Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ես համաձայն չեմ, քանի որ հայ եմ, ոչ թե ոմանց նման դավաճան հայվան եմ». Ռեփ կարդացող 10-ամյա երեխայի Քոչարյանի աջակից հայրը թիրախ է դարձրել սեփական աղջկան

«Ես համաձայն չեմ, քանի որ հայ եմ, ոչ թե ոմանց նման դավաճան հայվան եմ». Ռեփ կարդացող 10-ամյա երեխայի Քոչարյանի աջակից հայրը թիրախ է դարձրել սեփական աղջկան
Քաղաքականություն
16:00, 06 апрель 2022
Օրերս «Յութուբ» է  ներբեռնվել  մի տեսահոլովակ՝ «Ես համաձայն չեմ Նիկոլին ու իր թիմին. նոր ռեփ՝ ընդդեմ Փաշինյանի» վերնագրով, որում դպրոցահասակ մի աղջիկ, Եռաբլուրի, ռազմական  գործողությունների,  Նիկոլ Փաշինյանի պատկերներով կադրերի ուղեկցությամբ,  քաղաքական «ռեփ» է կարդում՝  որակումներ տալով գործող իշխանությանը։ Մասնավորապես՝ «Ես համաձայն չեմ  ազգի դավաճանին, հայրենիքի հանձնմանը, ԼԳԲՏ քարոզին, ես համաձայն չեմ, քանի որ հայ եմ, ոչ թե ոմանց նման դավաճան հայվան եմ»։   

Այս հոլովակը, նկատենք, ոչ միայն, մեր կարծիքով, խախտել է երեխայի իրավունքը, այլև բուռն հակազդեցության է արժանացել սոցցանցերում։  Որոշ օգտատերեր կոշտ բառապաշարով  իրենց բողոքն են հայտնել՝ երեխաներին քաղաքական նպատակներով օգտագործելու, նրա բերանով ատելության խոսք, վիրավորանք և խտրականություն  քարոզելու  համար՝ ակամա թիրախավորելով նաև նման խոսքի տարածման աղբյուր հանդիսացած երեխային։  Ոմանք էլ բացասական խոսքեր են հնչեցրել երեխայի հոր հասցեին, որը, ինչպես պարզեցինք, Ռոբերտ Քոչարյանի աջակից, ԱԺ ընտրությունների ժամանակ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Գյումրիի շտաբի պատասխանատու, գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն է։  Օգտատերերից մեկը, զետեղելով վերջինիս լուսանկարը,  կից գրել է. «Քոչասերժական միտինգի կլիպ երգող աղջիկ երեխայի հայրն է, էդ երեխայի փոխարեն ձեր ասելիքը սրան ասեք, ով ծնող կոչվելու իրավունք չունի»։ 

Civic.am-ի հետ զրույցում Կարապետ Պողոսյանը նշեց, որ երեխան 10 տարեկան է՝ հավելելով, թե հոլովակը ինքը չի նկարահանել, ինչպես նշել էին որոշ օգտատերեր, նկարահանվել է համատեղ։ «Երգը ունի շատ հետաքրքիր պատմություն. երբ որ ձևավորում էինք  «Ես համաձայն չեմ» շարժումն ու նստած որոշում էինք,  որ կարելի է լավ երգ ունենալ, երեխան, որը փոքրուց երգելու նկատմամբ ունեցել է հակում, սենյակից դուրս եկավ և ասեց՝ ես ուզում եմ էսպիսի ռեփ կարդալ, ու դրանից հետո մենք որոշեցինք ձայնագրենք ու նաև հոլովակը տարածենք»,- պարզաբանեց Պողոսյանը, որը որպես «Թասիբով դաշինք»-ի քաղաքապետի թեկնածու 2021 թվականին մասնակցում էր Գյումրիի ՏԻՄ ընտրություններին։ Իսկ Գյումրոււ ընտրություններում պարտվելուց հետո, փաստորեն, որոշել է նոր նախաձեռնությամբ հանդես գալ և ֆինանսավորվել Քոչարյանից՝ չխորշելով օգտագործել անգամ սեփական աղջկան։  

Փաստորեն, հոր համոզմամբ, 10-ամյա երեխան  գաղափար ունի այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են «ԼԳԲՏ-ն և դրա քարոզը», և համոզմունք ունի, որ «հայրենիքը հանձնված է»։  Եվ, լինելով դպրոցահասակ, խորագետ է քաղաքական, կադրային  հարցերում և, փաստորեն,  համաձայն չէ «Նիկոլի թիմի հետ»։ Ավելին՝ իր ազգության՝ հայ լինելու այլընտրանքը  համարում է  «դավաճան հայվան» լինելը։ 

Մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ երեխան կթիրախավորվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  երգի տեքստը քաղաքական է,  վիրավորանք ու ատելության խոսք է քարոզում, ռեփ կարդացող 10-ամյա աղջնակի հայրն արձագանքեց. «Թիրախավորում արդեն էս պահից սկսած կա, երեխայի նկատմամբ չէ, ավելի շատ իմ նկատմամբ։ Ես, բնականաբար, այդ ամեն ինչից չեմ վախենում, որովհետև չորս տարի է՝ մենք անցել ենք դժոխքի միջով»։

Կարապետ Պողոսյանը,  որն էլ,  ենթադրում ենք,  երեխայի կողմից արտասանվող տեքստի հեղինակն է, նշեց նաև, որ թիրախավորումը սկսվել է նախօրեից, և իրեն մեղադրանք է առաջադրվել քրեական գործով։  

«Այս ամենն անում են զուտ ինձ հունից հանելու, ինչ-որ ինտրիգի կամ պրովոկացիայի մեջ ներքաշելու համար։ Ես, բնականաբար, շատ հանգիստ էս ամեն ինչը առաջ եմ տանելու՝ իմ երեխայի, իմ ընտանիքի հետ մեկտեղ»,- հայտարարեց հայրը։ 

Նշենք, որ Կ. Պողոսյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Քիչ առաջ քննիչի որոշմամբ ինձ մեղադրանք առաջադրվեց ՀՀ քր.օրենսգրքի 137.1 հոդվածի երկրորդ մասով»։ Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին ծանր վիրավորանք հասցնելու համար։ Պողոսյանը մարտի 13-ին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել, ինչը ոստիկանությունը դիտարկել էր որպես ծանր վիրավորանք:

Հ.Գ. 10-ամյա երեխայի մասնակցությամբ ատելության խոսք և վիրավորանք պարունակող տեսահոլովակն ուղարկել ենք Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջին՝ մասնավորապես ճշտելու՝ արդյոք նման հոլովակում նկարահանվելը  բխո՞ւմ է երեխայի շահից, և  արդյոք երեխայի իրավունքներն այսպիսով  չե՞ն խախտվել՝ նրան դարձնելով  քննադատության թիրախ։  ՄԻՊ-ը դեռևս չի արձագանքել մեր հարցմանը։  

Ելենա Ազատյան