Քոչարյանի կառավարման տարիներին էին մեծամասշտաբ ռեպրեսիաներն ու կալանքների մասսայական կիրառումը. նա այն նախագահն էր, որի օրոք «օրինականացված էր» ոստիկանությունում մարդկանց ծեծելը. փաստաբան
«Կալանավորումների այն քանակը, որն այսօր է, երբևիցե որևէ իշխանության օրոք չի եղել». այս  սենսացիոն հայտնագործության հեղինակը երեկ տարեվերջյան ասուլիս հրավիրած նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է։ Թե ի՞նչ քանակի կալանավորումների մասին է խոսքը՝ Քոչարյանը  ոչ մի վիճակագրական-համեմատական տվյալ չի ներկայացրել՝ հավանաբար այդպիսիք չունենալու պատճառով։ Նա նաև ասել է, թե «ՀՀ-ն դադարել է լինել ժողովրդավար, իրավական պետություն», «Երկիրը ժողովրդավարության ենթադրյալ բաստիոնից դարձել է տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոն»։ 

Փաստաբան, Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը, որը Քոչարյանի կառավարման տարիներին մի շարք գործերով  պաշտպանություն է իրականացրել, տարակուսած է պաշտոնաթող նախագահի խոսքերից։  «Քոչարյանի կառավարման տարիներին էին մեծամասշտաբ ռեպրեսիաներն ու կալանքների մասսայական կիրառումը։  Նա այն նախագահն էր, որի օրոք, կարելի է ասել, օրինականացված էր ոստիկանությունում  մարդկանց ծեծի ենթարկելը, և որևէ  կերպ քննություն չէր տարվում անգամ մեղավոր անձին հայտնաբերելու համար։  Դա պայմանավորված էր նրանով, որ Քոչարյանը թույլ էր տվել, որ այդ մեթոդը կիրառվի։ Պատահական չէ, որ 1998-2009 թթ. ժամանակաշրջանում հարուցված քրեական գործերով  Եվրոպական դատարան ներկայացված մեր բողոքները հիմնականում վերաբերում են  խոշտանգումներին, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքի,  իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի  բացակայության հետ կապված խախտումներին։ Հենց այս հիմնարար  իրավունքների խախտման փաստերով է Եվրոպական դատարանը պատժել Հայաստանին։ Իսկ դա արդեն երկրի, համակարգերի գործունեության, արդարության ընկալման մասին բավականին խոսուն վկայություն է։ Ինչ եմ ուզում ասել՝ մարդիկ իրենց անցյալը թողել են, ընկել են չգիտես ինչի հետևից։  Ես չեմ կարծում, որ Քոչարյանը, ինչպես միշտ,  ճիշտ է վերարտադրել իր հետագիծը»,- ասաց Սաֆարյանը։      

- Տիկին Սաֆարյան, այսօր և նախկինում տեղի ունեցած կալանավորումների թվի հետ կապված մի դիտարկում էլ. արդյոք Քոչարյանի օրոք կալանավորումը կիրառվո՞ւմ էր արդարության սկզբունքով, թե՞ խափանման այդ միջոցը  կամայական սկզբունքով էր կիրառվում և տարածվում էր միայն  ոչ յուրայինների վրա։  

- Մի բան շեշտեմ՝ չեմ կարծում, որ գործող իշխանության օրոք հնարավոր է ճեղքել արդարադատության դեմ կառուցված այն ամուր պատնեշներն ու պատերը, որոնք կառուցել են նախկին իշխանությունները։ Մենք տեսանք, թե Քոչարյանի և մյուսների գործով ինչպես հաղթահարվեց այդ պարիսպը և «արդարի» ու «անարդարի» պարիսպը ինչպես կարողացան «տարանջատել»  մեր դատարանները։ Դա նշանակում  է, որ Քոչարյանի իշխանության տարիներին նշանակված դատավորները դեռևս շարունակում են էդ նույն հովանավորչությունը։ Պատահական չէ, որ բազմաթիվ մարդկանց նկատմամբ, օրինական հիմքեր լինելու պարագայում, ամեն դեպքում չկիրառվեցին կալանքներ, այնինչ դա Քոչարյանի  օրոք անհնար էր, որ չկիրառվեր։ Ամենաշատ քաղաքական հետապնդումներն ու սպանությունները տեղի են ունեցել հենց նրա օրոք, և դա, այսպես ասած, ընդունված ձեռագիր է եղել։ Պատահական չէ, որ այսօր բարձրացվում է 39 քաղաքական գործիչների սպանության վերաբերյալ հարց, նաև չմոռանանք՝ նրա իշխանության տարիներին են եղել 1999 թվականի  հոկտեմբերի 27-ը, 2004 թվականի ապրիլի 12-ի իրադարձությունները, 2008-ի  մարտի 1-ը։ Եվ եթե մարդը այս երեք իրադարձությունների կողքով հպանցիկ է անցնում և զուգահեռներ է անցկացնում մեր օրերի և հին օրերի միջև, ուղղակի աբսուրդ է։ Համեմատել անգամ չի կարելի։ Վախի այն մթնոլորտը, որում ապրել է մեր ժողովուրդը 2000-ականներին,  անհամեմատելի է այսօրվա իրավիճակի հետ, երբ ինչ ուզում՝ անում են, ինչ ուզում՝ ասում են և ինչպես ուզում՝ վարվում են։ Փաստ է, որ չեն կալանավորվում մարդիկ, ովքեր հանցագործություն են կատարել և կատարում. տեսաք նաև, թե  Քոչարյանի կողմնակիցները ինչ միջադեպ սարքեցին մեր շուրջը, և նրանցից որևէ մեկը պատժված չէ։ Խոսել այն մասին, որ այսօրվա իշխանությունը պատժի քաղաքականություն է իրականացնում, ես հակված չեմ, որովհետև պատժի քաղաքականություն իրականացնելու պարագայում դեռևս ամբաստանյալի կարգավիճակում գտնվող, դեռևս օրինական ուժի մեջ չմտած դատական ակտով ամբաստանյալները չէին հայտնվի ԱԺ-ում, չէին հայտնվի ասուլիսներում, ելույթներ չէին ունենա։ Սա նաև նշանակում է այս իշխանության թուլությունը, մոտեցումների տարբերությունը նախկինների համեմատ։ 

- Քոչարյանը նաև նշել է, որ «ոչ մի իշխանություն հավերժ չէ, պահ է գալու, որ բոլոր հանցակիցները պատասխան են տալու այս ամենի համար, ենթադրում եմ, որ հրահանգ տվողը թռնելու է, իր մոտ դա լավ է ստացվում, բայց մյուսները մնալու են»։ Նաև՝ «ոչինչ այնքան չի մտերմացնում մարդկանց, որքան համատեղ գործած հանցանքը»։ 

- Իսկապես, շատ ճիշտ է ասում Քոչարյանը, տեսաք՝ իր ցուցակում ովքեր էին։ Ոչինչ, իսկապես, չի միավորում մարդկանց, որքան միասնական, դիտավորությամբ կատարած հանցավոր արարքները։ Էդ առումով գուցե իր անցյալն է հիշում և որպես օրինակ ներկայացնում։ Իհարկե, ցանկալի է, որ բոլոր իշխանությունները դաս առնեն և խուսափեն  իրենց  իշխանության տարիներին նմանատիպ հակաօրինական վարքագիծ դրսևորելուց։ Պետք է ցանկացած իշխանություն միշտ հիշի, որ իրենից հետո գալու է նոր իշխանություն, և օրենքի խախտման ցանկացած դեպքով  հարուցվելու են քրեական գործեր, իրականացվելու են քրեական հետապնդումներ՝ ինչպես որ տեղի ունեցավ 2018-ից հետո։ Վատ է, իհարկե, որ մասնավորապես Մարտի 1-ի գործով սկսված քրեական գործընթացը ավարտին չհասցվեց, բայց այն պրոցեսները, որոնք ընթացան, ցույց տվեցին, որ իշխանությունները, այո՛, ևս  պատժելի են՝ անկախ նրանից, որ այլևս նախկին են։ Հետևապես կարծում եմ, որ Քոչարյանի մեջբերումները մասամբ բխում են իր գործից և իր ապրածից։ Նա պետք է ուրախ լինի, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը սկսվեց և, ցավոք, առկախվեց Փաշինյանի իշխանության տարիներին։ Այ, եթե ուրիշներինը սկսվում էր իր իշխանության տարիներին, հաստատ էսպիսի ելք չէր ունենում, ինչպես որ իր գործով տեղի ունեցավ։

- Մարտի 1-ի գործով  հետագայում ի՞նչ ընթացք եք կանխատեսում։ Ինչպե՞ս կդասավորվի այս գործի ճակատագիրը։ 


- Գիտեք, որ այս ամսվա 21-ին «Գևորգ Հայրապետյանն ընդդեմ Հայաստանի» գործով Եվրոպական դատարանը վճիռ արձակեց։ Հայրապետյանը 2010 թվականին դատապարտվածներից է, որն արցախյան մարտերի ժամանակ հակահետախուզության աշխատող է եղել, մարտերի ակտիվ մասնակից, հրամանատար տարբեր զորամասերում, և որը դատապարտված էր հայրենիքին դավաճանության համար. հերոս տղային դատապարտեցին այդպիսի արատավոր մեղադրանքով։  Եվրոպական դատարանը այս գործվ  արդար դատաքննության սկզբունքի խախտում է արձանագրել։ Ես հավատում եմ Եվրոպական դատարանին, որ նույնատիպ խախտումներ  արձանագրելու է նաև Մարտի 1-ի գործով, որ  տուժողների իրավահաջորդները ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակում զրկված են եղել իրավական պաշտպանության միջոցից, որ մեղադրանքի կողմը օտարված է եղել տուժողներից, որ հանցանքի պարագայում չի կարող անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել և այլն։ Ես կարծում եմ, որ Մարտի 1-ի գործի վերաբացում լինելու է, ու Քոչարյանը, որ տարիքում էլ լինի, վերաբացումից հետո գլխավոր  դերակատարն է լինելու։ Հավատում եմ, որ արդարությունը քնում է, բայց չի մեռնում։ Արդարությունը  վերականգնվելու է, և բոլորը իրենց  պատիժը կրելու են  և այսպես մասսայական խորհուրդներ չեն տալու մարդկանց՝ մեծի ու հզորի կարգավիճակ վերագրելով իրենց։  Մենք շատ լավ գիտենք, թե ինչ է կատարվել ՀՀ պատմության մեջ 2000-ականներին։ 

Հեղինե Մանուկյան