Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Սուրմալու»-ի պայթյունից հետո ՌԴ դեսպանատան՝ ՀՀ ԱԳՆ ուղարկած նոտային ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ռուս գործընկերների ուշադրությունն է հրավիրել ռուսական մեդիադաշտում հակահայկական բովանդակության առկայությանը. ԻՔՄ

«Սուրմալու»-ի պայթյունից հետո ՌԴ դեսպանատան՝ ՀՀ ԱԳՆ ուղարկած նոտային ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ռուս գործընկերների ուշադրությունն է հրավիրել ռուսական մեդիադաշտում հակահայկական բովանդակության առկայությանը. ԻՔՄ
Քաղաքականություն
23:43, 09 сентябрь 2022
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո ՌԴ դեսպանատան՝ ՀՀ ԱԳՆ ուղարկած նոտային ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն ռուս գործընկերների ուշադրությունն է հրավիրել ռուսական մեդիադաշտում հակահայկական բովանդակության առկայությանը, գրում է ԻՔՄ—ն։

ՀԻշեցնենք, որ Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ՝ տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով։

Ավելի վաղ մեդիադաշտում նման լուրեր էր տարածել «Սասնա Ծռեր» արմատական քաղաքական խմբավորումը:

«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տիրույթում շրջանառվող ցինիկ լցոնումներից, որոնք անարգող և կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը մեղսակից լինելու մասին»,-ասված է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:

Նշվում է, որ ռուսական կողմը նման զրպարտությունների հետևում կանգնած քաղաքական ուժերի կողմից սա դիտարկում է որպես ուղղակի սադրանք, որն ուղղված է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների խաթարմանը։ 

«Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նմանատիպ ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները։ Համապատասխան նոտան դեսպանության կողմից ուղարկվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-ասված է հայտարարության մեջ: