Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով»․ Արա Այվազյան

«Ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով»․ Արա Այվազյան
Հայաստան
11:54, 23 февраль 2021
Աժ-ում տեղի ունեցավ Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ ելույթ ունեցավ ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Նախարարը խոսեց տրանսպորտային և տնտեսական տարածաշրջանային ապաշրջափակման մասին՝ ասելով, որ հաղորդակցույթունների ապաշրջափակման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ։

«Ինչպես նշված է եռակողմ հայտարարության մեջ ապաշրջափակումը պետք է իրականացվի համապարփակ կերպով, ինչը հնարավորություն կտա օգտագործել տարածաշրջանային ներուժն առանց աշխարհաքաղաքական նախապատվությունների», - ասաց Արա Այվազյանը։ 

Խոսելով ԵԱՏՄ-ի մասին՝ նախարարը նշեց, որ մինչև 2020 թվականը, չնայած տնտեսական բոլոր դժվարություններին ակնհայտ էր միության անդամ պետությունների առևտրաշրջանառության խթանման, միասնական շուկաների ձևավորման, սոցիալ-տնտեսական զարգացման առանձին ցուցանիշների մոտարկման և զարգացման դրական միտումը։ Այնուհետ ավելացրեց, որ համավարակով պայմանավորված սահմանափակումները բացասաբար են ազդել ԵԱՏՄ ներքին փոխադարձ առևտրի ծավալների վրա։ 

Սակայն, չնայած սրան՝ միության անդամ պետությունների կողմից տնտեսություններին օժանդակելու ակտիվ  միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսական անկման խորությունը բավականին նվազեց, իսկ միավորման գործիքակազմի շնորհիվ հաջողվեց մեղմել տնտեսական բացասական հետևանքները։ «Անշուշտ, ԵԱՏՄ շուկան արտահանման առումով Հայաստանի համար մեծ առավելություններ ու նշանակություն ունի։ ԵԱՏՄ ապրանքների արտաքին շուկաներ դուրսբերմանն ուղղված միասնական ջանքերը կօգնեն Եվրասիական արտադրողներին համատեղ դուրս գալ արտաքին շուկաներ և կնպաստեն միության ներսում համագործակցային շղթաների առաջացմանը», - եզրափակեց Արա Այվազյանը։