Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ առաքելության տեղակայումը սահմանին կարող է լավ նախադեպ լինել հետագայում երկար ժամանակով ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու համար. Արմեն Վարդանյան

ԵՄ առաքելության տեղակայումը սահմանին կարող է լավ նախադեպ լինել հետագայում երկար ժամանակով  ԵԱՀԿ դիտորդներ տեղակայելու համար. Արմեն Վարդանյան
Քաղաքականություն
23:29, 10 октябрь 2022
«Ճիշտ է՝ հոկտեմբերի 6-ի փաստաթղթում հատուկ կետով չի նշվել Ադրբեջանի զորքերի հետքաշման մասին նախապայման, բայց այս խնդիրը լուծելու համար կան նաև այլ հարթակներ: Հայաստանը բոլոր միջոցներով`առաջին հերթին դիվանագիտական ճանապարհով, պետք է հասնի դրան, որովհետև ադրբեջանական ուժերի առաջխաղացումը բավականին վտանգավոր մասշտաբի է»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով Պրահայում՝ ԵՄ գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքում արված համատեղ հայտարարությանը: 

Հիշեցնենք, որ հայտարարության համաձայն՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, ըստ որոնց՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատել են նաև, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար, և որ այդ հանձնաժողովների հաջորդ նիստը կկայանա Բրյուսելում՝ մինչև հոկտեմբերի վերջ: 

Պրահայում Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ աջակցելու ԵՄ քաղաքացիական առաքելությանը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով որ առնչություն կունենա:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ հանդիպումից հետո Ալիևը անդրադառնալով ճանապարհի ապաշրջափակման հարցին՝ հայտարարել է, թե, իբր, Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած իր պարտավորությունը, և Ադրբեջանին չի տրամադրում Նախիջևանին կապող ճանապարհ, քաղաքագետը նշեց, որ այս հարցում երկու կողմի տարաձայնությունները սկզբունքորեն շատ լուրջ են: «Նախ՝ Հայաստանը, ինչպես գիտենք, կտրականապես մերժում է իր տարածքում որևէ միջանցքի առկայություն, որը չպետք է վերահսկվի իր կողմից և «միջանցք» տերմինի գործածումն ընդհանրապես: Ըստ այդմ՝ Հայաստանը ցանկանում է առաջին հերթին լուծել իր տարածքով անցնող ճանապարհի իրավական կարգավիճակի հարցը, այսինքն՝ ինչ իրավական ռեժիմով են գործելու անցակետերը, մաքսակետերը, հետո նոր անցնել մյուս հարցերին, իսկ Ադրբեջանը ցանկանում է միանգամից կոորդինատներ ստանալ, թե որտեղով պետք է անցնեն այդ ճանապարհները»,- նշում է Վարդանյանը:

ԵՄ դիտորդական առաքելությունը, ըստ նրա, թեև կարճաժամկետ է՝ ընդամենը 2ամսով, և գլոբալ խնդիրներ չի կարող լուծել, սակայն նախ՝ կարող է զսպել Ադրբեջանին, որ այս երկու ամսվա ընթացքում պատերազմ չլինի, ապա՝ լավ նախադեպ է դառնալու, որ հետագայում Հայաստանի սահմանի երկայնքով երկարաժամկետ կտրվածքով տեղակայվեն ԵԱՀԿ դիտորդներ: Բացի այդ՝ առաքելությունը զբաղվելու է փաստահավաք աշխատանքով, դիտարկելու, թե ադրբեջանական ներթափանցումը ինչ մասշտաբի է. «Նշանակում է՝ դիտորդների կողմից հավաքած փաստերը կարող են ամուր հիմք դառնալ, որ Հայաստանն Ադրբեջանից պահանջի դուրս գալ իր ինքնիշխան տարածքից: Դիտորդական առաքելության հաստատումը շատ դրական է մեզ համար: Պատահական չէ, որ Ադրբեջանը հրաժարվել է ԵՄ դիտորդներին իր տարածքում տեղակայելուց՝ միայն համաձայնելով համագործակցել»,- ընդգծեց քաղաքագետը:

Վարդանյանը, անդրադառնալով Արցախ-Ադրբեջան երկխոսության կայացման միջազգային մեխանիզմների հարցին, նշեց․  «Հայաստանն աշխատում է այդ ուղղությամբ, սակայն պարզ է, որ Ադրբեջանը կտրուկ դիմադրում է դրան: Մենք փորձում ենք միջազգային ճնշումներով հասնենք նրան, որ ստանանք Ադրբեջանի համաձայնությունը Արցախի՝ բանակցային կողմ դառնալու վերաբերյալ: Իհարկե, դա չափազանց բարդ է, Ալիևը շատ կտրուկ է տրամադրված, սակայն դիվանագիտության մեջ անհնարին ոչինչ չկա, և ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է հասնել նաև այդ հաջողությանը»:  

Անդրադառնալով տարածաշրջանում ակտիվ խաղացող Ռուսաստանի դիրքորոշմանը ու Արևմուտքի միջնորդական ջանքերին ուղղված նրա մերժողական արձագանքին՝ քաղաքագետն ասաց, որ Մոսկվայի հակազդեցությունը սպասելի էր, քանի որ անկախ Ուկրաինայի հետ պատերազմական իրավիճակից՝վերջինս  ցանկանում է իր ձեռքում պահել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը. «Անկեղծ ասած՝ կոնկրետ ծանոթ չեմ ՌԴ-ի առաջարկներին, բայց Հայաստանը պետք է լավ ծանրութեթև անի, թե որ առաջարկն է ավելի շահավետ Հայաստանի և Արցախի համար և ճիշտ ընտրություն կատարի»:

Թամարա Ղազարյան