Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ տվեց ՄԱԿ ԱԽ քննարկումը և դեռ ի՞նչ կարող է տալ. Միացյալ նահանգների հայտարարությունը թաքնված նախազգուշացում էր պարունակում` ուղղված Ադրբեջանին․ տեսանյութ

Անցած գիշեր Նյու Յորքում պաշտոնական Երևանի դիմումով տեղի ունեցավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Քննարկումների թեման Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված խնդիրն էր։ ՄԱԿ անդամ երկրները, ըստ էության, հայանպաստ ելույթներով հանդես եկան, կոչ անելով և հորդորելով Ադրբեջանին բացել Լաչինի հումանիտար միջանցքը՝ առանց նախապայմանների։ Որոշ երկրներ հատուկ շեշտեցին՝ որևէ պատրվակով՝ անգամ բնապահպանական, միջանցքը փակ պահելը անթույլատրելի է։

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ընդհանուր առմամբ գոհ է ՄԱԿ անդամ երկրների ելույթներից, չնայած, ըստ նրա, կային բաներ, որ ավելի նախընտրելի կլիներ, եթե այլ կերպ լիներ։ Բեգլարյանը չմանրամասնեց հատկապես ինչը նկատի ունի։

Բեգլարյանը չցանկացավ ՄԱԿ մշտական անդամների ելույթներին անհատական գնահատականներ տալ, իսկ այդ 5 անդամ պետությունների ելույթներին ընդհանրական գնահատական տալով նշեց, որ խնդրահարույց իրավիճակ ունեինք, չնայած դրան պատկերը վատ չէր։

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանին զարմացրել են անդամ պետությունների ելույթները։ Զարմանքի պատճառն այն է եղել, որ պետությունները բացառիկ կոնսոլիդացիա են ունեցել միջանցքի անվերապահ բացման հարցում։

 Սաֆարյանը առանձնացրեց հատկապես Միացյալ Նահագների հայտարարությունը, որտեղ ԱՄՆ-ն աննախադեպ հասցեականությամբ Ադրբեջանին մեղադրում է միջանցքը փակելու համար և կոչ անում բացել այն, բացի այդ մեղադրում Ադրբեջանին խաղաղության բանակցությունները տապալելու համար։  
Այսօր էլ ՄԱԿ-ում տեղի է ունենում քննարկում, որտեղ քննարկվում է Ֆրանսիայի կողմից առաջարկված հայտարարության տեքստը համատեղ ընդունելու մասին հարցը։

Ըստ Սաֆարյանի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը նախազգուշացնում է Ալիևին վերադառնալ բանակցային սեղան, նաև բացել Լաչինի միջանցքը, հակառակ դեպքում՝ ավելի կոշտ գործողությունների կգնան։

 Սաֆարյանը նկատեց․ Ռուսաստանը միակ երկիրն էր, որ լեգիտիմ ճանաչեց Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպան ակտիվիստների մտահոգությունները ։

Ստյոպա Սաֆարյանը առանձնացրեց Միացյալ Նահագների ելույթը նաև նրանով, որ այն միակ պետությունն էր, որ հիշատակեց Հելսինկյան եզրափակիչ ակտը։

Արտակ Բեգլարյանն էլ կեղծիք համարեց Ադրբեջանի ներկայացուցչի հայտարարությունը, թե Լաչինի միջանցքը փակ չէ, քանի որ այնտեղով հումանիտար բեռներ  անցել են:

 Ըստ բանախոսների՝ միջազգային հանրության կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Լաչինի միջանքը բացելուն ուղղված կոչերը հերթական մեսիջն էր, որ միջազգային ընկալում կա, երբեմն՝ աջակցություն, որ ռուս խաղաղապահները Արցախում կարևոր առաքելություն ունեն։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
 
Վովա Հակոբյան