Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսպես է լինում, երբ եկեղեցականը դուրս է գալիս «տաճարի» դարպասներից

Այսպես է լինում, երբ եկեղեցականը դուրս է գալիս «տաճարի» դարպասներից
Քաղաքականություն
15:18, 09 май 2024
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ինչպես և նախորդ շարժումները՝ «Հայրենիքի փրկության», «Դիմադրության»,  գրեթե նույնությամբ կրկնօրինակում, եթե չասենք՝ կապկում են 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության քարոզչական հնարքները, գործողությունների բովանդակությունը։ 

Դրանց դեռ կանդրադառնանք, այժմ խոսենք քայլերթի PR խմբի մի «նորամուծության» մասին։  Բագրատ սրբազանին դիմավորող, ողջունող, աջակցողներն (ըստ սցենարի) պետք է հիացմունք, սեր, գորով, խինդ արտահայտեն, մի զգացողություն, որը մարդու մեջ ի հայտ է գալիս փրկչին, մեսիային տեսնելիս, ու ցատկոտելով, էքստազի մեջ ընկածի թեթևությամբ թռչեն սրբազանի գիրկը... (տե՛ս շոուբիզնեսի որոշ ներկայացուցիչների, քաղաքական որոշ գործիչների վարքագիծը, որոնք ֆեյսբուքյան «մեմերի», ծաղրական մեկնաբանությունների թեմա են դարձել)։ 

Նման վարքը, նկատենք, եկեղեցականի հետ շփման «պրոտոկոլի» կոպտագույն խախտում է, անբնական, գռեհիկ, անքաղաքավարի վարքագիծ։ 

Բագրատ սրբազանին որպես դեկորացիա (սա ասում ենք սրտի կսկիծով), իրենց քաղաքական շահերի համար անողոքաբար շահագործող «թայֆային», դրա քարոզչական պատասխանատուներին պետք է հուշել, որ հոգևորական-հոտի ներկայացուցիչ շփումը ենթադրում է որոշակի դիստանցիա, ընդգծված զսպվածություն, երկյուղածություն, խոնարհում հանդեպ «Աստծու սպասավորը», այլ ոչ թե հաղորդակցության «կարմիր գծերի» հատում՝ անբարեկրթության հասնող հրճվանք ու հեշտանք, եթե կուզեք՝ սանձարձակություն։ 
Ցավ ի սիրտ արձանագրենք, որ սրբազանն էլ դուրս է գալիս, այսպես ասած, «մասնագիտական էթիկայի» շրջանակներից և ողջագուրվելու ընդունված կանոնը կոպտորեն խախտելով՝ «տաճարը»  իջեցնում է «փողոցի» մակարդակի։ 
Այսպես է լինում, երբ հոգևորականին դուրս են բերում, և կամ ինքն է կամովին դուրս գալիս օրգանիկ՝ եկեղեցականին պատշաճող, եկեղեցականավայել վիճակից՝  «տաճարի» դարպասներից և... ՀԱՂԹՎՈՒՄ «փղշտացիների» կողմից։