Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մի խումբ անձինք փակել էին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը. ՀԺ

Մի խումբ անձինք փակել էին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը. ՀԺ
Հասարակություն
15:50, 21 февраль 2022
Այսօր՝ փետրվարի 21-ին, մի խումբ անձինք փակել էին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը՝ խաթարելով երթևեկությունը: Հավաքվածները դեմ էին արտահայտվում ադրբեջանական պատվիրակության անդամների Երևան ժամանելուն: 

Ոստիկանները տևական ժամանակ հորդորում էին բացել խաչմերուկը, սակայն ակցիայի մասնակիցները շարունակում էին փակ պահել այն: Դրանից հետո նրանց և ոստիկանների միջև քաշքշուկ սկսվեց, որից հետո ոստիկանները վերականգնեցին հասարակական կարգը:

ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ ակցիայի մասնակիցներից բերման ենթարկվածներ չկան:

Տեղի ունեցած ակցիային «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ գրելով.

«Նույն ֆորմատով 2017 թվականին Բաքվում Եվրանեսթ ԽՎ-ի համաժողովին մասնակցում էին այն ժամանակ պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը։ Հարց է ծագում, թե ինչո՞ւ Բաքու մեկնելիս կամ Բաքվից վերադառնալիս Աշոտյանի ու Մանե Թանդիլյանի դիմաց ճանապարհ չփակեցին։

Այն ժամանակ էլ, ինչպես ակցիայի մասնակիցներն են շեշտում, սահմանին հայ զինվորներ էին կանգնած»:

Հիշեցնենք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ադրբեջանցի պատգամավորներ Թահիր Միրկիշիլին և Սոլթան Մամեդովը: Այդ մասին հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները: