Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիա Զախարովան հետեւո՞ւմ է իր ռուս գործընկերների խոսքի հիգիենային․ հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջ պետք է նրանց մեղադրի

Մարիա Զախարովան հետեւո՞ւմ է իր ռուս գործընկերների խոսքի հիգիենային․ հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջ պետք է նրանց մեղադրի
Քաղաքականություն
18:12, 25 октябрь 2022
Ադրբեջանը, ինչպես հայտնել ենք,  բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝  օրերս տեղի «Առաջին ալիքով» հեռարձակվող  «Մեծ խաղ» հաղորդաշարի «եթերում ռուս քաղաքագետների և հայազգի փորձագետների հնչեցրած ակնհայտ հակաադրբեջանական ելույթների» պատճառով։ 

«Այն փաստը, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և երկրի քարտեզը աղավաղված են, Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին»,- նշած է հաղորդագրության մեջ։

Ռուսական հեռուստաեթերի հետ կապված բողոք Ադրբեջանը, որքան տեղեկացված ենք, առաջին անգամ է հրապարակավ հայտնում ՌԴ-ին, հավանաբար այն պատճառով, որ նման առիթ ՌԴ-ն առաջին անգամ է «ընձեռել»։ Մինչդեռ նույն այդ երկրի եթերը  մեկ անգամ չէ, որ օգտագործվել է իր ռազմավարական դաշնակցի կամ, ինչպես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան է  միայն վերջերս որոշել բնորոշել՝ «եղբայրական Հայաստանի» իշխանությունների հասցեին նողկալի, դիվանագիտական էթիկայի նորմերը խախտող հակաքարոզչություն իրականացնելու համար։  Այդ քարոզչության գործում, ցավ ի սիրտ արձանագրենք, ներգրավված են նաև հայկական ազգանունով հայտնի փորձագետներ, մասնավորապես՝ Անդրանիկ Միհրանյան, Սերգեյ Կուրղինյան, սակայն  Հայաստանին հայերի բերանով հայհոյելու հանգամանքը  չի նվազեցնում հայհոյողներին եթեր հրավիրող և խոսափող տրամադրող պետական հեռուստատեսության պատասխանատվությունը։ Միհրանյան ազգանունով պարոնն, ի դեպ, որը քանիցս հակահիգիենիկ բառապաշարով է եթերում արտահայտվել ՀՀ ընտրյալ իշխանության հասցեին, անվանել «կեղտ», դասախոսում է ՌԴ հեղինակավոր բուհում՝ МГИМО-ում, եղել է ՌԴ «Հասարակական պալատի» անդամ, 2009-ին էլ ՌԴ նախագահ Վ. Պուտինի կողմից պարգևատրվել է «Պատվո շքանշանով»:

Ի դեպ, Հայաստանի իշխանության մասին «Կրեմլի տեսակետը» հանրայնացնող հայտնի «պատվելի» խոսափողներից մեկն էլ  Կոստանտին Զատուլինն է՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ, նույն ինքը՝ Երևանում գործող «Լազարևյան ակումբի» հիմնադիրը, «Հայաստանի բարեկամը», որը, ինչպես պարզվեց, անցանկալի անձ է հայտարարվել ՀՀ-ում։ Վերջինս մեկ անգամ չէ, որ ՀՀ իշխանության հասցեին արտահայտվելիս մոռացել է իր կարգավճակի և բերանի չափի մասին՝  քիթը խոթելով ՀՀ ներքին գործերի մեջ՝ ՀՀ ժողովրդի կողմից ընտրված ղեկավարին հորդորելով «հեռանալ, քանի որ իր ժամանակն անցել է»։ 

Մեկ տարի առաջ՝ ԱԺ ընտրությունների նախընտրական շրջանում, Հայաստանի  բարեկամ ներկայացող մեկ այլ պրոպագանդիստի՝ Վլադիմիր Սոլովյովի կողմից վարվող հաղորդաշարի շրջանակներում Հայաստանի բարեկամը զբաղված էր դաշնակից երկրի վարչապետի հասցեին մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելով, 44-օրյա  պատերազմում ՀՀ-ի պարտությունը նրա գլխին «ջարդելով»։ Սոլովյովի դիտարկմանն ի պատասխան, թե ինչ օրի են հասցրել երկրները «Սորոսի դրածոները», պարոն Զատուլինն առանց իրեն հաշիվ տալու հայտարարեց. «Այսօր մեր՝ ռուս-հայկական Լազարևյան ակումբը, որի անդամները անտարբեր չեն հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ, դիմել են հայ հանրությանն ու անձամբ Նիկոլ Փաշինյանին՝ եթե նա գեթ մեկ կաթիլ պատասխանատվություն ունի իր երկրի հանդեպ, պետք է  հեռանա և թույլ տա, որպեսզի այն մարդիկ, ովքեր ունեն հանրային հեղինակություն, կարողանան չեզոքացնել այն քաոսը, որն ինքն է ծնել։ (Նա որպես «քաոս ցրող» հավանաբար նկատի ուներ Քոչարյանին և նրա թիմին-խմբ.): Այս պատմության ֆիգուրանտը հասցրել է բոլորին մեղադրել՝ ռուսական հրթիռներից մինչև հայկական զինված ուժեր՝ միաժամանակ իրեն պատասխանատու չհամարելով ՀՀ-ի և հայ ժողովրդի մեծագույն պարտության  համար»։ 

Պարոն Զատուլինն, ի դեպ, գուժում էր հայ ժողովրդին քաղաքացիական պատերազմի  դրդելու մասին և եղբայրական երկրի գործչի  հոգատարությամբ հարց տալիս, թե՝ էլ ի՞նչ պետք է տեղի ունենա ՀՀ-ում, որպեսզի մարդիկ հետևություն անեն  «այս իշխանության որակի մասին, որն իշխանության է եկել հայտնի հետնախորշերից հետևյալ լոզունգներով՝ ռուսական ռազմաբազաներ, դո՛ւրս Հայաստանից,  մենք պետք է հակվենք դեպի Արևմուտք։ Մենք բոլորս գիտեք, թե ինչպես է Փաշինյանը եկել իշխանության»։ Ահա մի «յուղոտ» հատված հայ-ռուսական հարաբերություններով մտահոգ պրոպագանդիստի ղեկավարած ակումբի տարածած հայտարարությունից. «Աջակցելով միութենական Ռուսաստանն ու Հայաստանը ամենաբարդ ժամանակներում՝ մենք մշտապես այն համոզմունքն ենք ելակետ ընդունել, որ հայ ժողովրդի սուվերեն իրավունքն է ինքնուրույն լուծել իր ներքին գործերը։ Մենք վերահաստատում ենք մեր դիրքորոշման անփոփոխելիությունը։ Սակայն ներքին գործերին չմիջամտելը մանթրա չէ, որով կարելի է քողարկել երկրի և ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերությունը»։  

Ի դեպ, մինչ պարոն Զատուլինը փորձում էր եթերում  Ն. Փաշինյանի անձը սևացնելիս  «Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ», մեկ այլ «կաթոլիկ»՝ Սոլովյովը, Զատուլինի մոնոլոգն ընդմիջեց՝ ասելով. «Մենք չենք խառնվում ՀՀ ներքին գործերին...»։   

Բոլորովին տարօրինակ չէ,  որ ռուսական եթերում նման վուլգար հակաքարոզչության թողտվությունն ու, բավարար հիմքեր ունենք պնդելու՝ խրախուսումը  նվազագույնը հակակրանք են  հարուցում ՀՀ հանրության շրջանում դաշնակից երկրի հետ ասոցացվող քաղաքական-հասարակական գործիչների ու վերլուծաբանների նկատմամբ և նեգատիվ տրամադրություններ գեներացնում հանրության շրջանում, ինչն  անխուսափելիորեն անդրադառնում է նաև  հայ-ռուսական հարաբերությունների վրա։ 

ՀՀ ԱԳՆ-ն, որքան տեղյակ ենք, ՌԴ-ին հրապարակավ բողոքի նոտա չի հղել ռուսական եթերի՝ Հայաստանի իշխանությանն առնչվող հայտարարությունների խնդրահարույց լինելու  վերաբերյալ, և միայն այն բանից հետո, երբ ՌԴ դեսպանատունը բողոքի նոտա հղեց ՀՀ ԱԳՆ-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո,  ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց նաև իր առարկությունները։ Հիշեցնենք, որ Երևանում ՌԴ դեսպանատունը նոտա էր հղել Հայաստանի ԱԳՆ՝ «տեղական տեղեկատվական տիրույթում Ռուսաստանի հասցեին շրջանառվող հակառուսական կեղծ մեղադրանքների պատճառով»։ «Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նմանատիպ ոչ բարեկամական դրսևորումների կանխմանը, ներառյալ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանությունները»,- մասնավորապես նշված էր դեսպանատան հայտարարության մեջ։  Իր հերթին ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել էր սույն նոտային, սակայն ոչ հրապարակային՝ ներքին կարգով։ Դրա բովանդակությունը հետագայում գաղտնազերծեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն՝ հրապարակելով ԱԳՆ-ից ստացված իր հարցման պատասխանը, որում մասնավորապես նշված է. «ՀՀ ԱԳՆ-ն ռուս գործընկերների ուշադրությունն է հրավիրել ռուսական մեդիադաշտում հակահայկական բովանդակության առկայությանը»։

«Հանրային  տրամադրություններ բորբոքելու» համատեքստում հարկ է նշել Մարիա Զախարովայի երեկ արած  հայտարարությունը, որն արտաքուստ բողոքի նոտա է՝ հղված Արևմուտքին, սակայն դրա հասցեատերը նաև Հայաստանն է՝ որպես «դրսի ուժերի ձեռամբ «հակառուսական տրամադրություններ բորբոքող» սուբյեկտ՝ ի դեմս ՀՀ քաղաքացիական հասարակության։ «Վաշինգտոնի և Բրյուսելի հրահանգներով գործող բազմաթիվ հիմնադրամները, ՀԿ-ները և լրատվամիջոցները կրկնապատկված եռանդով փորձում են հասարակության շրջանում հակառուսական տրամադրություններ ձևավորել»,- հայտարարել է տիկին Զախարովան, որի մեկնաբանությունն, ի դեպ,  հրապարակվել է ՌԴ ԱԳՆ պաշտնական  կայքէջում։ 

ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցչի խոսքերը վերարտադրում են Սովոլյովի և ռուսական պրոպագանդայի այն «մանթրան», թե «Սորոսի դրածոները» զբաղված են ոչ միայն ՀՀ-ն, այլև հայ-ռուսական հարաբերությունները քանդելով, որի դրսևորումներից մեկն էլ  ռուսաֆոբիա գրգռելն է։     

Հարց է ծագում՝ տիկին Զախարովան, որն, ի դեպ, սպասված հյուր է  «Մեծ խաղ» հաղորդաշարում, դիտո՞ւմ է ռուսական եթերը, հետևո՞ւմ է իր գործընկերների և «եղբայրական Հայաստանին» վերաբերող քարոզչական գիծը սպասարկողների խոսքի հիգիենային։ Եթե հետևում է, ապա երևի կհամաձայնի, որ ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ հրահրելու հարցում ռուս պրոպագանդիստները իսկական վիրտուոզներ են, նրանք  այնքան պրոֆեսիոնալ, եթե կուզեք՝ եռապատկված եռանդով են  կատարում իրենց աշխատանքը, որ հայաստանյան ՀԿ-ներին, հիմնադրամներին ու ԶԼՄ-ներին  պարզապես աշխատելու տեղ չեն թողնում։    
 
Հեղինե Մանուկյան