Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախահայությունը պատրաստ է դիմակայել՝ ինչքան պետք է, բայց Ադրբեջանի պահանջները, որոնց նպատակն է Արցախը՝ առանց հայի, չի ընդունի. Շուշիի շրջանի վարչական ղեկավար

Արցախահայությունը պատրաստ է դիմակայել՝ ինչքան պետք է, բայց Ադրբեջանի պահանջները, որոնց նպատակն է Արցախը՝ առանց հայի, չի ընդունի. Շուշիի շրջանի վարչական ղեկավար
Քաղաքականություն
19:10, 14 декабрь 2022
Ադրբեջանի կողմից արդեն երեք օր Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով Արցախի Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները զրկվել են ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ստեփանակերտի հետ կապից՝ փաստացի կորցնելով հաղորդակցությունը աշխարհի հետ, զրկվելով սննդամթերքի, մասնավորապես հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի տվյալ բնակավայրեր Արցախից մատակարարումից: Դրան գումարած՝ Ադրբեջանը  երեկվանից անջատել է Հայաստանից Արցախ գազամատակարարումը՝ էլ ավելի խորացնելով հումանիտար ճգնաժամը։ Մենք կապ հաստատեցինք Շուշիի շրջանի ղեկավարի հետ՝ պարզելու, թե ինչ իրավիճակ է այժմ հինգ համայնքներում։ Արցախի տեղեկատվական շտաբի տվյալներով՝ վառելիքային ճգնաժամ չառաջանալու համար Արցախի կառավարությունը տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ անցնելու խնայողական ռեժիմի: Ըստ այդմ՝ լցակայաններում վառելիք առաջնահերթ կտրամադրվի շտապօգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին և հատուկ ծառայություններին: 
 
Շուշի վարչական շրջանի ղեկավար Գրիշա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 5 համայնքների՝ Մեծ շենի, Հին շենի, Եղծահողի և Լիսագորի ամբողջական շրջափակումը տևել է մեկ օր, որի պատճառով անգամ շտապբուժօգնության կարիք ունեցողներին չեն կարողացել տեղափոխել Երևան, չեն կարողացել ստանալ դեղորայք և առաջին անհրաժեշտության մթերքներ, հաց ու  սնունդ։  Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ համայնքների կղզիացումը տևել է մեկ օր, որովհետև ռուս խաղաղապահները, անվտանգային նկատառումներից ելնելով, նաև վերահսկողությունը ուժեղացնելու նպատակով չէին բացում Շուշիի հինգ համայնքները Գորիսի Տեղ համայնքին կապող միակ ճանապարհը, որտեղ, ի դեպ, ադրբեջանցի ինքնակոչ բնապահպան ակտիվիստները ոչ մի օր չեն հայտնվել, և ճանապարհը բաց է եղել: «Բացի անվտանգության հարցերից, խաղաղապահները փակել են Գորիս տանող ճանապարհը, որպեսզի Արցախի մյուս տարածքներից  Հայաստան գնացածները չգան Շուշիի շրջանի գյուղեր։ Դե գան, ի՞նչ անեն, եթե շրջափակման մեջ ենք։ Բայց, այնուամենայնիվ, մի քանի ընտանիք ժամանակավոր տեղակայվել են գյուղերում»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու առաջին օրը խաղաղապահները ժամանակավորապես թույլ չեն տվել երթևեկել այդ ճանապարհով։ 

Հովհաննիսյանի խոսքով՝ դեռևս  գյուղերի վարչական ղեկավարներն են  հիմնականում երթևեկում ճանապարհով: «Փոքր գյուղեր են, ղեկավարները հավաքագրում են կարիքները ու գնում են Գորիսից բերում, թեև ցանկացողների համար էլ այս պահին արգելք չկա։ Նորմալ հունով այսօրվանից ապրում ենք։ Այսինքն՝ կարելի է ասել, ամենածանր, փակուղային վիճակից հետո մեր համայնքները ամենահարմար վիճակում են հիմա, միայն վատն այն է, որ Ստեփանակերտի հետ կապն է կտրված, հարազատները չեն կարող շփում ունենալ, միայն հեռախոսակապն է գործում»,- նշում է նա։

Վերջինս հայտնեց նաև, որ գազի մատակարարման անջատումից հետո ամբողջ գյուղը մնացել էլեկտրականության հույսին, բայց կարևորն այն է, որ անորոշության ֆոնին հոգեբանական հուսահատություն, ընկճված տրամադրություն չկա, ոչ էլ գյուղից դուրս գալու մտադրություններ. «Ընդհանրապես խուճապահար չէ ժողովուրդը, ուղղակի մտահոգված են անորոշ վիճակից։  Մենք դիմակայելու ենք՝ ինչքան պահանջվի, սակայն չենք ընդունելու թուրքերի որևէ պահանջ։  Միանշանակ է, որ ճանապարհը չպետք է բացվի այնպիսի զիջումների գնով, որ պահանջում է Բաքուն, այսինքն՝  ադրբեջանական հսկողությամբ հենակետ չպետք է բացվի, ինչպես նաև Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցք չպետք է լինի։ Անցակետ դնելը անընդունելի բան է։ Դեռևս առաջին պատերազմի ժամանակ տեսել ենք՝ ինչպես են օդանավակայանում անցակետ դրել, և ինչ վտանգներ էին ստեղծել արցախահայության համար, ինչ հանցանքներ են գործել, հիմա ինչպե՞ս կարող ենք համաձայնել, եթե նրանց վերջնական նպատակը Արցախն  է՝ առանց հայերի, այսինքն՝ ցեղասպանություն անելը։ Եթե արցախահայության գազն անջատել են, ճանապարհը փակել են, արդեն ցեղասպանության նշան է. միայն  սպանելով չի։ Մի շաբաթ հետո ո՞նց են առանց սնունդի մնալու հազարավոր մարդիկ, երեխաներ»։ 

Քանի որ միջանցքի անվտանգ երթևեկը ռուս խաղաղապահների պատասխանատվության հարցն է, այդ բանակցություններին անգամ Արցախին թույլ չեն տալիս մասնակցել, արցախահայությունը բնականաբար սպասում է, որ խաղաղապահները ի վերջո կկարողանան բանակցություններով խնդիրը լուծել ամեն գնով: «Եթե այս խնդիրը չլուծվի շուտափույթ, նշանակում է՝ չկա միջազգային իրավունք, արդարադատություն»,- ընդգծում է ղեկավարը։

Հարցին, թե ինչ տեղեկություններ կան բանակցությունների արդյունքներից, որևէ դրական ակնկալի՞ք կա, որ առաջիկա ժամերին ճանապարհը կբացվի, գազամատակարարումը կվերականգնվի, նա ասաց, որ իր տեղեկություններով՝ մինչև վաղը ակնկալվում է, որ ճանապարհը կբացվի, հաստատ բան չի կարող ասել, բայց հույս ունեն։ 

Անդրադառնալով հանրության շրջանում տարածված պահանջին, որ հումանիտար աղետից և ցեղասպանական վտանգից խուսափելու համար արցախահայության անվտանգությունը պետք է ապահովեն ՄԱԿ մանդատով միջազգային ուժեր՝ Հովհաննիսյանը պատասխանեց, որ թերահավատ է    միջազգային հանրության, մասնավորապես արևմտյան գերտերությունների նկատմամբ և ռեալ աջակցության հույս չունի. «Միայն դատապարտող կոչեր, հայտարարություններ ենք լսում, ոչ ավելին, իսկ Ադրբեջանը դրանք հաշվի չի առնում, իր գծած պլանով առաջ է գնում, մինչև հասնի Արցախի հայաթափմանը։ Փոխարենը Ադրբեջանի թիկունքին կանգնած են Թուրքիան և այլ երկրներ, իսկ մեր թիկունքին ոչ ոք չկա, մենք մենակ ենք մեր դժվար ճակատագրի հետ»։ 

Ուստի այս իրավիճակը հաղթահարելու համար, նրա համոզմամբ, առաջին հերթին մեր հույսը մենք մեզ վրա պիտի դնենք, ներքին համերաշխություն ունենանք. «Ինչպես Րաֆֆին է ասել. «Մենք բարեկամ չունենք, որովհետև մենք ինքներս մեզ բարեկամ չենք, հետևաբար անիմաստ է ուրիշ տեղ բարեկամ փնտրել»»։

Ինչ վերաբերում է Կաշենի և այլ հանքերի գործունեությանը, ապա, Հովհաննիսյանի համոզմամբ, Ադրբեջանը պատահական չէ, որ ցանկանում է կասեցնել Կաշենի հանքի շահագործումը, որովհետև հանքերը Արցախի եկամտի հիմնական աղբյուրներն են, թիվ մեկ հարկատուները, և դրա փակումը մեծագույն հարված կլինի Արցախի բյուջեին։

Թամարա Ղազարյան