Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կաշենի հանքավայրում աշխատող ՀՀ քաղաքացիները մնացել են Արցախում՝ շրջափակման մեջ, 2 տարեկան աղջիկս իր պապային է սպասում անհամբեր»․ահազանգում է աշխատակիցներից մեկի կինը

«Կաշենի հանքավայրում աշխատող ՀՀ քաղաքացիները մնացել են Արցախում՝ շրջափակման մեջ, 2 տարեկան աղջիկս իր պապային է սպասում անհամբեր»․ահազանգում  է աշխատակիցներից մեկի կինը
Հասարակություն
14:20, 23 декабрь 2022
«Արցախում նույնպես կան ՀՀ քաղաքացիներ, որոնք սպասում են ճանապարհը բացվելուն, որպեսզի գան Հայաստան՝ հասնեն իրենց ընտանիքներին»,- այս մասին Civic.am-ին ահազանգում է Արցախում մնացած ՀՀ քաղաքացիներից մեկի կինը։

 «Կաշենի հանքավայրում աշխատող ՀՀ քաղաքացիները մնացել են Արցախում՝ շրջափակման մեջ՝ իրենց ընտանիքներից կտրված, չեն կարողանում գալ Հայաստան։ Իմ ամուսինը նույնպես աշխատում էր հանքում ու չի կարողանում գալ Հայաստան։ Իհարկե, հանքի տնօրինությունը ՀՀ քաղաքացիներին տեղավորել է հյուրանոցում, բայց իմ 2 տարեկան աղջիկն իր պապային է սպասում անհամբեր, կարոտում է։ Երկրորդ երեխաս 5 տարեկան է, ես չեմ աշխատում։ Մենք սպասում ենք մեր պապային, որ գա աշխատավարձ ստանա»,-շեշտեց կինն ու խնդրեց չհրապարակել իր անունը։ 

Նշենք, որ արդեն 12 օր է՝ Շուշիի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ԼՂ-ում ստեղծելով հումանիտար աղետ։ Ադրբեջանցիները թեպետ ներկայացել են իբրև բնապահպաններ, որոնք իբր նպատակ ունեն ԼՂ-ում գործող Կաշենի հանքավայր մտնել ու ստուգումներ իրականացնել, սակայն քաղաքական պահանջներ են առաջ բերում։ «Բնապահպանների» պահանջների ցանկում է՝ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների հետ համատեղ Ադրբեջանի կողմից անցակետեր տեղակայելու անհրաժեշտությունը, ողջ Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ այդ թվում հայաբնակ բնակավայրերում Ադրբեջանի մի շարք պետական կառույցների տեղակայումը։ 

Ընդգծենք, որ բնական մորթուց մուշտակ կրող, աղավնու վիզ կոտրող ադրբեջանցի «բնապահպանների» գործողությունների արդյունքում նաև տասնյակ արցախցի դպրոցական երեխաներ արդեն 12 օր է կտրված են իրենց ծնողներից՝ չեն կարողանում հասնել իրենց տուն․ նրանք Հայաստան էին եկել «Մանկական Եվրատեսիլ» համերգին մասնակցելու։ «Բնապահպանների» «ակցիան» Արցախում հանգեցրել է  սննդամթերքի, դեղորայքի և ընդհանրապես առաջնային անհրաժեշտության ապրանքների սուղ վիճակի։ 

Նարա Մարտիրոսյան