Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Արցախի հարցում միակարծիք են. Ֆրանսիան գիտակցում է, որ առանց ռուս խաղաղապահի Արցախը կհայաթափվի. Արցախի ԱԺ նախագահ

ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան Արցախի հարցում միակարծիք են. Ֆրանսիան գիտակցում է, որ առանց ռուս խաղաղապահի Արցախը կհայաթափվի. Արցախի ԱԺ նախագահ
Քաղաքականություն
12:52, 20 июнь 2022
Օրերս Արցախի ԱԺ պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ, մի շարք միջազգային այցեր է կատարել՝ եղել են Կիպրոսում, Լիբանանում, Ֆրանսիայում։  

Civic.am-ը զրուցել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ 

- Պարոն Թովմասյան, միջազգային այցերի շրջանակում շեշտվե՞լ է Արցախի կարգավիճակի հարցը։ 

- Փարիզում Ֆրանսուա Պուպպոնիի հետ եմ հանդիպել, որը Արցախ-Ֆրանսիա բարեկամական շրջանակի նախագահն է, ինչպես նաև Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր է։ Ֆրանսուա Պուպպոնին հայտնել է, որ պատրաստ է աջակցել Արցախի ժողովրդին միջազգային ճանաչման հասնելու պայքարում։ Նրա հայրենիքը՝ Կորսիկան, ճանաչել է Արցախի անկախությունը։ Ինձ հրավիրել են նաև Կորսիկա՝ այցի։ Իսկ մինչ Փարիզ մեկնելը Լիբանան ու Կիպրոս էինք մեկնել ԱԺ պատվիրակությամբ. ինձ հետ էին ՀՅԴ ղեկավար Արթուր Մոսիյանը, փոխարտգործնախարար Արմինե Ալեքսանյանը և իմ խորհրդական Կարեն Վանյանը։
Կիպրոսը մայիսի 28-ին էր հրավիրել՝ առաջին հանրապետության օրվա հետ կապված տոնակատարություններին մասնակցելու։ Միջազգային այցերի շրջանակում նաև Արցախի ատլետիկայի զարգացման հարցերն ենք քննարկել։

- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս նշեց, որ ցանկացած կարգավիճակ, որը երաշխավորում է ԼՂ հայության անվտանգությունը, պիտի լուծում համարվի, Դուք համամի՞տ եք այս տեսակետին։ 

- Ես, որպես Արցախի ԱԺ նախագահ, առաջնորդվում եմ 1991թ.-ի սեպտեմբերի 2-ի Արցախի Հանրապետության հռչակագրով, 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով, երբ մեր ժողովրդի 99,89 տոկոսն այո է ասել անկախությանը, և 1992թ.-ի հունվարի 6-ի Անկախության հռչակագրով, որտեղ մենք, որպես անկախ պետություն, պատրաստակամություն ենք հայտնել համագործակցելու բոլոր այն երկրների հետ, ովքեր ցանկություն կունենան մեզ հետ փոխշահավետ համաձայնագրեր կնքելու։
Ադրբեջանի կազմում լինելը լուծում չէ, հայաթափվելու է Արցախը՝ դա միանշանակ է, այս հարցում մենք՝ և՛ խորհրդարանը, և՛ գործադիրը, գծել ենք մեր կարմիր գծերը։  

- Միջազգային այցերից ի՞նչ ակնկալիք ունեք, օրինակ՝ Արցախի անկախության ճանաչման հարցում։ 

- Ֆրանսիայում դա մի քիչ հեշտ է, քանի որ Ֆրանսիայի և՛ վերին, և՛ ստորին պալատը 2020թ. նոյեմբերի վերջին Արցախի անկախության ճանաչման բանաձևեր են ընդունել։ Ֆրանսիայի գործընկերների հետ իմ հանդիպման արդյունքներից մեկը նաև այն է, որ նրանք լիովին գիտակցում են ռուս խաղաղապահի դերն Արցախում, որ առանց ռուս խաղաղապահի Արցախը կհայաթափվի։ 
Հիմա հեռախոսով էլ շատ հեշտ է Ստեփանակերտից Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ աշխատել, հաճախակի ենք կապի մեջ, բայց ոչ նախագահների մակարդակով՝ տարբեր պաշտոնյաների, նախկին նախարարների, ովքեր սիրում են Արցախը և կանգնած են Արցախի կողքին։   

- Դուք նշեցիք Ֆրանսիայի հարցում հեշտ է, կարծում եք՝ նախագահի մակարդակով էլ կճանաչվի՞ անկախությունը։ 

- Համենայնդեպս, մենք ապագայի մասով լավատես ենք։ Ես միշտ ասել եմ, որ Արցախի հակամարտությունը միակ հակամարտությունն է, որտեղ սկզբունքային տարաձայնություններ չունեն ո՛չ Ռուսաստանի Դաշնությունը, ո՛չ ԱՄՆ-ն, ոչ էլ Ֆրանսիան։ Օրինակ՝ Կոսովոյի հարցում տարբեր էին դիրքորոշումները, Հարավային Օսիայի և Աբխազիայի հարցում տարբեր էին, բայց Արցախի հարցում միակարծիք են։  Սակայն ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները հետ են պահում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տարվող բանակցությունները սկսվեն։ 

- Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդում է, որ Միսկի խմբի գոյությունն ավարտված է։ 

- Եթե ավարտված է, թող Ալիևը հայտարարի, որ դուրս է գալիս Մինսկի խմբից, բայց դա միակ մանդատն է, որին պաշտոնական Բաքուն, Երևանը և Ստեփանակերտը հավանություն են տվել դեռևս 90-ական թվականներին։ Իսկ եթե Ադրբեջանը դուրս գա Մինսկի խմբից՝ այդ դեպքում, կարծում եմ, Ադրբեջանը խնդիր կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։

- Ալիևի խոսքով՝ եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ է պահանջելու, ինչո՞ւ ադրբեջանցիները չպետք է կարգավիճակ պահանջեն Արևմտյան Զանգեզուրի ադրբեջանցիների համար։  

- Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, իմ կարծիքով, ներքին լսարանի համար են։ 

Նարա Մարտիրոսյան