Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը և ՄԱՀՀԻ-ը ստորագրելու են Համագործակցության հուշագիր. Ռուբեն Մեհրաբյան

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը՝ հանձին կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի, և Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը՝ հանձին հիմնադիր և ղեկավար Ստեփան Սաֆարյանի, ստորագրելու են Համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամները, քաղաքական խորհրդի անդամները, ակտիվիստները ՄԱՀՀԻ-ում կանցնեն ժողովրդավարության դպրոցի դասընթացներ: Այս մասին տեղեկացրեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ, ՄԱՀՀԻ ծրագրերի համակարգող Ռուբեն Մեհրաբյանը և հավելեց. «Այդ քաղաքական գիտելիքներով զինված՝ կուսակցականները կզբաղվեն քաղաքականությամբ»: 

Նրա խոսքով՝ սա աննախադեպ է նրանով, որ դա առաջին քաղաքական ուժն է, որ իրենց ինստիտուտի հետ համագործակցության նման ձևաչափ է ձևավորում, որը միայն ու միայն հարստացնելու է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը:

«Սա, կարծում եմ նաև, շատ լավ օրինակ կծառայի այլ քաղաքական ուժերի համար: Այնպես չէ, որ մենք մեզ էքսկլյուզիվ ինչ-որ բան ենք վերապահում, սա պարզապես քայլ է, որը պետք է օրինակ ծառայի, որոշակի նշաձող սահմանի թե՛ վերլուծական կենտրոնների, թե՛ քաղաքական կազմակերպությունների համար»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը և բարի երթ մաղթեց:

Մանրամասները՝ տեսանյութում