Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միայն վերաբաշխումներով հնարավոր չէր լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին պատերազմական գործողությունների հետևանքով. Բաբկեն Թունյան

Միայն վերաբաշխումներով հնարավոր չէր լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին պատերազմական գործողությունների հետևանքով. Բաբկեն Թունյան
Քաղաքականություն
14:56, 14 январь 2022
Այսօր շարունակվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ մի քանի դիտարկում  արեց՝ ամփոփելով երեք օրվա քննարկումները։  

«Մենք վերջին օրերին բանախոսներին լսելով՝ հիմնականում մի հարց կարող ենք ֆիքսել, որի պատասխանը  հստակ տրվեց բոլորի կողմից, այդ թվում՝ նախկին և ներկա  պաշտոնյաների, թե ինչու են գումարները փոխանցվել պետական բյուջե, և ոչ թե ծախսերը հենց միանգամից կատարվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով։ Թե՛ սոցիալական ծրագրերի մասով, թե՛ առողջապահական ծրագրերի մասով, կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ դրա համար կան խիստ օբյեկտիվ պատճառներ՝ սկսած ժամանակային խնդրից, վերջացրած դրա իրականացման տեխնիկական բարդություններով։ Այսինքն՝ այն հարցը, թե ինչու են գումարները փոխանցվել պետական բյուջե, և ոչ թե «Հայաստան» հիմնադրամն է այդ ծախսերը կատարել, կարծում եմ՝ փակ է, բայց եթե կարիք կա՝ էլի կշարունակենք քննարկել»,- ասաց Բաբկեն Թունյանը։ 

Խոսելով վերաբաշխումների մասին՝ Բաբկեն Թունյանն ասաց, որ իհարկե վերաբաշխումներ եղել են։

Նա նշեց, որ 2020 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտին նախատեսված է եղել հատկացնել 492 միլիարդ դրամի ֆինանսավորում, բայց փաստացի ծախսվել է 546 միլիարդ դրամ, այսինքն՝ 54 միլիարդ դրամով ավելի ծախս է կատարվել, քան նախատեսված էր։ 

«Այսինքն՝ սա նշանակում է, որ միայն վերաբաշխումներով հնարավոր չէր լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին պատերազմական գործողությունների հետևանքով»,- ասաց Բաբկեն Թունյանը: