Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Քաղաքականություն
14:06, 09 апрель 2022
Տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:
 
Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահին տեղեկացրել է ապրիլի 6-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:
 
Զրուցակիցները կարևորել են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման և դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի մասին պայմանավորվածությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահը պատրաստակամություն է հայտնել լիարժեք աջակցել նշված գործընթացներին:
 
Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը: Վարչապետ Փաշինյանն արտահայտել է հայկական կողմի ակնկալիքը, որ ռուս խաղաղապահները կոնկրետ միջոցներ ձեռնարկեն ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումների դուրսբերումն ապահովելու համար:
 
ՀՀ վարչապետը և ՌԴ նախագահն անդրադարձել են նաև երկու երկրների տնտեսական փոխգործակցության հարցերին ու պայմանավորվել, որ նաև այս հարցերը մանրամասն կքննարկեն ապրիլի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ կատարելիք պաշտոնական այցի ընթացքում: