, ՀՀԿ-ի կողմից։ Իսկ ՀՀԿ-ն նման պաշտոնում հենց այնպես՝ առանց  «ֆիլտրացիայի» թեկնածու առաջադրել չէր կարող, այն էլ՝ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին  սկանդալային մթնոլորտում պաշտոնանկ  անելուց հետո։ Դեռ այն ժամանակ խոսակցություններ շրջանառվեցին, թե Թաթոյանը  փեսա Միշիկի  հովանավորյալն է, թեև  Թաթոյանի պնդմանը, որ անձնապես չի ճանաչում հիշյալ  սուբյեկտին։ Նկատենք, որ ՄԻՊ թեկնածուն  այդ ժամանակ արդարադատության նախարար, ՀՀԿ-ական  Արփինե Հովհաննիսյանի  տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում, աշխատել է նախկին մի քանի նախարարների՝ ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի, Հովհաննես Մանուկյանի օրոք (2013-2016թթ.)։

Կարճ ասած, Թաթոյանն ընկալվում է որպես «Սերժի կադր», նախկինների հետ աֆիլացված գործիչ, որը քաղաքականություն է մտնում նախկին իշխող ուժի ուղղորդմամբ և հովանավորմամբ։ Օրերս, շտապելով հերքել Թաթոյանի՝ ՀՀԿ-ի կողմից  քաղաքականություն գործուղվելու մասին լուրերը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, կարկառուն ՀՀԿ-ական Տիգրան Աբրահամյանը news.am-ին հայտնել էր. «ՀՀԿ-ն մշտապես իր առաջին դեմքերի, նաև՝ կուսակցության գործադիր մարմնի միջոցով ներկայացնում է իր անելիքները, իր դիրքորոշումները տարբեր հարցերի վերաբերյալ։ Անկեղծ ասած, սա, կարծում եմ, ավելի շատ իշխանական ուղղորդում ունեցող քարոզչական թեզ է, այսպես կոչված՝ նախկիններ, ներկաներ դիլեմայի մեջ տեղավորելու։ Բոլոր այն ուժերը, որոնք ունեն ռեսուրս այս իրավիճակից դուրս գալու, նրանց գործունեությունը պետք է ողջունել։ Բայց կապել որևէ ձևով Արման Թաթոյանին ՀՀԿ-ի հետ՝ էս իրավիճակում ուղղորդման կամ քաղաքական տանիքի տեսանկյունից, ես կարծում եմ, որ այսպիսի մոտեցումները նպաստավոր են միայն իշխանության համար։ Իշխանություննները ինչպես փորձում են Բագրատ սրբազանին այս կամ այն կերպ կապել այս կամ այն գործչի հետ, ՌԴ-ի հետ, նույնն էլ հիմա այս դեպքում է տեղի ունենում։  Բայց ես անձամբ իրեն (Թաթոյանին-խմբ.) նորմալ եմ վերաբերվում՝ որպես մարդու, որպես գործչի, և հաջողություն եմ մաղթում»։   

Աբրահամյանը միաժամանակ խոստովանել էր, որ եկեղեցու կողմից նախաձեռնված շարժումը  որքան էլ քաղաքացիական է, բայց քաղաքական իրողություններով է պայմանավորված։  Հետևապես երկրում առկա իրավիճակը քաղաքական լուծումներ է ենթադրում։ «Եկեղեցին լավ օրից չէ, որ իր վրա է վերցրել նման շարժում առաջնորդելու առաքելությունը»,- նկատում է Աբրահամյանն ու «նամյոկ անում»՝ թեև  եկեղեցին է շարժումը սկսել, բայց հո մինչև վերջ չի՞ տանելու, այն իրավիճակում, երբ քաղաքական մարմիններին է պատվիրակված երկրի հարցերը լուծելը։  Հետևապես  պատեհ պահին պետք է մի կողմ քաշվի՝ էստաֆետը հանձնելով քաղաքական ուժերին, որոնք էլ, ի վեջո, կտան երկրիս վիճակի  քաղաքական լուծումները։ 

Հ. Մանուկյան