Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Կայացել է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
Քաղաքականություն
23:06, 13 декабрь 2022
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ելույթ է ունեցել Թուրքմենստանի Ավազա քաղաքում տեղի ունեցած Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը։ Նա հայտարարել է, որ իրենց հաջողվել է ամրապնդել հարաբերությունները թյուրքական աշխարհի հետ, ինչպես «Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՊԿ-TDT), շրջանակներում, այնպես էլ առանձին երկկողմ, եռակողմ և քառակողմ մեխանիզմներով։

«Այսօր նախարարների հանդիպումներով, իսկ վաղն էլ առաջնորդների գագաթնաժողովով մենք կոնկրետ քայլեր կձեռնարկենք առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, տնտեսության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում»։


Չավուշօղլուն նաև նշել է, որ շատ ուրախ է երեք եղբայրական երկրների արտգործնախարարների հանդիպման համար՝ շեշտելով, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի էներգետիկայի ու տրանսպորտի նախարարներն առանձին-առանձին եռակողմ հանդիպումներ են անցկացրել։

Ըստ նրա՝ կողմերը շարունակելու են իրենց ջանքերն ապրանքների, ծառայությունների և աշխատուժի շրջանառությունը միմյանց միջև հեշտացնելու համար։

Աղբյուր`    Anadolu