Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերժ Սարգսյանը թող գաղտնազերծի՛ փաստաթղթեր ԼՂ կարգավորումից, նախագահականից նյութեր են դուրս տարվել․ Աղասի Մարգարյան. Factor.am

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանն է

-Պարո՛ն Մարգարյան, այսօր Սերժ Սարգսյանն է հարցազրույց տալիս Արցախի բանակցային պրոցեսի մասին։ Առիթը, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի՝ վերջին երկու ասուլիսում արտահայտած մտքերն էին Արցախի թեմայով։ Նա ասել էր, որ Սարգսյանի օրոք՝ 2016-ին, աղետ է տեղի ունեցել բանակցություններում, համանախագահներն առաջարկներից դուրս են հանել միջանկյալ կարգավիճակը, ավելին՝ կարգավիճակի ճշգրտման տարրերը տարբել են ՄԱԿ-ի ԱԽ բանաձևից։ Իսկ 1993 թվականին ՄԱԿ ԱԽ-ն բանաձև էր ընդունել, ուր Ղարաբաղը նշվել է որպես Ադրբեջանի շրջան։ ՀՀ վարչապետն ավելի վաղ ասել էր՝ ԼՂ-ն կորցրել է Ադրբեջանի կազմից դուրս գտնվելու հնարավորությունը։ Ճիշտ է՝ նա հղում չի արել որևէ փաստաթղթի։ Ի՞նչ նոր բան է հնարավոր իմանալ այսօր Սերժ Սարգսյանից։

-Սերժ Սարգսյանը, իհարկե, միշտ էլ կարող է նոր բան ասել։ Ի վերջո, չմոռանանք, Սերժ Սարգսյանը ՀՀ իշխանության ամենաբարձր օղակներում է գտնվել վերջին 30 տարում։ Սերժ Սարգսյանն այն քչերից է, որ մանրամասնորեն տիրապետում է բանակցային պրոցեսին։ Բայց ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանն իր բնավորությանը, տեսակին համապատասխան կիսաճշմարտություններ է ասելու․ ոչ թե ստելու է, այլ մասնակի է բացելու մի շարք դրվագներ։ Խոսում ենք, որ պայմանավորվածություններ կային, և դրանք որոշակիորեն չիրականացվեցին «Սասնա ծռերի» օպերացիայի արդյունքում։ Խնդիրն այստեղ արմատական է․ տարբեր շրջաններում բանակցային պրոցեսը տարբեր քաղաքական ուժերի կողմից շահարկվել է, օգտագործվել։

-Ղարաբաղի հարցը հայաստանյան դաշտում ևս տարատեսակ գործիչներ շահարկել են տվյալ օրվա իշխանությունների դեմ պայքարում, լուծումների շուրջ չեն եղել բանավեճերը։ Ադրբեջանում կոնսենսուս է եղել հիմնախնդրի մասով, մեզ մոտ դիրքորոշումները մշտապես տարբերվել են, ընդ որում՝ ծայրահեղորեն։

-Որևէ հարցի շահարկումն էլ է նորմալ, քաղաքականությունն այդքան ստերիլ չէ, այո՛, պետք է քարոզվի էլ, շահարկվի և օգտագործվի էլ։ Բայց կան հարցեր, որոնց շուրջ հանրությունը պետք է իմանա ճշմարտությունը՝ փաստաթղթերի գաղտնազերծման տեսքով։ Ի վերջո, պետք է ընդունենք այն փաստը, որ այլևս նոր իրադրություն ունենք։ Թե՛ ղարաբաղյան հարցի պատմության մեջ, թե՛ մեր տարածաշրջանում ամեն ինչ փոխվել է։

-Այսինքն՝ Սերժ Սարգսյանը պետք է գաղտնազերծի՞ ղարաբաղյան հարցի՝ իր ժամանակ եղած բանակցությունների հատվածը։


-Տեսեք՝ մի շարք բաներ կան, որ իրենց արդիականությունը կորցրել են․ մինչև հիմա Քի Վեստի կամ Մեղրիի տարբերակի մասին փաստաթղթավորված որևէ բան չունենք։ Չունենք «Լավրովյան տարբերակը»՝ պայմանական ասած։ Թող բոլորը բացեն և հրապարակեն։ Բնականաբար, կունենան փաստաթղթեր, որովհետև 2018-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ, թե՝ հետո, նախագահական նստավայրից ինչ-որ փաստաթղթեր դուրս են տարվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։