Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հասարակությունը պետք է տարանջատի շինծու քաղաքական նպատակներն ու մերժի դրանց սպասարկուներին. Անդրանիկ Քոչարյան

«Պատերազմից հետո մեր պետության անվտանգային նոր և առանց այն էլ դյուրագրգիռ իրավիճակում գրեթե ամեն օր ականատես ենք լինում չստուգված ու չզտված տեղեկատվության անխոչընդոտ տարածմանը»,- այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ պատգամավորների հայտարարությունների ժամին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը և հավելեց, որ դա իր հերթին լարվածության անկառավարելի օջախներ է առաջացնում, որոնք էլ թուլացնում են մեր անվտանգության համակարգը:

Նրա խոսքով՝ հատկապես մեծ լսարան ունենալու պարագայում և անհատները, և քաղաքական դաշտը պետք է զերծ մնան առանց լիազոր մարմինների հաստատման տեղեկատվություն տարածելուց և էմոցիոնալ, սուբյեկտիվ տեսակետը որպես փաստ ներկայացնելուց. «Ինֆորմացիոն անկառավարելի հոսքը լրացուցիչ բարդություններ է առաջացնում մեր երկրի անվտանգության պատասխանատուների համար»:

Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց, որ հասարակությունը պետք է տարանջատի, ֆիլտրի կեղծ շահերը, շինծու քաղաքական նպատակներն ու մերժի դրանց սպասարկուներին. «Բոլորիս համար կա մեկ համընդհանուր շահ՝ պետական շահը, որը ենթադրում է մեր երկրի սահմանների անվտանգության անխափան ապահովումը»:

Նա առաջարկեց զերծ մնալ խառնակչություններից, հետևել միայն պաշտոնական, ստուգված և հաստատված տեղեկատվությանը: