Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր որոշ գործիչներ զբաղված են ՀԱՊԿ-ի դեմքը սրբելու անպատվաբեր գործով

Ընդդիմադիր որոշ գործիչներ զբաղված են ՀԱՊԿ-ի դեմքը սրբելու անպատվաբեր գործով
Քաղաքականություն
16:53, 29 ноябрь 2022
ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովի արդյունքում ՀՀ-ի կողմից «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագծի չստորագրման վերաբերյալ որոշ քաղաքագետների, ստաժավոր քաղգործիչների մեկնաբանություններն ուղղակի ապշեցնում են իրենց պրիմիտիվությամբ և քննադատության չեն դիմանում։

Ընդդիմադիր որոշ գործիչներ մի կողմից՝ ՀԱՊԿ-ն անվանում են «բուտաֆորիկ կառույց», «կառույց, որը հեռու է լավագույն ռազմաքաղաքական դաշինքը համարվելուց», մյուս կողմից էլ՝  գործող իշխանությանը մեղադրում են  անճարակության, ապաշնորհության  մեջ, որը, նրանց գնահատմամբ, չկարողացավ  իրենց իսկ որակած  «բուտաֆորիկ» կառույցից ՀՀ շահերը շոշափող կամ մոդայիկ բառով՝ «հայանպաստ  փաստաթուղթ» ստանալ։  

Ինչն է տարօրինակ ու մտահոգիչ՝ իշխանությանն այժմ էլ ՀԱՊԿ գագաթնաժողովի թեմայով  քննադատող գործիչները,  փոխանակ բարձրացնեն այդ կառույցի պատասխանատվության, անդամ երկրների նկատմամբ ստանձնած  կանոնադրական  պարտավորությունների անմիջական, անխուսափելի  կատարման, ՀՀ-ի դեպքում՝ չկատարման և անպատասխանատվության հարցը, ստանձնել են ՀԱՊԿ-ի փաստաբանի, այդ կառույցի երեսը մաքրելու անպատվաբեր դերը։ ՀԱՊԿ-ը մեղավոր չէ, որ ինքն անգործունակ է, այդ ՀՀ-ն է մեղավոր, որ անգործունակ կառույցին չի կարողանում ստիպել  գործնական քայլերի դիմել։  ՀԱՊԿ-ը մեղավոր չէ, որ պրոադրբեջանական,  Ադրբեջանին «իրենց մարդը» համարող երկրներով է լցված, կառույց, որի անդամը չլինելով՝ Ադրբեջանը, ինչպես Իլհամ Ալիևը հայտարարեց,  «ավելի շատ ընկերներ ունի, քան Հայաստանը, և վերջին տարիների ու ամիսների իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս դա»։ Այդ Հայաստաննն է մեղավոր, որ պրոադրբեջանական կառույցից պրոհայկական փաստաթղթեր չի կարողանում պոկել, քանի որ  «Հայաստանին բանի տեղ չեն դնում»։  

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, օրինակ, խոսելով ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին, չարախինդ կերպով այն որակել է  «Լիսաբոն 2»։  Հիշեցնենք, 1996-ին ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովում  ՀՀ-ն ստիպված եղավ վետո կիրառել և դեմ քվեարկել  ԵԱՀԿ գործող նախագահի, Շվեյցարիայի ԱԳ նախարարի հայտարարությանը՝ թույլ չտալով դրա ընդունումը գագաթնաժողովի կողմից։ (Այդ հայտարարության կետերից մեկով, օրինակ, ֆիքսվում էր Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր աստիճանի ինքնակառավարման ապահովում:

 Որոշ քաղաքական գործիչներ էլ, ի դեպ՝ Սերժ Սարգսյանի օրոք ընդդիմադիր պատգամավորներ, հայտարարում են, թե՝ եթե ՀՀ-ն «ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին օգնություն տրամադրելու մասին որոշումը չի ստորագրել այն պատճառաբանությամբ, որ որոշման տեքստում չկար Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականը», ապա  Հայաստանը սույն «հիմարագույն պատրվակով» իր իսկ  կամքով  մերժել է օգնության տրամադրումը՝  «ազատելով ՀԱՊԿ-ին հավաքական ջանքերով Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու պատասխանատվությունից»։ 

Ինչ է ստացվում. ՀՀ-ում կան քաղաքական գործունեությամբ զբաղվող  և երկրի կառավարումը ստանձնելու համար հայտ ներկայացնող ուժեր, որոնց անդամների համար,  փաստորեն, ՀԱՊԿ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ տեղի ունեցած  ագրեսիային գնահատական չտալը (որի պատճառով էլ, ըստ էության, մերժվել է խնդրո առարկա փաստաթղթի ստորագրումը ՀՀ-ի կողմից)  «հիմարագույն պատրվակ է»։ 

«Հիմարագույն պատրվակ» է փաստորեն այն, որ ՀՀ-ն ՀԱՊԿ գործընկերների համար գագաթնաժողովի շրջանակներում  ֆիքսում է քանիցս ֆիքսվածը՝  2021 թ. մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ կիրառել է զինված ուժեր (2021 թ. մայիսի 11-ին ու նոյեմբերի 14-ին և 2022 թ. սեպտեմբերի 13-ին) և օկուպացրել ՀՀ  ինքնիշխան տարածքի մոտ 140 քառակուսի կիլոմետրը։ «Հիմարագույն պատրվակ» է փաստորեն այն, որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ից ակնկալում է գնահատական  Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքներին՝ հայ զինվորականների և քաղաքացիական անձանց շրջանում արձանագրված  կորուստներ,  քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերում։ 
«Հիմարագույն պատրվակ է» փաստորեն ՀՀ-ի առաջարկը՝ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ արագացնել ադրբեջանական կողմի հետ անհրաժեշտ քաղաքական և դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ և անվերապահ դուրսբերմանը իրենց սկզբնական դիրքեր՝ 2021 թ. մայիսի 11-ի դրությամբ»։ 

 Այս  կարևորագույն  իրավաքաղաքական արձանագրումները  «հիմարագույն պատրվակ» որակողները թերևս սեփական հիմարության աստիճանը ստուգելու թեստ հանձնեն՝ մինչ այդ տալով հետևյալ հարցի պատասխանը՝ ի՞նչ իրավաքաղաքական հիմքով է տրամադրվելու ՀԱՊԿ ռազմական օգնությունը, և ամենակարևորը՝ ի՞նչ   իրադարձությունների բերումով է, որ նման օգնության տրամադրման կարիք է առաջացել։  Օգնության տրամադրմանը պետք է նախորդի ստատուս քվոյի ֆիքսումը, այսինքն՝ առկա ռազմաքաղաքական իրադրությանը գնահատական տալը, որին այնուհետ պետք է հաջորդեն ստեղծված իրավիճակին ադեկվատ միջամտությունները՝ ռազմական աջակցություն, սահմանագծին ՀԱՊԿ դիտորդների տեղակայում և այլն։  «Հիմարագույն պատրվակի» հեղինակների դիրքորոշումը եթե կենցաղային օրինակով բացատրենք, ապա կստանանք հետևյա իրավիճակը.  մեր պատկից հարևանը մի քանի կողմից ներխուժում է սեփականության իրավունքով մեզ պատկանող  պապական տան տարածք և նստում մեր տան բակում՝ այդ ընթացքում սպանելով  մեր  ընտանիքի անդամներից մի քանիսին, վնասելով մեր գույքը։ Մենք դիմում ենք ոստիկանություն, որը կամ չի արձագանքում հանցագործության դեպքին, կամ էլ  հանցագործության կատարումից մի քանի ամիս հետո  գալիս է «կանչի վայր»։  Սակայն  հանցագործին վնասազերծելու, ձերբակալելու կամ կալանելու որոշում չի կայացնում, քրեաիրավական գնահատական չի տալիս մեր իրավունքների խախտմանը, փոխարենն առաջարկում է մի քանի  ոստիկանի հերթապահություն  մեր տան պատերի տակ ու մեկ  էլ մի քանի մահակ, որ հենց հանցագործի ախորժակը գրգռվի և որոշի մտնել մեր տան խոհանոց կամ ճաշասենյակ,  ինքնապաշտպանվենք  «կոլեկտիվ միջոցների»՝ հերթապահ ոստիկանների ու մահակների միջոցով։  Համաձայնեք, որ ասվածը զավեշտի ժանրից է։ 
 
Բայց է՛լ ավելի զավեշտալի է «Հայաստան» դաշինքի պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ստաժավոր  ռազմական գործիչ Սեյրան Օհանյանի դիտարկումը։  «Այն, որ Ադրբեջանն ագրեսոր է, բոլորս գիտենք, որ պետք է այդպես ներկայացվի և դատապարտվի, դա միանշանակ է, բայց այսօր նաև ուժի կիրառման հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշել մեր տարածաշրջան, դա կարող է հետագայում լուրջ բախման պատճառ դառնալ»,- երեկ հայտարարել է Օհանյանը, որը, փաստորեն, մտածում է ճիշտ այնպես, ինչպես Բելառուսի նախագահ  Լուկաշենկոն, և կազմակերպության՝ իր պատասխանատվության գոտում իր իսկ պարտականությունների կատարումը փաստորեն որակում է «ներքաշում»։ Պարոն Օհանյանը երևի թե ՀԱՊԿ-ը շփոթել է մեկ այլ դաշինքի՝ ՆԱՏՕ-ի հետ։ Եթե այդ կառույցը դուրս գար  պատասխանատվության իր գոտուց և արձագանքեր ադրբեջանական ագրեսիային, ապա այն իրոք կարելի կլիներ որակել «ներքաշում մեր տարածաշրջան», ինչն,  անխոս, այժմ բերած կլիներ ՆԱՏՕ-ՀԱՊԿ լրջագույն բախման, և  Օհանյանը կամուֆլյաժը  հագին այլ կարևոր գործերով զբաղված կլիներ, քան ծիծաղաշարժ հայտարարություններ անելն է։    

Պարոն Օհանյանին հիշեցնենք, որ ՀԱՊԿ կանոնադրության 3-րդ հոդվածի համաձայն՝ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը հավաքականորեն պաշտպանելու համար առաջնահերթությունը տրվում է քաղաքական միջոցներին։ 

Ամփոփելով ասվածը՝  Օհանյանի և նրա ընդդիմադիր մյուս գործընկերների համար ևս մեկ անգամ մեջբերենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի  այն  հատվածը, որտեղ հիմնավորվում է, թե ինչու է անհրաժեշտ ՀԱՊԿ գնահատականը ստեղծված իրավիճակին, և թե ինչու չստորագրվեց խնդրո առարկա նախագիծը և  ուղարկվեց լրամշակման։  «Նման դիրքորոշումը կարևոր է ոչ միայն ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու, այլև Ադրբեջանին մեր երկրի դեմ հետագա ագրեսիվ գործողություններից զսպելու համար։ Այն, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նոր ագրեսիայի վտանգը պահպանվում է, ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Վասիլիի Զասը։ Այս պայմաններում իրավիճակի քաղաքական հստակ գնահատականի բացակայությունը և վերը նշված որոշումը չկայացնելը կարող է նշանակել ոչ միայն ՀԱՊԿ-ի կողմից դաշնակցային պարտավորություններից հրաժարում, այլ նաև Ադրբեջանի կողմից մեկնաբանվել որպես ՀԱՊԿ-ի կողմից կանաչ լույս Հայաստանի դեմ հետագա ագրեսիայի համար»։

Հեղինե Մանուկյան