Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատապարտելի է ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը. Արտակ Բեգլարյան

Դատապարտելի է ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը. Արտակ Բեգլարյան
Քաղաքականություն
19:10, 19 март 2022
Խիստ դատապարտելի է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում անցկացված միջոցառումը՝ նվիրված ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-րդ տարեդարձին: Այս մասին Տելեգրամի իր ալիքում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:
 
«Էլ ավելի դատապարտելի է ՄԱԿ-ի մարմինների ներկայացուցիչների այցը օկուպացված Շուշի և ադրբեջանական սադրանքին մասնակցությունը:
 
Եվ ՄԱԿ-ի չափազանց հումանիստ ու արժեքահենք պաշտոնյաները այդ սադրանքը կատարում են հետևյալ պայմաններում՝
 
1. ՄԱԿ-ի ոչ մի պաշտոնյա այդպես էլ չայցելեց Արցախ պատերազմի ու հետպատերազմյան տառապանքներն ու ադրբեջանական վայրագությունները արձանագրելու և կանխելու նպատակով.
 
2. 40000 տեղահանված, որից 5000 շուշեցի զրկված են իրենց հայրենի տներից ու բազմաթիվ այլ իրավունքներից, իսկ ՄԱԿ-ը շարունակում է Արցախի մեկուսացման ադրբեջանական քաղաքականությունը.
 
3. նույն օրերին նույն Շուշիում վնասված էր Արցախի միակ գազատարը, և ադրբեջանական կողմը դիտավորյալ ձգձգում էր վերականգնումը՝ հարուցելով 100000 մարդու լրացուցիչ տառապանքներ, իսկ ՄԱԿ-ը լուռ էր:
 
Սրա՞նք են ձեր դավանած արժեքները, թե՞ խավիարն ու նավթադոլարները»,- գրել է Արցախի պետնախարարը: