Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դպրոցական օլիմպիադայում հաղթած Մաքսիմը ինը օր է՝ չի կարողանում հասնել տուն՝ Արցախ. որպես խրախուսանք՝ նա եկել էր «Մանկական Եվրատեսիլ»-ը դիտելու

Դպրոցական օլիմպիադայում հաղթած Մաքսիմը ինը օր է՝ չի կարողանում հասնել տուն՝ Արցախ. որպես խրախուսանք՝ նա եկել էր «Մանկական Եվրատեսիլ»-ը դիտելու
Հասարակություն
16:04, 20 декабрь 2022
«10 օր է՝ չեմ տեսել 15-ամյա որդուս, Արցախից մեկնել էր Երևան «Մանկական Եվրատեսիլ» համերգին։ Հիմա տղաս Գորիսում է մնում, անհանգստությունը շատ-շատ է, բայց երեխան նկարագրում է, որ շատ ջերմ վերաբերմունք է, ուղղակի հոգեպես է նեղված»,- Civic.am-ի հետ զրույցում պատմեց Ասկերանի բնակչուհի Լամարա Թևոսյանը։ 

Նշենք, որ արդեն 9 օր է՝ ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 

10-րդ դասարանի տղան և իր հետ Երևան մեկնած արցախցի աշակերտները տևական ժամանակ զրկված են եղել կրթության իրավունքից։ Լամարա Թևոսյանի խոսքով՝ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, արդեն իսկ պետք է Գորիսում կազմակերպվի իր երեխայի ուսումը։  

«Ասկերանի դպրոցից միայն տղաս՝ Մաքսիմ Թևոսյանն էր գնացել «Մանկական Եվրատեսիլ»-ին, ինքը Աշխարհագրություն առարկայի օլիմպիադային հաղթել էր Երևանում, և որոշվել էր, որ որպես խրախուսանք՝ ներկա լինի համերգին։ Հարազատներս, որոնք Հայաստանում էին բնակվում, հիմա Ռուսաստանում են, ոչ մեկը չկա, որ այցելի տղայիս»,- նշեց 15-ամյա տղայի մայրը՝ Լամարա Թևոսյանը։ 

Մաքսիմ Թևոսյանը հինգ երեխաների մայր Լամարա Թևոսյանի մեծ որդին է, փոքրը  5 տարեկան է։ Բազմազավակ ընտանիքը 44-օրյա պատերազմի ժամանակ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղից է տարհանվել. գյուղը հիմա Ադրբեջանի տիրապետության տակ է:
«Սեպտեմբերի 30-ին մի ձեռք շորով 5 երեխաներին վերցրել ենք ու դուրս ենք եկել, ու մեկ էլ մի-երկու թղթաբանություն՝ շատ կարևոր փաստաթղթերը։ Ես ծնունդով ղարաբաղցի եմ, իմ հայրական՝ Մոշխոմհատի տունը նույնպես 44-օրյա պատերազմի ժամանակ մնացել է Ադրբեջանի տիրապետության տակ»,- պատմեց Լամարան։

7 անձից բաղկացած ընտանիքն ապրում է Ասկերանում՝ 2-սենյականոց բնակարանում, Լամարայի խոսքով՝ բնակարանը 2 ննջասենյակ ունի, իսկ խոհանոցն ու հյուրասենյակը միացված են իրար։ 

Ասկերանի բնակչուհին ընդգծեց նաև՝ Ասկերանում շրջափակման հետևանքով արդեն իսկ նկատելի է սննդի ու դեղորայքի պակաս, ու շեշտեց, որ կարող են մի կերպ ձգել. «Ասկերանի ժողովրդի տրամադրվածությունը ներքուստ շատ հուզական ու տխուր է, բայց արտաքուստ պետք է լինենք ուժեղ, որպեսզի թշնամին չկարողանա մեզ կոտրել»։ 

Ասկերանի վարչակազմի մամուլի խոսնակ Անահիտ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ճանապարհի փակ լինելու պատճառով իրենց ընտանիքներից կտրված են մնացել ոչ միայն այն երեխաները, որոնք Արցախից մեկնել էին Երևան՝ ներկա լինելու «Մանկական Եվրատեսիլ»-ին, այլև այն անձինք, ովքեր, օրինակ, բուժման նպատակով էին մեկնել Հայաստան ու հիմա չեն կարողանում հասնել իրենց տուն։ 

Անահիտ Պետրոսյանը շեշտեց, որ պետական մարմիններին պատկանող մեքենաները, որոնք աշխատում են բենզինով, դադարեցրել են աշխատանքը, և մարդիկ ոտքով են տեղաշարժվում, որպեսզի բենզինի պաշարը չսպառվի. «Չգիտենք՝ ինչքան կտևի այս վիճակը։ Բենզինի պաշարը հիմնականում պահում ենք անհետաձգելի դեպքերի համար, օրինակ՝ երբ հիվանդ պետք է տեղափոխվի։ Այս առումով Ասկերանի վարչակազմում ստեղծվել է օպերատիվ շտաբ, և այն մեքենաները, որոնք աշխատում են միայն բենզինով, դիմում են օպերատիվ շտաբին՝ ստանալու բենզինի կտրոն»։     

Հիշեցնենք, որ 9 օր շարունակ Շուշիի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ փակ են պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ԼՂ-ում ստեղծելով հումանիտար աղետ։ Ադրբեջանցիները թեպետ ներկայացել են իբրև բնապահպաններ, որոնք իբր նպատակ ունեն ԼՂ-ում գործող Կաշենի հանքավայր մտնել ու ստուգումներ իրականացնել, սակայն քաղաքական պահանջներ են առաջ բերում։ «Բնապահպանների» պահանջների ցանկում է՝ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների հետ համատեղ Ադրբեջանի կողմից անցակետեր տեղակայելու անհրաժեշտությունը, ողջ Լեռնային Ղարաբաղի տարածքում, այդ թվում՝ հայաբնակ բնակավայրերում, Ադրբեջանի մի շարք պետական կառույցների տեղակայումը։

Նարա Մարտիրոսյան