Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2010 թ.-ին ադրբեջանցի նախարարը եկել էր Հայաստան և խոսում էր ԼՂ հարցի «ռազմական» լուծման մասին, իսկ 2011-ին Ադրբեջանի ՆԳ նախարարը Երևանում հանդիպում էր Սերժ Սարգսյանի հետ

2010 թ.-ին ադրբեջանցի նախարարը եկել էր Հայաստան և խոսում էր ԼՂ հարցի «ռազմական» լուծման մասին, իսկ 2011-ին Ադրբեջանի ՆԳ նախարարը Երևանում հանդիպում էր Սերժ Սարգսյանի հետ
Քաղաքականություն
17:38, 21 февраль 2022
Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի ու հանձնաժողովների նիստերի անցկացմանը մասնակցելու համար ադրբեջանցի 2 պատգամավորների ժամանումը Հայաստան խիստ բացասաբար է ընդունվել հանրության մի մասի կողմից, հատկապես, որ դեռ թարմ են 44-օրյա պատերազմի վերքերն ու ադրբեջանցիների վայրագությունների հիշողությունները։ 

Այսօր զինվորական հագուստներով մի խումբ անձինք փակել էին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը՝ խաթարելով երթևեկությունը և պահանջելով, որ ադրբեջանցիները չմտնեն Հայաստան և, բացի դրանից, չեղարկվի Երևան-Ստամբուլ չվերթը։  

Հիշեցնենք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով այսօր Երևան են ժամանել ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը: 

Որքան էլ այսօր ցավոտ ու անամոք են վերջին պատերազմի վերքերը, նկատենք, որ առաջին անգամ չէ, որ ադրբեջանցի պաշտոնյաներ են այցելում Երևան՝ մասնակցելու այս կամ այն միջազգային կառույցների համատեղ նիստին։ 

2010-ին, օրինակ,  Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմատ Աբասովը, ով Երևանում մասնակցում էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համաժողովին, լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել էր ղարաբաղյան հակամարտությանը՝ հայտարարելով. «Եթե խաղաղ ճանապարհով այդ հարցը չլուծվի, ցավոք սրտի, Ադրբեջանը կսկսի փնտրել այլընտրանքային տարբերակներ, և չի բացառվի նաև ռազմական տարբերակը»։

2011-ին Հայաստան էր ժամանել Ադրբեջանի ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը՝ Երևանում մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Նա նստաշրջանի մասնակիցների հետ հանդիպել էր նաև այդ ժամանակվա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: 

2009-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել էր հայ և ադրբեջանցի մի խումբ պատգամավորների ու մտավորականների, ովքեր ՌԴ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի, ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների միջոցով ստանալով երկու երկրների նախագահների աջակցությունը՝ նախաձեռնել են մեկօրյա համատեղ այց Ստեփանակերտ-Երևան-Բաքու երթուղով: Ողջունելով հյուրերին՝  Սարգսյանը վստահություն էր հայտնել, որ նրանց Հայաստանի Հանրապետություն է բերել խաղաղություն ձեռք բերելու իրական ցանկությունը, եկող սերունդների նկատմամբ պատասխանատվության գիտակցումը և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման հասնելու ձգտումը: Մինչ այդ նրանց Ստեփանակերտում ընդունել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանը: 

Հիշեցնենք նաև, որ հայ պաշտոնյաներ ևս այցելել են Բաքու։ Օրինակ՝ 2017 թվականին Բաքվում «Եվրանեսթ» ԽՎ-ի համաժողովին մասնակցում էին այն ժամանակ պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը։