Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահնե՞րն են փակել Լաչինի ճանապարհը, որ ասեն՝ երբ կբացվի. Արցախի ԱԺ պատգամավոր

Ռուս խաղաղապահնե՞րն են փակել Լաչինի ճանապարհը, որ ասեն՝ երբ կբացվի. Արցախի ԱԺ պատգամավոր
Քաղաքականություն
17:49, 26 декабрь 2022
Արդեն կես ամիս է՝ ադրբեջանցի բնապահպան ներկայացողները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ «Բնապահպանների» պահանջը իբրև Արցախի Կաշենի հանքավայրում շրջակա միջավայրին առնչվող վտանգները կանխելու համար ստուգումներ անելն է, մինչդեռ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ դեկտեմբերի 3-ին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակելուց հետո Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով Արցախի իշխանություններին փոխանցել է բնապահպանական խնդիրների հետ շատ քիչ առնչություն ունեցող առաջարկներ, որոնք անընդունելի են եղել Արցախի համար։ 

Նշենք, որ ադրբեջանական մամուլում հայտնվել էին ադրբեջանցի «բնապահպանների» պահանջներից մի քանիսը։ Բնական մորթուց մուշտակ կրող «բնապահպանները» մասնավորապես պահանջում էին ադրբեջանական անցակետ տեղադրել Լաչինի ճանապարհին, որպեսզի ռուս խաղաղապահների հետ համատեղ նաև Ադրբեջանի կողմից ճանապարհի հսկողությունն իրականացվի, ինչպես նաև պահանջում էին Ադրբեջանի մի շարք պետական կառույցների, այդ թվում՝ մաքսային կառույցի գործունեության իրականացում Արցախում։

Civic.am-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Մարսել Պետրոսյանը նշեց, որ Արցախի նախագահի նշած ադրբեջանական առաջարկները չեն ներկայացվել ԱԺ պատգամավորներին: «Ադրբեջանը պաշտոնական առաջարկ չի ներկայացրել Ղարաբաղին»,-ընդգծեց նա։ Օրերս արցախցիները հավաք-երթ էին կազմակերպել դեպի Լաչինի միջանցք, պահանջով՝ «Բացել կյանքի ճանապարհը»։ Մարսել Պետրոսյանը նշեց, որ արցախցիների հավաքն ավարտվել է ռուս խաղաղապահների խոստումներով։ Մեր հարցին ի՞նչ խոստում են տվել, ե՞րբ կբացվի ճանապարհը, Արցախի ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Բայց դա ռուսնե՞րն են փակել, որ ասեն, թե երբ կբացեն, պարզապես խոստում են տվել, որ կբացվի»։ 

Արցախի ՄԻՊ-ը մեզ հետ զրույցում հիշատակել էր, որ Հայաստանից Արցախ օրական 400 տոննա սննդամթերք է գնում: Շուրջ 15 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ այսօր ԿԽՄԿ-ի միջոցով ընդամենը 10 տոննա օգնություն է հնարավոր եղել տանել՝ ներառյալ մանկական սնունդ։ Մարսել Պետրոսյանի խոսքով՝ խանութներում միրգ ու բանջարեղեն չկա. «Միրգ չկա, բայց տներում չիր կա, դա փոխարինում է մրգին։ Ստեփանակերտում շատ հանգիստ վիճակ է, սա առաջին դեպքը չէ, անցած 30 տարիների ընթացքում բազմաթիվ անգամ մենք ենթարկվել ենք շրջափակման, մենք ամեն ինչի հանգիստ ենք վերաբերվում. ինչպես մնացած արգելափակումները՝ սա նույնպես կհաղթահարենք, պարզապես ժամանակի խնդիր է»:  

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ տևական ժամանակ նստացույց էր անում՝ 120.000 արցախցու շրջափակման խնդիրը միջազգային հանրությանը հասանելի դարձնելու համար։ Մարսել Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ Արցախի ԱԺ պատգամավորները որևէ կապ փորձո՞ւմ են ստեղծել միջազգային գործընկերների հետ խնդրի առնչությամբ: «Ոչ, անիմաստ ենք համարում դա անել, դա արվում է պետական մակարդակով և վատ չի արվում, ինչ պետք է՝ արվում է բավական բարձր մակարդակով»,- պատասխանեց Արցախի ԱԺ պատգամավորը: Մեր հարցին՝ նկատի ունեք Արցախի՞, թե՞ Հայաստանի կառավարությանը, պատգամավորն արձագանքեց. «Ես ի՞նչ կապ ունեմ Հայաստանի կառավարության հետ»: 

Նարա Մարտիրոսյան