Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուս խաղաղապահներին դիմելն անօգուտ է․ պետք է դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ օգտվելով Ադրբեջանի սխալից, որովհետև փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը կոպիտ իրավա-քաղաքական սխալ է թույլ տալիս»․ արցախցի իրավաբան

«Ռուս խաղաղապահներին դիմելն անօգուտ է․ պետք է դիմել ՄԱԿ-ի ԱԽ՝ օգտվելով Ադրբեջանի սխալից, որովհետև փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը կոպիտ իրավա-քաղաքական սխալ է թույլ տալիս»․ արցախցի իրավաբան
Քաղաքականություն
18:30, 13 декабрь 2022
Ադրբեջանի «բնապահպան ակտիվիստների» կողմից երեկվանից փակված Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ մայրուղու հետ կապը վերականգնելու և հումանիտար ճգնաժամին լուծում տալու նպատակով Հայաստանի և Արցախի իշխանությունները ձեռնարկել են մի շարք քայլեր։ Մասնավորապես ԱՀ Անվտանգության խորհուրդը այսօրվա հրավիրած նիստում որոշել է համապատասխան նամակով դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անկախ նրանից, որ ռուս խաղաղապահների զորակազմը մեկ օրից ավել ոչինչ չի կարողանում անել՝ խոչընդոտելու ադրբեջանական հակաօրինական գործողությունները և վերականգնելու Արցախի բնականոն կենսագործունեությունը և ապահովելու արցախահայության տարրական իրավունքներն ու պահանջները։ Հայաստանի ԱԳՆ-ը, սակայն իր հայտարարության մեջ այս անգամ շեշտել է, որ Արցախում անհրաժեշտ են միջազգային անվտանգային երաշխիքներ, որոնք ապահովելու նպատակով շուտով Հայաստանը կսկսի խորհրդակցություններ։ «Ողջ միջազգային հանրության, այդ թվում`ՄԱԿ Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող և անդամ երկրների հրատապ ուշադրությունն ենք հրավիրում, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել լայնածավալ հումանիտար աղետի»,-նշված է հայտարարության մեջ: 

Արցախցի իրավաբան Ռաֆայել Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ կարծում է ՝Լաչինը փակելու և Արցախին կենսական ուղուց զրկելու ցեղասպան գործողությունները ռուսական հրամանատարության հետ փոխհամագործակցության արդյունք են․ «Կարծում եմ՝ այս ամբողջ ներկայացման գեղարվեստական ղեկավարը ոչ միայն Ադրբեջանի նախագահն է, այլ նաև Կրեմլի առաջնորդը, մանավանդ հաշվի առնելով, որ նախկինում, երբ Հայաստանը օգնության համար դիմել է, միշտ անհամարժեք պատասխան ենք ստացել կամ ընդհանրապես գործողություն չենք տեսել ու հիմա էլ որևէ ակնկալիք չկա Կրեմլից։ Հետևապես Մարտիրոսյանը անիմաստ և անօգուտ է համարում դիմել այդ կառույցին և այս առումով համաձայն չէ Արցախի անվտանգության խորհրդի որոշման կամ մտադրության հետ»։ 

Մարտիրոսյանը համոզված է՝ խնդիրը լուծելու համար պետք է դիմել ՄԱԿ ԱԽ՝ օգտվելով Ադրբեջանի սխալից, որովհետև փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանը կոպիտ իրավա-քաղաքական սխալ է թույլ տալիս՝ գործելով միջազգային բոլոր սկզբունքներին հակառակ․ բոլոր իրավական հիմքերը կան՝ ՄԱԿ-ի ԱԽ դիմելու․«Անկախ նրանից՝ Արցախը միջազգային սուբյեկտ է, թե ոչ, ՄԱԿ-ի հումանիտար իրավունքը տարածվում է բոլորի վրա և հնարավորություն է ընձեռում հումանաիտար գործառույթներ իրականացնել անգամ այնպիսի  տարածքներում, որոնք միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն։ Հետևաբար, իմ կարծիքով՝ Արցախը պետք է հրաժարվի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հատուկ կարգավիճակ ունեցող Երևան-Ստեփանակերտ հաղորդուղուց և դիմի ՄԱԿ-ի ԱԽ», -ընդգծում է իրավաբանը։ 

Վերջինս իր համոզմունքը բացատրում է այն հանգամանքով, որ մի կողմից՝ բացահայտ խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածություննները, որով Ադրբեջանը պիտի երաշխավորեր տվյալ ճանապարհային անվտանգությունը, իսկ այդ երաշխիքը հենց չխոչընդոտելն է։ Մյուս կողմից՝ եռակողմ համաձայնության մի կողմը՝ Ռուսաստանը չի կատարում իր պարտավորությունները։ «Ուստի այս ամենը հաշվի առնելով՝ արցախահայությանը այլ ելք չի մնում, քան հրաժարվենք ճանապարհից և դիմենք ՄԱԿ-ին օգնությանը, որից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն իր կանոնադրության համաձայն, պետք է քննարկման առարկա դարձնի և գործի դնի ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ իր լիազորություններից բխող բոլոր գործողությունները»։ 

Ի տարբերություն արցախահայության շրջանում գերիշխող մտայնությունը, թե Ադրբեջանի գործողությունները ուղղված են խաղաղապահ առաքելության դեմ, նսեմացնելու ՌԴ վարկանիշն ու հեղինակությունը, իրավաբանը համոզված է՝ ՌԴ-ն ու թուրքերը նպատակ ունեն «Հայաստանի իշխանության վրա ճնշում գործադրելով՝ ստիպեն, որ Հայաստանը փոխի իր դիրքորոշումը ադրբեջանական և ռուսական պահանջների, այդ թվում Մեղրիով Նախիջևան միջանցք բացելու և այլ պահանջների հանդեպ, միևնույն ժամանակ նպատակադրված իրականացնում է էթնիկ զտում, քանի որ ստեղծում են այնպիսի պայմանաններ, որոնք անհնարին են դարձնում բնակչությանը նորմալ կենսագործունեությունը»։ 

Վտանգն, ըստ Մարտիրոսյանի, այս անգամ ավելի ռեալ է, քանի որ կեղծ բնապահպաններին այս անգամ միացել են ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներ։ «Համոզված եմ ուղղակի, որ Ռուսաստանն ու թուրքերը հեռահար նպատակն  են հետապնդում Զանգեզուրի միջանցքը բացելու միջոցով Հայաստանը բաժանել իրար միջև։ Հասկանալի է, որ ծանր եք տանում այս վիճակը, սակայն պարտավոր ենք միասնական ուժերով այս փորձությունները ևս հաղթահարել։ Արցախի դեպքերը ուղղված են հայ ժողովրդի և ՀՀ իշխանության դեմ և հանուն մեր ազգի պետականության, մենք պատրաստ ենք կյանքի գնով պաշտպանել անգերազանցելի արժեքը՝ հայրենիքը, սրբադասված զինվորների բարի անունն ու պատիվը»,- ընդգծում է նա։ 

Ըստ իրավաբան Մարտիրոսյանի՝ հանքարդյունաբերություն իրականացնելու դեմ գործողությունները ևս ցեղասպանական են, որովհետև հանքարդյունաբերությունը Արցախի լոկոմոտիվն է, տնտեսական-նյութական պաշարների, եկամուտների մեծագույն աղբյուրներից մեկը․ բավական է նայել Արցախի բյուջեին և կհամոզվենք։ «Եվ կտրելով այդ եկամուտը՝ արդեն իսկ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ Արցախի կենսագործունեությունը խաթարվի, Արցախը հայաթափվի։ Իսկ այսպիսի գործողությունները ցեղասպանության հանցակազմ են պարունակում»։ 

Ինչ վերաբերում է Ադրբեջանի իշխանության պատճառաբանությանը, թե մասնագետների խումբ է ուղարկել խաղաղապահների տեղակայման վայր՝ «հետաքննելու և վերահսկելու տեղում օգտակար հանածոների ապօրինի շահագործումն ու այդ գործունեության բնապահպանական հետևանքները», Մարտիրոսյանը նկատեց, որ այդպիսով Ադրբեջանը ցույց է տալիս, որ Արցախը իր տարածքն է, և այնտեղ որոշումներ կայացնելու իրավունքը իրեն է պատկանում, սակայն Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն չի ճանաչվում որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, հետևաբար Ադրբեջանի օրենսդրությունը չի կարող կիրառելի լինել այդպիսի տարածքում։ «Իրավիճակն այնպիսին է, որ ՄԱԿ կանոնադրությամբ մենք ունենք ինքնապաշտպանության բոլոր իրավունքները, բոլոր ձևերով, իհարկե չխախտելով մարդասիրական սկզբունքները։ Այս գործողությունները ուղղված են առաջին հերթին Հայաստանի դեմ, ուստի Հայաստանը, որպես իրավունքի սուբյեկտ, պետք է մեր ձայնը լսելի դարձնի աշխարհում, մեր իրավունքները պաշտպանի՝ օգտվելով Ադրբեջանի սխալից»,-ընդգծեց նա։  

Նշենք, որ Ադրբեջանական մամուլի տեղեկություններով՝ բրիտանական Anglo-Asian Mining ընկերությունը մտադիր է դիմել միջազգային դատարան՝ Արցախում Կաշենի և Դրմբոնի հանքավայրի անօրինական շահագործման պատճառաբանությամբ: Պարզվում է՝ վերջերս Ադրբեջանի կառավարությունը այդ ընկերությանն է վաճառել Կաշենի հանքավայրի շահագործման իրավունքը և դրա համար է Ադրբեջանը ցանկանում մուտք ունենալ այդ հանքավայր, մոնիտորինգ անցկացնել այնտեղ, իբր իրենց հասցված վնասները գնահատել ու «հատուցված վնասի» հիմքով դիմել միջազգային դատարան։

Թամարա Ղազարյան