Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքե՞ր են կանգնած Վանաձորի, Սպիտակի ու Վեդու ՀՀԿ-ական համայնքապետերին ՏԻՄ-ում առաջադրած «Իմ հզոր համայնք»-ի հետևում, և ինչո՞ւ է ՀՀԿ-ն խուսափում հանդես գալ սեփական դեմքով

Ովքե՞ր են կանգնած Վանաձորի, Սպիտակի ու Վեդու ՀՀԿ-ական համայնքապետերին ՏԻՄ-ում առաջադրած «Իմ հզոր համայնք»-ի հետևում, և ինչո՞ւ է ՀՀԿ-ն խուսափում հանդես գալ սեփական դեմքով
Քաղաքականություն
19:45, 28 октябрь 2021
Առաջիկա ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, ինչպես հայտնի է, անվանական դաշինքներով հանդես գալու որոշակի տենդենց է նկատվում, որի գաղափարը ի հայտ եկավ Գորիսում «Առուշանյան» դաշինքի ձևավորումից և նրա գրանցած հաղթանակից հետո։

Նոյեմբերի 14-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, օրինակ, Սևանում ձևավորվել է «Սարգիս Մուրադյան» դաշինքը, Վանաձորում՝ «Ասլանյան» դաշինքը,  որոշ տեղեկությունների համաձայն՝ Ապարանում ևս գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը հանդես է գալու «Եղիազարյան» դաշինքով։ Նույնը՝ Վեդիում և մի քանի այլ համայնքներում։
 
Այս տենդենցին զուգահեռ՝ մեկ այլ հանգամանք  է ուշագրավ. թվարկված այս գործող համայնքապետերից մի քանիսը առաջադրվել են անհայտ մի կուսակցության ցուցակով։ Կուսակցության անունը «Իմ հզոր համայնք» է։ 

Սպիտակ քաղաքի երկարամյա ՀՀԿ-ական ղեկավար Գագիկ Սահակյանը, օրինակ, առաջադրվել է հենց այս կուսակցության ցուցակով։ Ցուցակի առաջին համարն է։ 

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի «Ասլանյան» դաշինքում ևս ընդգրկված են այս ու «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները։ 
Ինքը՝ Մամիկոն Ասլանյանը, չխոսեց «Իմ հզոր համայնք» կուսակցության, դրա հիմնադիրների, իրական նպատակների մասին։ Նա անգամ նշել է, որ նրանք որևէ կարևորություն չունեն իր ստեղծած դաշինքի համար։

Սպիտակի համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը ևս մեզ հետ զրույցում խուսափեց հարցին ուղիղ պատասխանելուց, երբ հարցրինք, թե, ՀՀԿ-ական լինելով, ինչո՞ւ է որոշել անհայտ մի կուսակցության ցուցակով առաջադրվել: «Կուսակցության անունը կարդալուց ձեզ համար արդեն ակնհայտ պետք է լիներ։ Նպատակը համայնքը հզորացնելն է»,- ասաց Սահակյանը։

Մեր դիտարկմանը՝ համայնքը ՀՀԿ-ով հզորացնել այլևս հնարավոր չէ՞, Սահակյանն ասաց. «Ինչ նշանակություն ունի՝ ՀՀԿ կամ այլ կուսակցություն։ Այո, ես ՀՀԿ-ական եմ, բայց օրենքը չի արգելում ուրիշ կուսակցության ցուցակով առաջադրվել։ Կարող ա մենք օգտվում ենք առիթից ուղղակի»: Նա հավելեց, որ այս նորաստեղծ կուսակցությունը որևէ կապ չունի ՀՀԿ-ի հետ. «Ես, համենայնդեպս, չգիտեմ։ Իմ ընկերներն են, ուրիշ մարդ չկա»։
 
Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստի գործակալության տվյալներով՝ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը հիմնադրվել է այս տարվա մարտին, և  մինչև հոկտեմբեր ամիսը կուսակցությունը ղեկավարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, որը Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի աջակիցն է։ Իսկ այս տարվա հոկտեմբերի 7-ից նորաստեղծ կուսակցության ղեկավար է դարձել Արարատի մարզի Սիսավան համայնքի 13 տարվա ղեկավար Սպարտակ Թարթիկյանը։

«Իմ հզոր համայնք» կուսակցության հիմնադրման և նպատակների հետ կապված մի քանի հարց ուղղեցինք Թարթիկյանին։

- Պարոն Թարթիկյան, ի՞նչ նպատակ է հետապնդում Ձեր ղեկավարած նորաստեղծ կուսակցությունը, ովքե՞ր են կանգնած կուսակցության հետևում։

- Այո, մասնակցում ենք խոշորացված համայնքների ընտրություններին և պայքարում ենք  համայնքի ղեկավարի տեղի համար։

- Վեդիում Ձեր մասնակցությունը գուցե հասկանալի է, բայց Ձեր կուսակցությունը մասնակցում է նաև Վանաձորի, Սպիտակի և մի քանի այլ համայնքների ընտրություններին։ Ո՞րն է նպատակը։

- Թեկնածուներն են նման ցանկություն ունեցել, և մենք նրանց ցանկությունը չենք մերժել, համաձայնությունը տվել ենք։

- Այդ ցանկության տրամաբանությունը ո՞րն է։ Ինչո՞ւ պետք է երկարամյա ՀՀԿ-ական թեկնածուները, կրկին ընտրվելու մեծ ցանկություն ունենալով հանդերձ, առաջադրվեն նորաստեղծ կուսակցության ցուցակով։ 

-Ես իսկի չգիտեմ էլ՝ Վանաձորի կամ մյուս թեկնածուն Հանրապետական ա, թե ոչ, կամ դրա իմաստը որն ա։ Այնքան ծանրաբեռնված ենք մենք հիմա, դու զանգել ես, կուսակցության մասին ես հարցնում, տրամաբանություն ես ման գալիս։ Նոր կուսակցություն է, առաջիկայում տեղեկությունն ավելի շատ կլինի։

- Ովքե՞ր են ֆինանսավորում կուսակցությունը։

-Մենք ենք։ Ամեն ինչ մենք ենք անում, մեր ընկերներով, մեր  համախոհներով։

- Ովքե՞ր են ձեր ընկերները։

-Իմ ընկերները իմ ընկերներն են։ Ինձ ոչ մեկի հետ չկապեք։ Ես 13 տարի համայնքի ղեկավար եմ եղել, ոչ մի վայրկյան կուսակցական չեմ եղել։ Ընտրություններին աջակցել եմ ՀՀԿ-ին, անցած ընտրություններին աջակցել եմ «Պատիվ ունեմ» դաշինքին։ 

- Բա հիմա ինչո՞ւ որոշեցիք Ձեր կուսակցությունը բացել։

- Քանի որ այս  խոշորացված ընտրությունները պետք է  կուսակցություններով կամ դաշինքներով լինեն, ես էլ որոշեցի մեր կուսակցությամբ գնալ, ոչ մեկի հետ գործ չունենալ։ 

- Կուսակցությունը Նարեկ Սամսոնյանն է հիմնադրել, Դուք նոր եք դարձել  կուսակցության ղեկավար։ 

- Այո, անվանափոխություն ենք արել։

- Նարեկ Սամսոնյանն է՞լ է Ձեր ընկերը։

- Չէ, մեր ընկերը չի։ Նույնիսկ հիմա տեսնեմ, չեմ ճանաչի։

- Եթե չեք ճանաչում, ինչպե՞ս եք նրա ստեղծած կուսակցությունն անվանափոխել։

- Ցավդ տանեմ, ես զբաղված եմ։ Էլ չեմ կարող ձեր հարցերին պատասխանել։

- Իսկ հնարավո՞ր է, որ Դուք կուսակցության ուղղակի ձևական ղեկավարն եք և իրականում ուրիշն է ղեկավարում այն։ Մասնավորապես ՀՀԿ-ի պրոյեկտ է ձեր կուսակցությունը։

- Չէ, այ ցավդ տանեմ, ես եմ։ Ավագանու բոլոր անդամները մեր կուսակցության անդամներ են։ Ի՞նչ Հանրապետական։ 
 
Հ.Գ. Տպավորություն է, որ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստեղծվել է հենց այս ՏԻՄ ընտրությունների համար, որի հետևում կանգնած է ՀՀԿ-ն։ Ասել է թե՝ ՀՀԿ-ն որոշել է ռեբրեդինգի ենթարկվել և նոր դեմքով մասնակցել ընտրություններին։