Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի այսօրվա հարձակումը փաստացի հարձակում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա․ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո

Ադրբեջանի այսօրվա հարձակումը փաստացի հարձակում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա․ Լաչինի միջանցքը գտնվում է ՌԴ խաղաղապահների վերահսկողության ներքո
Հայաստան
18:52, 03 август 2022
Հայաստանը Արցախին կապող Լաչինի միջանցքը, որի ուղղությամբ ԱԹՍ-ներով և նռնականետերով հարձակում է գործել այսօր Ադրբեջանի բանակը, գտնվում է միայն և բացառապես ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ուստի Ադրբեջանի այսօրվա հարձակումը փաստացի հարձակում է Արցախում խաղաղապահ առաքելության վրա։

Նշենք, որ համաձայն 2020 թ Նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության 3-րդ կետի՝ «Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա»: Բացի դա, նույն հայտարարությամբ՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Ասել է թե՝ Ադրբեջանը ոչ միայն մի քանի կետով խախտել է Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ կիրառելով ԱԹՍ-ներ և նռնականետեր, այլև ոտնձգություն կատարել Արցախում խաղաղապահ առաքելություն կատարող և ԱՀ անվտանգությունը երաշխավորող խաղաղապահ զորակազմի դեմ։  

Ի դեպ՝ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն այդ առթիվ ուշագրավ դիտարկում է արել․ «Բերձորի վրա Հայաստանը որևէ իրավասություն այլևս չունի։ Հիշեցնեմ. դա ռուսական պլանի համաձայն։

Հարց. եթե այն գտնվում է ռուսական վերահսկողության ու մանդատի ներքո, ինչո՞ւ ռուս խաղաղապահի վրա չի եղել հարձակումը, և զոհերը հայեր են»։ Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր ժամը 15:00-ի սահմաններում, Արցախի շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչի հետևանքով մահացու վիրավորում է ստացել ՊԲ 2 զինծառայող: Եվս 14 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ: Ըստ Արցախի ՊԲ-ի՝ ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ։