Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է ապրել Հայաստանում՝ «3+3»-ի հնարավորությունների մասին խորհուրդ տալու համար. Մանասերյանը՝ ռուսաստանցի պրոֆեսորին

Պետք է ապրել Հայաստանում՝ «3+3»-ի հնարավորությունների մասին խորհուրդ տալու համար. Մանասերյանը՝ ռուսաստանցի պրոֆեսորին
Քաղաքականություն
20:47, 15 декабрь 2021
Տարածաշրջանային համագործակցության «3+3» բանակցային հարթակի նախաձեռնությունը անմիջական կապ ունի եվրասիական ինտեգրման և Եվրասիական տնտեսական միության տնտեսական օգուտների մեծացման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ այդ մասին ասել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի Միջազգային հարաբերությունների, քաղաքագիտության և տարածաշրջանագիտության պրոֆեսոր, պատմագիտության դոկտոր Թամարա Գուզենկովան՝ իբրև հրավիրված բանախոս ելույթ ունենալով Եվրասիական փորձագիտական ակումբի 7-րդ ամենամյա համաժողովի շրջանակներում:

Այդ համատեքստում Գուզենկովան անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ դիվանագիտական և փորձագիտական քննարկումներին՝ բարձրացնելով այն հարցը, թե նոր բանակցային ձևաչափը ինչ նոր բան կարող է առաջարկել տարածաշրջանային իրավիճակի հանգուցալուծմանը:

«Ես այդ առումով հանգիստ եմ նայում գործընթացներին և հասկանում եմ, որ «աստղերը վառվում են»՝ նշանակում է, որ դա ինչ-որ մեկին պետք է: Այլ խոսքերով՝ հնացած բանակցային հարթակներին, որոնք հոգեբանորեն և դիվանագիտորեն սպառել են իրենց և չեն կարող սկզբունքորեն նոր բաղադրիչ առաջարկել հիմնախնդրի լուծմանը, փոխարինում են բանակցային նոր հարթակներ: Եվ դա շատ նորմալ է ու բնական», - կարծում է պրոֆեսորը:
Միևնույն ժամանակ, անդրադառնալով նմանատիպ նախաձեռնությունների նկատմամբ հայ հասարակության մտավախություններին և զգուշավորությանը՝ Թամարա Գուզենկովան շեշտեց, որ դա խորհրդակցական՝ «կոնսուլտատիվ» հարթակ է, որը միտված է տնտեսական խնդիրների լուծմանը:

«Եթե խոսենք, օրինակ, հայկական կողմի մասին, հույս ունեմ, որ իմ հայ գործընկերներն ու բարեկամները ինձնից չեն նեղանա, բայց իմ կարծիքով՝ հայ ժողովրդին և քաղաքական իսթեբլիշմենթին զգալի չափով հատուկ է «վիկտիմության»՝ պատմական զոհի սինդրոմը, հայ ժողովրդի հանդեպ պատմական անարդարության սինդրոմը: Իսկ ինչպե՞ս է դա փոխակերպվում քաղաքական պրակտիկայում: Դրանք կասկածամտության, զգուշավորության տարրերն են, հավելյալ հարաբերությունների և դաշինքների մեջ մտնելու մտավախությունը՝ հայ հասարակության վիճակին չվնասելու համար: Այդ ամենն, իհարկե, հարկավոր է հաշվի առնել, հասկանալ և հաղթահարել: Բայց ինձ թվում է, որ այս իրավիճակում շատ կարևոր է նաև այդ գործընթացին մասնակցող քաղաքական դասի կամային ինքնակազմակերպումը», - նշեց Գուզենկովան:

Ռուսաստանցի պրոֆեսորի կարծիքով՝ հայ քաղաքական գործիչները «չափից ավելի շատ են կախված հանրային կարծիքից»: Ըստ նրա՝ քաղաքական գործիչները, դիվանագետները և ոչ կառավարական կազմակերպությունները լուրջ աշխատանք պետք է իրականացնեն երկրում լարվածության աստիճանը իջեցնելու համար:

«Ես կուզեի նախազգուշացնել և որպես կին խորհուրդ տալ հայ գործընկերներին և բարեկամներին ուշադիր հետևել այս իրավիճակին և պահը բաց չթողնել, բաց չթողնել իրենց հնարավորությունների պահը, քանի որ իրավիճակը չափից ավելի շատ լարելը, սեփական շահերի բացարձակացումը և զիջելու ծայրահեղ դժկամությունը կարող են զրկել ձեզ այն հեռանկարներից, որոնք այժմ բացվում են ձեր առջև», - հավելեց Թամարա Գուզենկովան:
Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը հակադարձեց ռուսաստանցի պրոֆեսորին՝ ընդգծելով, որ պետք է ապրել Հայաստանում այդ տեսանկյունից հայ հասարակությանը խորհուրդներ տալու համար:

«Հայ հանրության զգուշավորության և «վիկտիմության» սինդրոմի վերաբերյալ պետք է ասեմ, որ, իհարկե, նման բան կա, դրա համար էլ մենք քննադատում ենք ինքներս մեզ և մեր առջև խնդիր ենք դնում առաջ շարժվելու, բայց հիշողությունը ոչ ոքի մոտ չի կորել, և մենք սովորում ենք թե՛ մեր և թե՛ բարեկամների ստացած դասերով: Ինչ վերաբերում է հնարավորությունները բաց թողնելուն՝ ես Ձեզ խորհուրդ կտամ, Դուք իմ շատ լավ գործընկերն եք, բայց պետք է ապրել Հայաստանում, որպեսզի այդ տեսանկյունից խորհուրդ տալ բաց չթողնելու «3+3»-ի հնարավորությունները: Շատ դժվար է բարեկամություն անել մի երկրի կամ երկրների հետ, որոնք դեռ նույնիսկ չեն էլ ավարտել մեր դեմ պատերազմը, որոնք հերոսացնում են քնած մարդուն գլխատողին, որոնք այսօր խոսում են տրանսպորտային կոմունիկացիաները բացելու մասին, բայց չեն բացում ներքին կոմունիկացիաները, որպեսզի մարդիկ կարողանան այցելել իրենց հարազատների գերեզմանները հարևան գյուղերում: Դա զուտ հումանիտար խնդիր է», - դիմելով Թամարա Գուզենկովային՝ ասել է Թաթուլ Մանասերյանին:

Տնտեսագետը կարծում է, որ այդ խնդիրների լուծման համար առաջին հերթին անհրաժեշտ է հասնել նրան, որ ազնվությունն ու արդարությունը գերակայեն մեր փոխհարաբերություններում:

«Մենք չենք կարող նման հիմքեր ունենալով ասել՝ «բարի գալուստ մեր երկիր, պարոն Ալիև», որը նույնիսկ Երևանն է համարում «բնիկ ադրբեջանական հող»», - շեշտեց Թաթուլ Մանասերյանը: