Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանն աշխարհին չի կարող խաբել, թե ճանապարհը փակելը բնապահպանական խնդիր է, փակված ճանապարհից ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա Ադրբեջանի զորքն է կանգնած․ Արցախի ԱԺ պատգամավոր

Ադրբեջանն աշխարհին չի կարող խաբել, թե ճանապարհը փակելը բնապահպանական խնդիր է, փակված ճանապարհից ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա Ադրբեջանի զորքն է կանգնած․ Արցախի ԱԺ պատգամավոր
Քաղաքականություն
15:38, 14 декабрь 2022
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ ադրբեջանցի «բնապահպանների» կողմից 

Արցախի ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի զինվորներն այդ ճանապարհն օգտագործում են իրենց անցակետերը սնուցելու համար, և «բնապահպանները» այդ ժամանակ բացում են ճանապարհը, իսկ հայերի համար արդեն երրորդ օրն է՝ փակ է: «Ադրբեջանի ավտոմեքենաները այդ հատվածով անցնում են՝ սնուցելու իրենց զինվորական հենակետերը, որոնք գտնվում են Ստեփանակերտից Գորիս տանող ճանապարհի աջ հատվածին։ Այդ ժամանակ «բնապահպանները» թույլատրում են նրանց անցնել, իսկ մեզ համար փակ է»,- ասաց նա։ 

Պատգամավորի խոսքով՝ ադրբեջանցի «բնապահպանները» վրաններ են տեղադրել, և  փակված ճանապարհից ընդամենը 2-3 մետր հեռավորության վրա Ադրբեջանի զորքն է կանգնած: «Խաչմերուկը, որտեղից ճանապարհները տանում են դեպի Քարին տակ, Շուշի, Գորիս ու Ստեփանակերտ՝ այդ հատվածում ռուս խաղաղապահներ են կանգնած, որտեղից մենք անցնում էինք, իսկ ճանապարհի մյուս հատվածում Ադրբեջանի զինվորներն են կանգնած։ Սա Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած սադրանքն է, այդ «բնապահպանների» մեջ նաև իրենց անվտանգության ծառայակիցներից մեկն էր կանգնած քաղաքացիական հագուստով, այդ մասին նաև հրապարակվել է»,- հավելեց Վահրամ Բալայանը։ 

Ռուս խաղաղապահներին դեռևս չի հաջողվում հեռացնել ադրբեջանցի «բնապահպաններին» ճանապարհից, որպեսզի Արցախի բնակավայրերը դուրս գան շրջափակումից։ Ճանապարհը փակելը նաև անհնար է դարձրել Արցախ սննդի ու դեղորայքի տեղափոխումը։ Ավելին՝ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոնից» մեզ տեղեկացրին, որ դեռևս հրատապ է մնում ծանր հիվանդներին Երևան տեղափոխելու հարցը, այս պահի դրությամբ 5-ից ավելի են այն հիվանդները, որոնց բուժումը պետք է հրատապ իրականացվի Երևանում։ 

Նշենք, որ ընդամենը օրեր առաջ՝ դեկտեմբերի 10-ին, Ադրբեջանի կառավարությունը հայտարարեց, որ ռուս խաղաղապահների հետ համաձայնությամբ սկսում են Մարտակերտի շրջանի՝ Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի ստուգումները։  

Վահրամ Բալայանը հիշատակեց, որ ադրբեջանցի «բնապահպանների» պահանջն է, որ ստուգումներ կազմակերպվեն Կաշենի հանքավայրում՝ իբր բնապահպանական խախտումների կասկածով, մինչդեռ այդ պահանջն իրականում Արցախի բնակչությանը ճնշելու գործիք է: «Հիմա արդեն էլ աշխարհին չեն կարող խաբել, որ բնապահպանական խնդիր կա, դա ժողովրդին խեղճացնելու միջոց է, որովհետև Արցախ մտնող գազն են փակել հիմա էլ։ Ճանապարհը փակել են, ասում են՝ իրավունք չունեք ձեր հողի վրա հանքավայր շահագործելու։ Հանքավայրը եկամտի աղբյուր է ժողովրդի համար, և դա պատրվակ է խառնվելու Արցախի ներքին գործերին»,- ընդգծեց Արցախի ԱԺ պատգամավորը։  

Մենք կապ հաստատեցինք Կաշենի հանքավայրը շահագործող «Բեյզ Մէթըլս» ՓԲԸ-ի հետ, որը հանքավայրի աշխատանքների ու ադրբեջանցի «բնապահպանների» գործողությունների մասին նախընտրեց առայժմ տեղեկություն չհանրայնացնել։ 

Նարա Մարտիրոսյան