Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարմրաքարում ադրբեջանցիներ չկան, Կարմրաքարը մեր հատվածն է. Դավիթ Բեկի համայնքապետը հերքում է մամուլի հրապարակումները

Կարմրաքարում ադրբեջանցիներ չկան, Կարմրաքարը մեր հատվածն է. Դավիթ Բեկի համայնքապետը հերքում է մամուլի հրապարակումները
Հայաստան
17:22, 24 ноябрь 2021
«Ադրբեջանցիները ճանապարհի երկու հատված են փակել՝ մեկը Կապան-Ճակատեն ճանապարհն է, մյուսն էլ Գորիս-Կապան ճանապարհն է՝ Որոտանի հատվածում»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց Ծավ բնակավայրի ղեկավար Սեյրան Զաքարյանն ու հավելեց. «Ես հիմա Կապանից Գեղանուշ գյուղով գնում եմ դեպի Ծավ գյուղ:

Այս այլընտրանքային ճանապարհի վրա ահագին աշխատանքներ կատարված են, բայց դեռ վերջնական չի, դեռևս ամենագնաց մեքենաներն են անցնում: Հիմա Ճակատենից Կապան նաև հիմնական ճանապարհն է վերանորոգվում, որը զուգահեռ է դառնալու ադրբեջանցիների փակած հատվածներին»: 

Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանն էլ նշեց, որ մամուլում իր անունից հրապարակվել է տեղեկություն, թե Կարմրաքարի հատվածում ադրբեջանցիներ կան, սակայն այդ տեղեկությունը սխալ է. «Կարմրաքարը մեր հողն է, այդ հատվածը բաց է, և այնտեղ ադրբեջանցիներ չկան, ես հիմա Կարմրաքարում եմ: Իսկ Չայզամի կոչված տարածքում ադրբեջանցիները ոչ թե այսօրվանից են կանգնած, այլ վեց ամիս առաջվանից են այդտեղ»:  

Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Չայզամի կոչված հատվածում, որտեղ կանգնած են ադրբեջանցիները, այդ ճանապարհն օգտագործում են Նոր Առաջաձոր գյուղի բնակիչները, որոնք էլ, բնական է, կանհանգստանան ադրբեջանցիների կողքով անցնելիս: Համայնքի ղեկավարը ընդգծեց նաև, որ Նոր Առաջաձորը խիտ բնակեցված չէ, և ընդամենը երեք-չորս ընտանիք է ապրում այնտեղ:

«Դավիթ Բեկում փակ տարածք չունենք, Գորիս գնում ենք այլընտրանքային ճանապարհով՝ Սյունիք սովխոզով անցնելով Տաթևը: Բայց այս պարագայում դեպի Գորիս գնացող Ճանապարհը երկարել է մոտ 30 կմ-ով: Իսկ նախկինում Գորիս գնում էինք Որոտանով, որը շատ կարճ էր»,- ասաց Դավիթ Բեկ համայնքի ղեկավարն ու հավելեց, որ Դավիթ Բեկից դեպի Գորիս գնացող կարճ ճանապարհ այս պահին չի կառուցվում և տեսանելի ապագայում էլ դժվար է պատկերացնել, թե որ հատվածով պետք է անցնի այդ ճանապարհը: 

 Նարա Մարտիրոսյան