Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե քաղաքապետը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, նա պետք է թողնի այդ պաշտոնը․ Հակոբ Բադալյան

Եթե քաղաքապետը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, նա պետք է թողնի այդ պաշտոնը․ Հակոբ Բադալյան
Քաղաքականություն
12:27, 17 декабрь 2021
Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Մի գրառում էլ քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Կրկնեմ, պաշտոնի, կարգավիճակի, այլ ոչ անձի կամ անձերի միջեւ եղածի մասին: Անձերն այստեղ արտահայտում են ընդամենը առկա երեւույթը: Հետեւաբար, անձերի փաստաբանությամբ, ջերմեռանդ պաշտպանությամբ կամ խարազանումով զբաղվողներին կխնդրեմ փնտրել դրսեւորման այլ պատեր:

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ չունի որեւէ կուսակցության հետ գործակցելու կամ անդամակցելու մտադրություն: Սա թերեւս ի պատասխան Իմ քայլի՝ «քաղաքական նոր հանգրվանում հաջողության» մաղթանքի:

Եթե Հայկ Մարությանը հայտարարեր, որ ունի այդպիսի մտադրություն, ապա կստացվեր, որ դրանով «արդարացնում» է իրեն անվստահություն հայտնելու «Իմ քայլի» մոտիվը: Մյուս կողմից սակայն, հետագա կուսակցական գործակցության կամ անդամության մտադրության բացակայությունը եւս արդարացնում է այդ մոտիվը: Ի վերջո, ուզում է որեւէ մեկը, թե ոչ՝ Երեւանի քաղաքային իշխանությունը քաղաքական երեւույթ է: Հետեւաբար, եթե քաղաքապետը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, նա պետք է թողնի այդ պաշտոնը:

Հարգելիներ, աշխարհում մի շարք պետական, քաղաքական գործիչներ հենց մայրաքաքաղաքային, կամ տվյալ երկրի խոշորագույն քաղաքային իշխանության համար պայքարով են սկսել իրենց քաղաքական կարիերան ու հասել ընդհուպ պետության առաջին դեմքի կարգավիճակի: Երբ քաղաքական դիրքում հայտնվում է մարդ, որը չի ուզում զբաղվել քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է անխուսափելիորն զբաղվում նրանով: Սա լոկ հայտնի խոսքի տրիվիալ կրկնությունը չէ: Քաղաքականությունն ունի ներգործության բազմաթիվ տեխնոլոգիաներ, երբ մարդն անգամ ակամա կարող է ներքաշվել պրոցեսների մեջ, որոնց քաղաքական խորությունը չի էլ կարող պատկերացնել, թվում է թե՝ ընդամենը զբաղվելով իր գործով:

Սա անկախ անձերից: Քաղաքական դիրքում հայտնվող մարդը պպետք է զբաղվի քաղաքականությամբ, ինչ ուղղությամբ ուզում է՝ դա իր իրավունքն է, բայց պետք է զբաղվի քաղաքականությամբ: Հակառակ պարագայում՝ հարցրեք Կարեն Կարապետյանին, որը քաղաքականությամբ զբաղվելու դեպքում կարող էր օգտակար լինել Հայաստանին՝ ինչքան էլ շատերի համար դա կհնչի տարօրինակ (այլ առիթներով ասել եմ, թե որտեղ կարող էր օգտակար լիներ Կարապետյանի գործոնը), փոխարենը նրանով զբաղվեց քաղաքականությունը:
Ըստ այդմ, ցանկալի կլիներ, որպեսզի քաղաքապետ Մարությանը հստակեցներ իր հետագա անելիքը ոչ թե որեւէ կուսակցության ձեւաչափում, այլ հետեւյալ տրամաբանությամբ՝ մտադի՞ր է մնալ քաղաքականության մեջ եւ ծավալել քաղաքական գործունեություն հետագայում, թե՞ ոչ: Եվ հաշվի առնելով այն հանրային աջակցության ծավալը, որ նա ուներ կամ ստացավ այս օրերին, թերեւս հետաքրքիր կլիներ, եթե նա ստանձներ այդ աջակցության առաջ քաղաքական պատասխանատվություն եւ հայտարարեր, որ մտադիր է մնալ քաղաքականության մեջ:

Որովհետեւ, կրկնեմ, քաղաքական մեծամասնության գործողության քաղաքական տրամաբանությունը հիմնավոր է երկու դեպքում էլ՝ եթե Մարությանը ուզում է զբաղվել քաղաքականությամբ, եւ՝ եթե նա չի ուզում զբաղվել քաղաքականությամբ: Տարբերությունը այս դեպքում այն է, թե արդյո՞ք Հայկ Մարությանն ուզում է իր կարգավիճակից բխող քաղաքական պատասխանատվություն ստանձնել իրեն նախկինում եւ այս օրերին աջակցող հանրային շերտերի առաջ: