Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծիծաղելի են լուրերը, թե իբր Գյումրիում ՔՊ-ն գաղտնի պայմանավորվածություն ունի «Բալասանյան» դաշինքի հետ․ Վահագն Ալեքսանյան

Ծիծաղելի են լուրերը, թե իբր Գյումրիում ՔՊ-ն գաղտնի պայմանավորվածություն ունի «Բալասանյան» դաշինքի հետ․ Վահագն Ալեքսանյան
Քաղաքականություն
13:39, 26 сентябрь 2021
Հոկտեմբերին Գյումրիում կկայանան ՏԻՄ ընտրություններ, որոնք արդեն երկրորդ անգամ կանցկացվեն համամասնական ընտրակարգով։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 7 կուսակցություն: Առաջադրված ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, «Հայրաքաղաք» դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Թասիբով» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Վերջերս շրջանառվում են լուրեր, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը գաղտնի պայմանավորվածություն ունի «Բալասանյան» դաշինքի հետ։

Civic.am-ը փորձեց պարզել լուրերի իսկությունը ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանից։

 -Պարոն Ալեքսանյան, Գյումրիում լուրեր են շրջանառվում, որ ՔՊ-ն գաղտնի պայմանավորվածություն ունի «Բալասանյան» դաշինքի հետ, և որ քաղաքացիները, ընտրելով «Բալասանյան» դաշինքը, անուղղակի իրենց քվեն նաև ձեզ են տալիս։ 
 

-Այդ լուրերը ծիծաղելի են։ Նման բան չկա և լինել չի կարող։ Եթե մենք պայմանավորվելու խնդիր կամ ցանկություն ունենայինք «Բալասանյան» դաշինքի հետ, ապա համատեղ դաշինքով հանդես կգայինք այս ընտրություններին։ Այս ամենը շատ նման է 2018-ի ընտրություններին, երբ քաղաքական ուժերից մեկը շրջում էր Հայաստանի մարզերում և չտեղեկացված քաղաքացիներին հենց այդ նույն սուտն ասելով՝ համոզում էր իրեն ընտրել։ Մեկ անգամ էլ եմ ասում՝ «Քաղաքացիական պայմանագիրը» «Բալասանյան» դաշինքի հետ ոչ մի պայմանավորվածություն չունի, շրջանառվող լուրերը սուտ են և աղերս չունեն իրականության հետ։