Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ակտիվ փոխգործակցություն է ծավալվում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով. 2 երկրների ԱԳ նախարարների մամուլի համար հայտարարությունները

«Օրեր առաջ Նյու Յորքում կարևոր հանդիպում ունեցանք Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, և այսօր ուրախ եմ Երևանում հյուրընկալել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին և իր գլխավորած պատվիրակությանը»,-այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։ 
ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Հունաստանի կառավարությանը Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար՝ հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանն առերեսվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիային։
«2020թ. աշնանը 44-օրյա պատերազմի դժվարին օրերին Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև հիմա Երևանում Ձեր գտնվելը այն համերաշխության և աջակցության հավաստիքն է, որը մենք մեծապես գնահատում ենք»,- նշեց Արարատ Միրզոյանը։
Հայ պաշտոնյայի խոսքով՝ այսօր անդրադարձել են նաև հայ-հունական հարաբերությունների զարգացմանը։ Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ անցած 30 տարիներին երկու երկրներին հաջողվել է հաստատել ամուր միջպետական հարաբերություններ և ձևավորել երկկողմ օրակարգ, որը ներառում է ակտիվ քաղաքական երկխոսություն, համագործակցություն՝ տնտեսության, պաշտպանության, տրանսպորտի, մշակույթի և այլ կարևոր ոլորտներում։ 
«Արձանագրել ենք, որ ակտիվ փոխգործակցություն է ծավալվում նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով, որը համատեղ ջանքերով կկարողանանք էլ ավելի զարգացնել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը։