Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուժի կիրառման հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշելը մեր տարածաշրջան կարող է հետագայում լուրջ բախման պատճառ դառնալ». Սեյրան Օհանյանը մինչ այժմ չի հասկացել՝ ինչ է ռազմական դաշինքը և ինչու են պետությունները անդամակցում դրանց

Այն, որ Հայաստանի վարչապետը չստորագրեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, շատ վատ էր Հայաստանի համար, որովհետեւ ՀՀ-ն նախագահում էր ՀԱՊԿ-ում եւ իր նախագահության ընթացքում չի կարողացել համաձայնեցնել այն փաստաթուղթը, որն ինքն է ուզում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, կամ այդ փաստաթուղթը ընդհանրապես չպետք է ներկայացվեր գագաթնաժողովում, կամ եթե ներկայացվել է, պետք է այն ստորագրվեր:

«ՀԱՊԿ-ում կա փորձ, ավանդութ, որ այն երկիրը, որը նախագահում է կառույցը եւ այն երկրում, որտեղ անցկացվում են գոնե ամփոփիչ գագաթնաժողովները, այդ երկրի համար նպաստավոր փաստաթղթեր են ընդունվում: Այս դեպքում դրանք չեն ընդունվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանություններին բանի տեղ չեն դնում: Այն, որ Ադրբեջանն ագրեսոր է, բոլորս գիտենք, որ պետք է այդպես ներկայացվի եւ դատապարտվի, դա միանշանակ է, բայց այսօր նաեւ ուժի կիրառման հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշել մեր տարածաշրջան, դա կարող է հետագայում լուրջ բախման պատճառ դառնալ»,-ասաց նա:

Փաստորեն, տարիներ շարունակ ՀՀ պաշտպանության նախարար աշխատած Սեյրան Օհանյանը տեղյակ չէ՝ ինչի համար է ռազմական դաշինքը և ինչու են պետությունները դաշինք կազմում՝ արտաքին թշնամիներից պաշտպանվելու համար։