Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կուսակցություն ստեղծած և քաղաքականությամբ զբաղվող քահանան կարգալո՞ւյծ կարվի

Կուսակցություն ստեղծած և քաղաքականությամբ զբաղվող քահանան կարգալո՞ւյծ կարվի
Քաղաքականություն
15:26, 01 декабрь 2021
Մայր Աթոռում այսօր կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը: Տեր Ղազարին կարգալույծ անելու դիմումը աթոռանիստ Էջմիածին է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը:

Դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է Արտաշատի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: 

Մամուլում այսօր ակտիվ քննարկվում է Տեր Ղազարին կարգալույծ անելու հարցը, որոշ տեղերում դա անգամ որակվում է որպես հետապնդում։ Իբրև թե Տեր Ղազարը հակաիշխանական հայացքներ ունի, դրա համար էլ նրան կարգալույծ են անում։

Նկատենք, սակայն, որ Տեր Ղազարը ոչ միայն հակաիշխանական հայացքներ ունի, այլև վերջին ամիսներին ակտիվ քաղաքականությամբ էր զբաղվում, անգամ կուսակցություն են ստեղծել և մասնակցում են դեկտեմբերի 5-ի ընտրություններին։ 

Կուսակցությունը կոչվում է «Քրիստոնեա Հայաստան», և Ապարանում, Արտաշատում, Վեդիում և մի քանի այլ համայնքներում սատարում են նախկին իշխանության հետ ասոցացվող թեկնածուների։ Օրինակ՝ Ապարանում այս կուսակցությունը պաշտպանում է գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանին, ով էլ որոշակի կապերով կապված է կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։ 

Ճիշտ է, կուսակցության նախագահը Տեր Ղազարը չէ, Հրաչյա դպիր Ներսիսյանն է, սակայն Տեր Ղազարը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ակտիվ քարոզչական նյութեր է տարածում, տեսաուղերձներ է տարածում, քննադատում գործող իշխանությանը։

Այս ողջ քարոզարշավի ընթացքում մենք այդպես էլ Մայր Աթոռից չկարողացանք պարզել՝ արդյոք Գարեգին Բ-ն տվե՞լ է իր համաձայնությունը, որպեսզի քահանաները կուսակցություն ստեղծեն և քաղաքականությամբ զբաղվեն, քանի որ կարծես թե հստակ է, որ քաղաքականությունն ու եկեղեցին անջատ են։ 

Ինչևէ, դեռ պարզ չէ, թե Մայր Աթոռն ինչ որոշում կկայացնի, սակայն երեկ արդեն Տեր Ղազարը իր տեսաուղերձներից մեկում փորձում էր հիմնավորել, որ սխալ է հոգևորականներին թույլ չտալը քաղաքականությամբ զբաղվել։